Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչպես ավարտել ղարաբաղյան պատերազմը

Ինչպես ավարտել  ղարաբաղյան պատերազմը
22.03.2013 | 00:06

Այս խորագրով մեր թերթը պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես համակարծիք չեմ Ձեր տեսակետին, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։

Սա մի խնդիր է, որ ձևով և բովանդակությամբ հրատապ ծառացած է Հայաստանի քաղաքական մտքի առաջ, բայց, ի ցավ մեզ և մեր երկրի, ոչ մի քաղաքական ուժ ոչ մի առիթով ամեն տեսակի ընտրություններից առաջ և ոչ էլ հետո չանդրադարձավ այս խնդրին: Պատճառը Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններն են, որոնք շարունակվում են գրեթե քսան տարի և ուղղված են հիմնականում ստատուս քվոյի պահպանմանը, ոչ թե հարցի լուծմանը: «Ոչ խաղաղություն-ոչ պատերազմ» իրավիճակը կարող է շարունակվել ևս քսան, երեսուն, քառասուն տարի` հսկայական նյութական, մարդկային, բարոյական ներուժ խլելով մեր ժողովրդից և պետությունից` շեղելով նրան երկրի զարգացման և այլ ազգային ու պետական խնդիրների լուծումից՝ երկրորդական պլան մղելով դրանք: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հայ քաղաքական միտքը որոնի, գերխնդիր և քաղաքական նպատակ դարձնի մի խնդրի լուծում, որը կոչվում է` «Ինչպես ավարտել ղարաբաղյան պատերազմը»: Ես չեմ օգտագործում «Արցախ» բառը, որովհետև միջազգային քաղաքական միտքն այն ընկալում է որպես ղարաբաղյան պատերազմ:

Հարցին պատասխանելուց առաջ պետք է վերլուծել և գտնել, թե ի՞նչ վերաբերմունք ունեն գերտերությունները, Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան ղարաբաղյան հակամարտության նկատմամբ և ինչ հեռակա խնդիրներ են լուծում նրանք` օգտագործելով սույն կոնֆլիկտային իրավիճակը իրենց պետությունների շահերին ծառայեցնելու տեսանկյունից:
Սկսենք ադրբեջանական և թուրքական քաղաքականությունից: Սա մի քաղաքականություն է, որը մշակված է Թուրքիայում և իրականացվում է Ադրբեջանի միջոցով: Սա այն մեծ խաղի մի դետալն է միայն, և այդ խաղի մեջ Ադրբեջանը միայն մանրադրամ է իր բանակով, պետականությամբ, նյութական և մարդկային ռեսուրսներով: Նշված միտքը հաստատվում է այն փաստով, որ պարտված երկիրը՝ Ադրբեջանը, պահանջում է Արցախի անվերապահ կապիտուլյացիա, ինչն ինքնին բանականությունից դուրս է: Նշված թեզը մշակված է Անկարայում և ոչ թե բխում է Ադրբեջանի շահերից, որը կարող է նոր պատերազմում լրիվ ջախջախվել, այլ այն հակահայկական խոր քաղաքականությունից, որը մշակել է Թուրքիան: Նպատակը մեկն է. Հայաստանին մշտապես պահել լարված վիճակում, առիթ ունենալով ռազմական ուղղակի միջամտության դիմելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտի դեպքում, փակ պահելու հայ-թուրքական սահմանը Հայաստանի տնտեսությունը թուլացնելու նպատակով:
Թուրքիան վարում է սառը պատերազմի քաղաքականություն Հայաստանի նկատմամբ:
Անկարան մշակել է «աքսիոմ քաղաքականություն», որի բնորոշումն է` ինչը վատ է Հայաստանի համար՝ լավ է Թուրքիայի համար: Կարևոր չէ, որ Թուրքիան դրանից շահի, կարևոր է, որ դրանից տուժի Հայաստանը:
