Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նոբելյան մրցանակների ռեկորդները և զավեշտները

Նոբելյան մրցանակների ռեկորդները և զավեշտները
30.09.2014 | 12:34

Ալֆրեդ Նոբելի ազգականները հուսահատության մեջ էին, երբ պարզվեց, որ նա ամբողջ կարողությունը կտակել է հիմնադրամին: Նրանք կտակը վիճարկելու փորձեր արեցին: Այդ պատճառով միայն 1901-ին, Ալֆրեդ Նոբելի մահից հինգ տարի անց, առաջին անգամ շնորհվեց նրա անվան մրցանակը: Նոբելյան մրցանակի առաջադրել կարելի է միայն ողջ մարդու, սակայն երկու անգամ մրցանակը շնորհվել է հետմահու՝ խաղաղության Նոբելյան մրցանակը 1961-ին տրվել է Դագ Համերշելդին, իսկ գրականության մրցանակը 1931-ին՝ Էրիկ Ակսել Կարլֆելդին:
Երկուսն էլ մրցանակի ներկայացվել են կենդանության օրոք, բայց մրցանակը ստանալու ժամանակ արդեն վախճանվել էին: 1974-ին որոշում կայացվեց հետմահու մրցանակ չտալ: Այնուամենայնիվ, 2011-ին Նոբելյան մրցանակը նորից հանգուցյալի շնորհվեց: Երբ հանձնաժողովը կարդում էր բժշկության ոլորտում մրցանակի դափնեկիր Ռալֆ Ստայնմանի անունը, դեռ հայտնի չէր, որ նա երեք օր առաջ վախճանվել է: Մրցանակը տրվեց ժառանգներին:
Չորս գիտնականներ դարձել են Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիրներ: Ամերիկացի ֆիզիկոս Ջոն Բարդինը առաջին մրցանակը ստացել է 1956-ին տրանզիստորի գյուտի համար, երկրորդը՝ 1972-ին, գերանցանելիության տեսության համար: Անգլիացի Ֆրեդերիկ Սենգերին առաջին մրցանակը տրվել է1958-ին ինսուլինի բանաձևի համար, երկրորդը՝ 1980-ին նուկլեինային թթուների բիոքիմիական հատկությունների ուսումնասիրության, մասնավորապես ԴՆԹ-ի համար: Ամերիկացի քիմիկոս Լայնուս Կառլ Պոլինգը առաջին մրցանակը ստացել է 1954-ին քիմիայի բնագավառում, իսկ 1962-ին ստացել է խաղաղության Նոբելյան մրցանակ:
Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր ամենահայտնի կինը Մարիա Կյուրին է: 1903-ին նա ստացել է մրցանակը ֆիզիկայի բնագավառում՝ ճառագայթման բացահայտման համար, իսկ 1911-ին քիմիայի՝ ռադիումի և պոլոնիումի տարրերի հայտնագործման: Կանայք ստացել են Նոբելյան 44 մրցանակ, բնագիտությունից՝ 16-ը, որ ընդհանուր թվի երեք տոկոսն է: Երկու կին ստացել են ֆիզիկայի բնագավառում, չորսը՝ քիմիայի, տասը՝ բժշկության:
Նոբելյան մրցանակներից նաև հրաժարվել են: Խաղաղության մրցանակից Լե Դիխ Տխոն, գրականության մրցանակից Ժան Պոլ Սարտրը և Բորիս Պաստեռնակը: Սարտրը չէր ցանկանում պաշտոնական արարողություններ, Պաստեռնակին ստիպեց կոմունիստական կուսակցությունը, Լե Դիխ Տխոն 1973-ին իր հրաժարումը պատճառաբանեց քաղաքացիական պատերազմով Վիետնամում: Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստների իշխանության տարիներին գիտնականներին արգելված էր Նոբելյան մրցանակ ընդունել: 1938-ին ու 1939-ին առանց մրցանակի մնացին քիմիկոսներ Ռիխարդ Կունը և Ադոլֆ Բուտենանդը, բժիշկ Գերհարդ Դոմագկը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նրանք ստացան դիպլոմները, բայց ոչ պարգևավճարը:
Ֆիզիկայի, քիմիայի, բժշկության բնագավառներում Նոբելյան մրցանակների 43 տոկոսը ստացել են ամերիկացիները: Ֆիզիկայի ու քիմիայի ոլորտներում երկրորդը գերմանացիներն են, երրորդը՝ անգլիացիները: Բժշկության ոլորտում հակառակ դասավորությունն է, չորրորդը ֆրանսիացիներն են:
Առավել հաճախ Նոբելյան մրցանակ ստացել են մայիսի 21-ին և փետրվարի 28-ին ծնվածները: Բոլոր վեց անվանակարգերում Նոբելյան մրցանակակիրների միջին տարիքը 59-ն է, բնագիտության ասպարեզում՝ քիչ ավելի երիտասարդ: Քիմիկոսները և ֆիզիկոսները՝ 57, բժիշկները՝ 55: Նոբելյան մրցանակ ստացած ամենաերիտասարդ գիտականը եղել է 1915-ին 25-ամյա ֆիզիկոս ՈՒիլյամ Լորենս Բրեգտը: Ամենատարեցը՝ Լեոնիդ Գուրվիցը (2007) և Լլոյդ Ստաուետլ Շեպլին (2012): Երբ նրանց էկոնոմիկայի բնագավառի Նոբելյան մրցանակ էին հանձնում, նրանք 90 և 89 տարեկան էին:


"Deutsche Welle"

Դիտվել է՝ 4897

Մեկնաբանություններ