ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Սերժ Սարգսյան․Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև կա պետություն

Սերժ Սարգսյան․Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև կա պետություն
28.05.2016 | 23:51

«1918 թվականին «Մայիսի 28» կերտողները կարող էին միայն երազել նման կանոնավոր բանակ և նման նոր սերունդ տեսնելու մասին: Մենք դա տեսանք»,- Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Հանրապետության տոնի առթիվ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ այս տոնը Հայաստանի համար առաջին հերթին փրկության տոն է:


«Մենք փրկեցինք մեր վերջին հողակտորը և այդ հողակտորի վրա մնացած մեր ժողովրդի վերջին բեկորները: Որքան էլ ծանր է խոստովանել, բայց դա էր իրականությունը: Հուսահատության և արնաքամության եզրին կանգնած հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ՝ մի վերջին գերբնական ճիգով կանգնելու թշնամու դեմ, հաղթելու և հետ շպրտելու նրան: Մայիսյան հերոսամարտերը և դրանց հաղթական ելքը շատերը զարմանալի հրաշք էին անվանում: Մենք հաղթեցինք, մենք ապրեցինք և մենք ազատագրվեցինք: Մեր անկախությունն ու պետականությունը մեզ ոչ ոք չի նվիրել: Մենք դրա համար վճարել ենք այնքան, որքան թերևս ոչ ոք չի վճարել: Մենք դա արել ենք մենակ, ավելին՝ մենք դա արել ենք ի հեճուկս ճակատագրի հարվածների»,- ասել է Սարգսյանը: Անդրադառնալով ապրիլի սկզբին ծավալված ռազմական գործողություններին, նախագահն ասել է, որ այդ իրադարձություններն ավելի տեսանելի դարձրին մի շարք իրողություններ՝ «Թե լավ, թե վատ, թե մեր ներսում, թե մեր շուրջը»: Սարգսյանն ընդգծել է, որ իր համար ամենակարևորը նոր սերունդն է՝ անկախության սերունդը, որը բոլորին ցույց տվեց, որ ինքն է իսկապես տերն ու պատասխանատուն իր երկրի:

«Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև մեծ հաշվով դա հուսահատական պատերազմ էր: Այնտեղ կռվողներն արդեն չգիտեին, թե ինչ երկրի քաղաքացի են, կամ քաղաքացի՞ են արդյոք: Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև կա պետություն: Կա անկախության սերունդ, որ ուզում է քայլել ժամանակակից աշխարհին համընթաց և քայլելու է: Անկախության սերունդ, որ ուզում է քայլեցնել իր երկիրն առաջ և քայլեցնելու է: Անկախության սերունդ, որ բոլորից ճիշտ է հասկացել մայիսի 28-ի պատգամը: Դա արգասիքն է այն իրողության, որ նրանց ընտանիքներում ու դպրոցներում նույնպես ճիշտ են հասկացել մայիսի 28-ի պատգամը: Մենք՝ որպես պետություն, որպես ազգ և հասարակություն ճիշտ ենք հասկացել մայիսի 28-ի պատգամը»,- ասել է Հայաստանի նախագահը:


Սարդարապատի հուշահամալիրում վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում մայիսյան հաղթանակներից խոսելուց բացի անդրադարձել է երկրի տնտեսական վիճակին: Վարչապետը չի բացառել, որ կառավարությունում պաշտոնանկություններ կլինեն, եթե գործադիր մարմինը չկարողանա կատարել իր հանձնարարականները։ «Ամեն ինչ կհասցնենք, բոլորին շնորհավորում եմ, հայ ժողովրդի համար մայիս ամիսը հաղթանակների ամիս է։ Ինչ վերաբերում է տնտեսական բարեփոխումներին, օպտիմալացմանը և այլն, մենք ժամանակի ընթացքում իրականացնելու ենք, միայն առաջ: Կառավարությունն իր գործը պետք է անի, որպեսզի հասարակությունը հավատա»,- ասել է Աբրահամյանը։

Դիտվել է՝ 2263

Մեկնաբանություններ