Հիշենք այսօր կառուցվող Կարս-Թբիլիսի երկաթուղին, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, ապագայում կառուցվելիք «Նաբուկո» գազամուղը, որոնք բոլորը շրջանցում են Հայաստանը: Հիշենք 1918-1920 թվականներին Կարսի մարզի փոխարեն Վրաստանին տրված Աջարիայի Ինքնավարությունը, Ջավախքի երկրամասը, Ադրբեջանին նվիրաբերված Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, Արցախի Ինքնավար Մարզը, Հայաստանի հետ այսօր փակ թուրքական պետական սահմանը, Նախիջևանի և Աջարիայի կողմնորոշումներին միջամտելու, անմիջական ռազմական միջամտություն ցուցաբերելու Թուրքիայի պայմանագրային իրավունքները: Եվ վերջապես, այդ ամենի գլուխգործոցները՝ 1870-1923 թթ. ընթացող հայ ժողովրդի մեծ ու փոքր ցեղասպանությունները, 1921-ին կնքված ռուս-թուրքական Կարսի պայմանագիրը: Պայմանագիր, որը ամոթի խարան է Ռուսաստանի համար:
Եվ այս ամենի ֆոնի վրա ծիծաղելի է հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը, թեև դրա անհրաժեշտությունը կար՝ ցույց տալու Թուրքիայի իրական դեմքը: Շվեյցարիայում ստորագրված հայ-թուրքական չհաստատված արձանագրությունները մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ գերտերություններն ի վիճակի չեն Թուրքիային պարտադրելու ոչ թշնամական հարաբերություններ Հայաստանի հետ:
Թուրքիան ձգտում է անվնաս պահել իր և Ադրբեջանի ստեղծած «Թուրքական աքցանը» Հայաստանի համար: «Թուրքական աքցանի» երկու «բերանների» միացման կետը Վրաստանն է, որը լայնորեն օգտվում է Հայաստանի դեմ ուղղված թուրքական նախաձեռնություններից: Վրաստանը վարում է քողարկված հակահայկական քաղաքականություն: Մեր «ոխերիմ բարեկամները» ձգտում են մեզնից ստանալ առավելագույնը, օգտվելով մեր աշխարհագրական դիրքի թուլությունից, դեպի ծով ելք չունենալու իրականությունից, թուրքական քաղաքականությունից:
Վրաստանը թուրքական քաղաքականության գործիքն է Անդրկովկասում:
Սակայն ամենագլխավորը Ռուսաստանն է, որը վարում է և վարելու է խիստ հակասական քաղաքականություն: Նպատակ ունենալով ամբողջ Անդրկովկասը պահելու իր ազդեցության տակ, ռուսական քաղաքական վերնախավը մեկ անգամ չէ, որ վաճառքի է հանել իր դաշնակից Հայաստանի և հայ ժողովրդի շահերը: Դա արվել է և՛ ցարական Ռուսաստանի, և՛ բոլշևիկների, և՛ ժամանակակից Ռուսաստանի կողմից: Այժմ էլ նրանք փորձում են Լեռնային Ղարաբաղի և ազատագրված տարածքների հաշվին դիրքեր ձեռք բերել Ադրբեջանում: Ռուս քաղաքական գործիչները չեն հասկանում, որ պայթյուն առաջացնող երկու «քիմիական տարրերը»՝ Հայաստանը և Ադրբեջանը, չի կարելի միավորել: Այդ պայթյունից կարող է տուժել հենց փորձարկող «քիմիկոսը»՝ Ռուսաստանը: Ռուսաստանում չեն հասկանում հզոր բուֆերային պետության՝ Հայաստանի դերը Անդրկովկասում, և շարունակում են օգնել Թուրքիային, նրա հակահայկական քաղաքականության իրականացմանը` ինչ-որ ժամանակավոր շահերի համար:
