BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Վիրտուալ վտանգները միայն պատահական հանդիպումներով չէ, որ սահմանափակվում են

Վիրտուալ վտանգները միայն պատահական հանդիպումներով չէ, որ սահմանափակվում են
03.04.2013 | 17:49

Այսօր համակարգիչն ու համացանցը մեր կյանքի անբաժանելի մասն են դարձել: Դրանք ոմանց համար միայնությունն ու ձանձրույթը սփոփելու միջոց են, ոմանց կյանքում էլ երբեմն ճակատագրական հետևանքներ են թողնում: Մասնագետները կարծում են` եթե դեռահասը համակարգչի առջև անց է կացնում երկու և ավելի ժամ, դա արդեն լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:
Անչափահասները գրանցվում են սոցցանցերում կեղծանուններով, սխալ են նշում իրենց տարիքը, տվյալները, ինչը մեծացնում է վտանգի, նույնիսկ քրեական պատմությունների մեջ ընկնելու հավանականությունը: «Ոչ օրենսդրությունը, և ոչ էլ սոցցանցերը չեն կարող վերահսկել կամ սահմանափակել անչափահասների մուտքը սոցցանցեր: Այստեղ միակ դերը մնում է ընտանիքին: Ծնողները պետք է տեղյակ լինեն երեխաների՝ սոցցանցերում գրանցված լինելու և այն ամենին, ինչ անում են նրանք: Պետք չէ նրանց արգելել, քանի որ դա հակառակ ազդեցությունը կունենա, պարզապես պետք է վերահսկել, որպեսզի երեխան պատմությունների մեջ չընկնի»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց հոգեբան Խաչատուր ԳԱՍՊԱՐՅԱՆԸ:
Համակարգիչը, ըստ հոգեբանի, առավել ևս խաղերն ու սոցցանցերը, անչափահասների մոտ առաջացնում են իրականությունից մեկուսանալու ձգտում, ազդում են ոչ միայն հոգեկան աշխարհի, այլև ընդհանուր առողջության վրա: Համացանցում իրենց երազած կերպարով ներկայանալու պատճառներից մեկը, ինչպես հոգեբանն է փաստում, բարդույթն է: «Բարդույթները` բարդույթներ, սակայն վիրտուալ վտանգները միայն վիրտուալ բարդույթներով կամ պատահական հանդիպումներով չէ, որ սահմանափակվում են»,-ասաց նա, նշելով, որ այսօր պատանիները զոհ են գնում այս կամ այն սեռական ծառայություններ մատուցող կամ կրոնական կազմակերպություններին: «Համացանցում կան ավելի մեծ վտանգներ, քան կարծում ենք: Վերջին շրջանում հատկապես ակտիվ են սատանիստական կազմակերպությունները, որոնք դեռահասների մոտ որոշակի շեղումներ են առաջացնում: Այսօր կան կայքեր, որտեղ ակտիվ են սատանիստներն ու էմոները: Այդ կազմակերպությունների հոսանքի տակ ընկած պատանիների մոտ առավել նկատելի են հոգեկան շեղումները: Նման պատանիներն ավելի հաճախ են դիմում ինքնասպանության»,-տեղեկացրեց բանախոսը` նշելով, որ համացանցն ու համակարգիչները երիտասարդների մոտ առաջանցում են նաև մոլի կախվածություն թմրամոլությունից, խաղամոլությունից, կլեպտոմանիայից և այլ մոլագար սովորություններից. «Եթե մի մարդ ինչ-որ բանի նկատմամբ մոլի հակում ունի ավելի քան հինգ տարի, այդ հակվածությունից նրան կտրելն էլ ավելի բարդ է դառնում»: Նա նշեց, որ թեև չկան ստույգ վիճակագրական տվյալներ, սակայն կարելի է ենթադրել, որ տարեցտարի համացանցում ավելանում է պատանիների ներգրավվածությունը` 17-22 տոկոսով:
Երեխային համացանցից հեռու պահելու համար Խաչատուր Գասպարյանը ծնողներին խորհուրդ տվեց ոչ թե կտրուկ միջոցների դիմել, ինչը ոչնչով չի օգնի, այլ հակառակը` պայքարել աստիճանաբար: «Կտրուկ քայլերը ծնողի նկատմամբ անվստահություն կառաջացնեն, և երեխայի մոտ առաջ կգա ագրեսիա: Պետք է սիրով և համոզելով երեխային աջակցել, որպեսզի նա հեռու մնա ցանկացած համացանցային վտանգից»,- նշեց հոգեբանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2823

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