ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք տանը թաքնվողներից չի եղել»

«Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք տանը թաքնվողներից չի եղել»
25.07.2014 | 00:50

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
(ՎՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության անդամ)

-Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հարցազրույցում վերստին ԲՀԿ-ին պաշտպանելու «գործն» է ստանձնել: Ինչո՞ւ է առաջին նախագահը բարոյական աջակցության տակ առել այս կուսակցությանը:
-Նախ՝ ես այդպես չեմ ընկալել Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, ինչպես Դուք եք ասում: Շատ վերլուծաբաններ այսօր կենտրոնացել են ոչ այնքան կարևոր խնդիրների վրա, որոնք Տեր-Պետրոսյանը ներկայացրել է: Առաջնայինը թողած խոսում են ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի` առաջին նախագահի գնահատականների մասին: ԲՀԿ-ն պաշտպանության կարիք չունի, կայացած քաղաքական ուժ է` ուժեղ լիդերով, որը շատ լավ գիտի իր անելիքները և ազնվորեն այդ գծի վրա է: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի կարծիքին, նա շատ լավ գիտի ռեժիմը, գիտի, թե ինչ մեթոդների է դիմելու, որպեսզի հերթական անգամ ԲՀԿ-ին ինչ-որ ձևով ճնշի, կորզի այն, ինչ իրեն պետք է այդ կուսակցությունից: Բայց ԲՀԿ-ն շատ լավ է հասկանում երկրում ստեղծված վիճակն ու այն առաջնահերթությունները, որոնք անհրաժեշտ են մեր երկրում որոշակի բարեփոխումներ իրականացնելու համար: Իսկ այդ շարքում սահմանադրական փոփոխությունները հաստատ առաջնային չեն:
-Բայց ԲՀԿ-ից ոչ մեկը չի բարձրաձայնում, որ իրենց «մտրակելու» միտումներ կան, կամ իշխանությունը պատրաստվում է շանտաժի ենթարկելու իրենց:
-Ես չգիտեմ՝ «մտրակվո՞ւմ» են, թե՞ ոչ, բայց չի բացառվում, որ կարող են մտրակվել: Հարցազրույցում ասվում է, որ իշխանությունը կսկսի նման կարգի մեթոդներ կիրառել ԲՀԿ-ի նկատմամբ: Գուցե Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ է, որ արդեն ինչ-որ բան սկսվել է: Ես չեմ կարող դա ո՛չ հաստատել, ո՛չ հերքել: ԲՀԿ-ն էլ կա՛մ կկարողանա դիմակայել այդ հարվածներին ու դրա համար է լռում, կամ էլ այդ հարվածները դեռ չեն սկսվել, որովհետև իշխանությունը դեռ ակնկալում է քաղաքական ուժերի աջակցությունը: Ակնհայտ է, սակայն, որ սահմանադրական բարեփոխումների առնչությամբ իրենք այդ աջակցությունը չեն ստանալու: Մեր երկրում խնդիրը Սահմանադրության մեջ չէ, ու դա չէ խոչընդոտը, որ մեզանում օրենքները չեն գործում:
-Չնայած Ձեր այդ համոզմունքին, քառյակում կան ուժեր, մասնավորապես ՀՅԴ-ն, որ կողմ են արտահայտվում բարեփոխումներին: Ի դեպ, Տեր-Պետրոսյանն էլ դա համարեց Սերժ Սարգսյանի «ճակատագրական» սխալը: Սահմանադրական բարեփոխումների առնչությամբ հետագայում հնարավո՞ր է, որ քառյակում ճաքեր առաջանան:
-Խորհրդարանական չորս խմբակցությունները տարբեր հարցերի առնչությամբ մշտապես տարակարծություններ ունեցել են և համագործակցել են այն հարցերում, որտեղ ընդհանրություններ են տեսել: Հստակ է մեկ բան՝ այս իշխանությունը երկիրը տանում է դեպի կործանում, ու մենք պետք է կարողանանք կանխել դա: Այս հարցում քառյակը միակարծիք է: Առանձին հարցերում հնարավոր է լինեն տարբեր մոտեցումներ, բայց դա չի նշանակում, որ ՀՅԴ-ն, որ սահմանադրական փոփոխությունների իր առաջարկներն է ներկայացրել, չմիանա այն քաղաքական ուժերին, որոնք կարծում են, որ այս էտապում պետք չեն սահմանադրական փոփոխություններ, քանի որ առաջնային այլ հարցեր կան:
-Աշնանը որոշակի սրացումների մասին էր ակնարկում Տեր-Պետրոսյանը: Դուք տեղյա՞կ եք, թե ինչ թեժացումների մասին է խոսքը:
-Ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանը, այլև մեր ողջ թիմը, այդ թվում՝ ՎՍԴՀԿ-ն, ՀԺԿ-ն, մյուս խմբակցությունները աշնանը շատ լուրջ զարգացումներ են տեսնում: Երկրում ստեղծված վիճակը բոլորիս պարտադրում է զգոն լինել: Տեսեք, թե ինչ է կատարվում Ղարաբաղի շուրջ, ինչպես է ձևակերպվում ԵՏՄ մեր անդամակցությունը: Սա արդեն առիթ է, որ շատ ակտիվ աշուն լինի Հայաստանում, որովհետև իսկապես վտանգված է Արցախը, և կարծես նրա շուրջն օղակը սեղմվում է: Կան ՄՄ-ում երկրներ, որոնք միանշանակ չեն վերաբերվում Հայաստանի անդամակցությանը և այդ ճանապարհին փորձելու են ինչ-որ կերպ գոհացնել Ադրբեջանին: Մենք շատ զգույշ և ուշիմ պիտի լինենք, որպեսզի դիմակայենք այդ մարտահրավերներին:
-Ակնկալվող ակտիվ գործընթացների մեջ կտեսնե՞նք Լևոն Տեր-Պետրոսյանին:
-Միանշանակ: Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք տանը թաքնվողներից չի եղել, անհրաժեշտ պահին միշտ ժողովրդի կողքին է եղել:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