Եվրասիական միություն: Ահա Ռուսաստանի բյուզանդական քաղաքականության նոր մոդելը, որը ծառայելու է Ռուսաստանի ինչ-ինչ գեոքաղաքական շահերին: Դա նոր՝ կապիտալիստական «Սովետական Միություն» է, որն անտեսելու է մեր ազգային և պետական շահերը, զրկելու է, ի վերջո, ազգային բանակից և սեփական դրամական միավորից, սեփական տնտեսությունը զարգացնելու հնարավորությունից և դարձնելու է Հայաստանը ռուսական ծայրամաս:
Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից այն կողմ չի կարող անցնել: Դա դեմ է մեր պետական և ազգային շահերին:
Ռուսական ամենամեծ դիվանագետը Գրիբոյեդովն է, որը հասկացավ հայկական տարրի դերը Անդրկովկասում և ամեն ինչ արեց այն ուժեղացնելու համար: Գրիբոյեդովի շնորհիվ է, որ Ռուսաստանը նրանից 200 տարի հետո էլ հենման կետ ունի Անդրկովկասում: Ավաղ, այսօր Ռուսաստանում չկան հայացքն ապագային ուղղած նման հզոր դիվանագետներ: Նման քաղաքականություն իրականացնողների բացակայությունը դժվարացնելու է մեր պետական ու ազգային գերխնդիրը՝ Անդրկովկասում հզոր և ընդարձակ հայկական պետության ստեղծումը:
Սակայն հայ և ռուս ժողովուրդները, հայկական և ռուսական պետություններն ունեն ընդհանուր շահեր և նպատակներ, և առանձին ռուս վայ-քաղաքական գործիչների ու խմբերի գոյությունը չի կարող խաթարել մեր ժողովուրդների բարեկամությունը, որովհետև դա կործանարար է երկու պետությունների համար:
Ի՞նչ վերաբերմունք ունեն ԱՄՆ-ը և Եվրամիությունը ղարաբաղյան խնդրի առնչությամբ: Նրանք նույնպես շահագրգռված են «ոչ խաղաղություն-ոչ պատերազմ» իրավիճակի պահպանմամբ, որպես միջոց ազդելու և միջամտելու տարածաշրջանի ներքին գործերին: Սակայն ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ նախապատրաստվող պատերազմի գործոնը կտրուկ փոխում է վերաբերմունքը ղարաբաղյան խնդրի առնչությամբ: ԱՄՆ-ը ձգտում է վերացնել այն բոլոր հնարավոր վտանգները, որոնք կարող են ծագել ՆԱՏՕ-Իրան ընդհարման արդյունքում: Մենք վկան ենք «արաբական գարնան», Սիրիայում ընթացող միջկրոնական բախման, Իսրայելի կողմից Պաղեստինում «Համաս» շարժմանը տրվող ռազմական հարվածներին, որոնք ուղղված են Իրանին օգնող և դաշնակից ուժերի թուլացմանն ու ոչնչացմանը: Այս պայմաններում ԱՄՆ-ը չի կարող անվերահսկելի թողնել Իրանի սահմանակից այնպիսի վտանգավոր գոտու առկայությունը, ինչպիսին հայ-ադրբեջանական հակամարտությունն է: Իսկապես, աշխարհում ամենալարված իրավիճակը գտնվում է այստեղ, որտեղ երկու բանակներ քսանհինգ տարի խրամատներում կանգնած են իրար դեմ: Եվ բավական է մի փոքրիկ կայծ, որ բռնկի մի պատերազմ, որի նմանը չի եղել Երկրորդ աշխարհամարտից հետո:
ԱՄՆ-ի համար նշանակություն չունի, թե ո՞վ և ինչպե՞ս կկանխարգելի հայ-ադրբեջանական կոնֆլիկտը: Կարևորը կոնֆլիկտի վերահսկողությունն է և խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտող ուժերի շփման գոտում: Այդ դերը ԱՄՆ-ը վստահել է Ռուսաստանին, քանի որ չի ցանկանում լրացուցիչ ուժեր և ժամանակ ծախսել խնդրի լուծման վրա: Բայց քանի որ թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերը դեմ են ցանկացած խաղաղապահ ուժերի տեղակայմանը՝ զգուշանալով, որ նշված ուժերը կարող են «կշեռքի նժարը» թեքել ի վնաս իրենց, գերտերությունները մտածել են մի փոքրիկ քաղաքական խաղ: Այդ խաղի իմաստն այն է, որ սկսվում է պատերազմ երկու կողմերի միջև, և միջազգային խաղաղապահ ուժերը, առանց հարցնելու երկու կողմերի կարծիքը, մտնում են տարածաշրջան և կանգնում երկու բանակների միջև, դադարեցնելով պատերազմը միջազգային կարծիքի ճնշման տակ: Այսպիսով, կանխվում է Մեծ պատերազմը Փոքր պատերազմի միջոցով: Փոքր պատերազմը կարող է տևել մեկ շաբաթ` պլյուս-մինուս մի քանի օր: Այդ «մեկ շաբաթ պլյուս-մինուս մի քանի օրը» կարող է վճռական դառնալ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի համար` կարևոր կենսական խնդիրներ լուծելու առումով, քանի որ գերտերությունների համար նշանակություն չունի որևէ կողմի հաղթանակը կամ պարտությունը:
Ադրբեջանը, անշուշտ, կփորձի օգտվել իրեն տրված հնարավորությունից՝ ուժով մեկընդմիշտ լուծելու Լեռնային Ղարաբաղի տարածքը իրեն վերադարձնելու հարցը, և խրամատային հրադադարը կվերածվի «տաք պատերազմի»:
Ի՞նչ պետք է անի Հայաստանը, և ո՞ր պետական ազգային շահն է, որ կարող է լուծել մեր երկիրը ստեղծված պայմաններում:
Աստված և պատմությունը մեզ տվել են եզակի հնարավորություն՝ մեկ շաբաթ պլյուս-մինուս մի քանի օր, լուծելու իր օգտին պետական, ազգային և ապագային ուղղված ամենակարևոր խնդիրները ռազմական ճանապարհով, եթե Ադրբեջանը դիմի արկածախնդրության և պատերազմ հայտարարի Հայաստանին: Եզակի հնարավորություն, երբ գերտերությունների համար մեկ է, թե ով կհաղթի այդ պատերազմում: Եզակի հնարավորություն, երբ Հայաստանը հնարավորություն կստանա մեկ հարվածով հարյուր տարի իր շուրջը հյուսվող թուրքական «սարդոստայնը» պատռելու և թուրքական բոլոր պլանները ոչնչացնելու: Աստված և պատմությունը մեզ չեն ների, եթե վճռականություն չցուցաբերենք և, ավելորդ զգուշավորությամբ տարված, մահացու հարված չհասցնենք Ադրբեջանին: Խաղաղությունը պարտադրվում է զենքով և հաղթանակով:
Որո՞նք են այն քաղաքական առաջնահերթությունները, որոնք պետք է լուծի Հայաստանը` որպես իր առջև ծառացած քաղաքական խնդիր: Դրանցից առաջինը Նախիջևանի «նվիրաբերված տարածքի» վերադարձն է Հայաստանին: Նախիջևանը ԽՍՀՄ փլուզումից հետո փաստացի դարձել է թուրքական պետության մի մասնիկ հայկական հանրապետության սրտում, թարախապալար, որից անհրաժեշտ է շտապ ազատվել, որպեսզի չվարակվի մեր երկիրը:
Առանց Նախիջևանի ազատագրման Հայաստանի երրորդ Հանրապետությունը գոյություն ունենալ չի կարող: Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում պետք է ստեղծվի երրորդ հայկական հանրապետություն: Դա հնարավորություն կտա երկաթուղային կապ հաստատելու հանրապետության հյուսիսի և հարավի, Իրանի և ամբողջ Մերձավոր Արևելքի միջև: Ճիշտ է, Նախիջևանի տարածքում են գտնվում թուրքական ռազմական ուժեր, որոնք ադրբեջանական զինված ուժերի հետ մի ամբողջություն են կազմում, սակայն հենց դա է խնդիրը, որ պետք է լուծի հայկական բանակը Եղեռնի 100-ամյակին ընդառաջ:
Աստված և պատմությունը Նախիջևանի դաշտն են ընտրել հայկական և թուրքական բանակների հանդիպման վայր, որտեղ մեր տարած հաղթանակը և ջախջախված թուրքական զինված ուժերը կլինեն լավագույն նվերը 1915 թվականի մեր անմեղ զոհերի հիշատակին: Գերի թուրք զինվորների շքերթը ապրիլի 23-ին Երևանի փողոցներով աշխարհի հզորներին կհիշեցնի, որ մենք խեղճ խնդրարկուներ չենք եղեռնի ճանաչման հարցում, և Հայկական մեծ եղեռնի միջազգային չճանաչումը կարող է բերել շատ տխուր միջազգային զարգացումների:
Մենք դա կարո՛ղ ենք անել: Մենք դրա համար ունենք անհրաժեշտ ուժ և հնարավորություն:
Երկրորդ խնդիրը հյուսիսային Արցախի ազատագրումն է: Նոր սահմանները Արցախի և Ադրբեջանի միջև պետք է անցնեն Իորի գետով, Մինգեչաուրի ջրամբարով, Կուրպ և Արաքս գետերով: Պետք է տիրապետել մայրուղիները և խաչմերուկները, երկաթուղային ճանապարհները, խողովակաշարերը, որպեսզի կարողանանք պարտադրել խաղաղություն: Անդրկովկասը շատ փոքր տարածք է ժամանակակից պատերազմ մղելու համար, և ընդամենը մի քանի ժամ է պետք Բաքվի մատույցներում հայկական տանկերի հայտնվելու և խուճապահար ադրբեջանական կառավարության Միլի մեջլիսին խաղաղության և մեզ անհրաժեշտ զիջումների փաստաթղթերը պարտադրելու և ստանալու համար: Դրանից հետո գերտերությունների բոլոր «խաղերը» և ցանկությունները հավասարվում են զրոյի:
Բացի դրանից, գերտերությունները մի շատ հիանալի հատկանիշ ունեն: Եթե նոր ստեղծված իրադրությունը իրենց համար ավելի ձեռնտու է, քան նախորդը, նրանք խոսում են, բայց գործնական ոչինչ չեն անում` հաստատելով քաղաքական նույն իրավիճակի գոյությունը:
Ո՞րն է նոր իրավիճակում գերտերությունների շահը:
Դա Արցախի և Ռուսաստանի միջև սեղմված Ադրբեջանն է, որը հարկադրաբար ավելի զիջող կլինի Ռուսաստանի նկատմամբ: Դա Թուրքիային կոնկրետ փոքրիկ ռազմական հարված հասցրած և ընդարձակված Հայաստանն է, որը ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին անուղղակիորեն օգնում է զսպելու Թուրքիային և իրենցից ավելի մեծ կախման մեջ դնելու: Աշխարհում ավելանալու է Հայաստանի նկատմամբ հարգանք տածող պետությունների քանակը: Հայաստանը և Արցախը ստանալու են այդքան երազած խաղաղությունը: ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ձեռքերը ազատվում են Իրանին ռազմական հարված հասցնելու համար և այլն:
Առայժմ` այսքանը:
Ես պատերազմ չեմ առաջարկում:
Ես առաջարկում եմ ավարտել 1988 թվականից ձգձգվող պատերազմը` ամեն օր խրամատներում անիմաստ կերպով դիպուկահարների կրակոցներից զոհվող մեր երիտասարդների կյանքը փրկելու համար:
Լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Խաղաղությո՞ւն ես ուզում, պատրաստվիր պատերազմի:
Ինձնից առաջ շատ ավելի խելացի մարդիկ են ասել և կտակել բոլոր ժամանակներին: Մեզ մնում է օգտվել նրանց փորձից:

Սերգեյ ՎԱՐՈՍՅԱՆ
Գյումրի

Դիտվել է՝ 3135

Մեկնաբանություններ