Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ՈՒզում եմ՝ աշխարհում խաղաղություն լինի, բոլոր մարդիկ վերադառնան իրենց տները»

«ՈՒզում եմ՝ աշխարհում խաղաղություն լինի, բոլոր մարդիկ վերադառնան իրենց տները»
03.06.2016 | 03:36

ՀՀ կառավարության ծրագրում ներառված «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման փորձնական ծրագիրը մեկնարկել է 2015-ին։ Ծրագրին մասնակցել է Տավուշի, Սյունիքի, Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի սահմանապահ համայնքների և Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզերի հիմնական դպրոցների միջին դասարանների շուրջ 3000 աշակերտ։ Մասնակիցներին պարբերաբար միացել են Երևանի հանրակրթական դպրոցների աշակերտներ, ինչպես նաև սիրիահայ երեխաներ և մանկատների սաներ՝ Երևանից ու Գավառից: Երեխաներն այցելել են մի շարք թանգարաններ, դիտել ներկայացումներ ու ֆիլմեր, ունկնդրել համերգներ: Կազմակերպվել են նաև գիտաճանաչողական այցեր` Ծիծեռնակաբերդ, «Մայր Հայաստան» հուշահամալիրներ, Կոմիտասի անվան պանթեոն:


Հաշվի առնելով ծրագրի դրական արձագանքները և ապրիլյան քառօրյա պատերազմից հետո երեխաների հոգեվիճակի կայունացման անհրաժեշտությունը՝ 2016-ին նախատեսվել է նաև ԼՂՀ-ի, հատկապես՝ Թալիշի, Մարտակերտի, Մատաղիսի դպրոցականների մասնակցությունը ծրագրին: Այս տարի նույնպես ծրագիրը կիրականացվի երկու փուլով՝ հունիս և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:


ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ փոխանցմամբ` ծրագիրը շարունակական է լինելու: Փոխնախարարը ուրախալի է համարում այն, որ արցախցի երեխաները ծանոթանում են քաղաքամայր Երևանին, այցելում մշակութային օջախներ, շփվում Հայաստանի տարբեր մարզերից եկած իրենց տարեկիցների հետ:
Ծրագրի մեկնարկից առաջ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում երեխաները ներկա գտնվեցին «Հայկական ֆոլկլորային երաժշտության համույթի» համերգին:
Հայպետֆիլհարմոնիայի տնօրեն ԳԱԳԻԿ ՄԱՆԱՍՅԱՆԸ նշեց, որ բաժանել են թերթիկներ, որտեղ երեխաները գրում են` ինչ կուզենային հաջորդ անգամ տեսնել, որտեղ էր ավելի լավ, որ թանգարանում կամ համերգասրահում թերություններ տեսան: Ծրագիրն այնպես է կազմակերպված, որ երեխաները ծանոթանան մշակույթի բոլոր բնագավառներին, այդ թվում` օպերային թատրոնին: Ավելին, երեխաներին հնարավորություն է ընձեռվել ներկա գտնվելու հետնաբեմի անցուդարձին, տեսնելու` ինչպես են հագնվում դերասանները, ինչպես են բեմ դուրս գալիս, ինչպես են դիմահարդարվում, որտեղ են հավաքվում երաժիշտները և այլն:
Հայպետֆիլհարմոնիայի տնօրենն ասաց նաև, որ երեխաների զգալի մասը թերթիկներում նշել է, որ ուզում է գազանանոց այցելել: Կազմակերպիչները, ընդառաջելով երեխաների ցանկությանը, միջոցառումների ցանկում ներառել են նաև այցելություն Երևանի կենդանաբանական այգի:


Մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ ԱՐՄԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀ մարզերի հեռավոր շրջանների և ԼՂՀ-ի երեխաները գիշերում են մայրաքաղաքում: Աբոնեմենտի, օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը հոգում է մշակույթի նախարարությունը, իսկ տրանսպորտային ծախսերը` մարզից Երևան և հակառակ ուղղությամբ, հոգում են մարզպետարանները: Արցախցիների պարագայում տրանսպորտային ծախսերը նույնպես ստանձնել է մշակույթի նախարարությունը:


«Ծրագիրը բավականին ծավալուն է և, հաշվի առնելով դրական արձագանքները, լինելու է շարունակական, ինչպես նաև նախատեսվում է տարեցտարի ընդլայնել երեխաների տարիքային խմբերը»,- հավելեց զրուցակիցս, նշելով, որ երեխաների համար ծրագիրը բավականին հագեցած է՝ համերգային ծրագիր, այց թանգարաններ, օպերա: Միայն մուտքը Օպերայի շենք արդեն նրանց համար իրադարձություն է:
Արմինե Խաչատրյանը կարևորում է արցախցի երեխաների այցը, հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո երեխաների հոգեվիճակի կայունացման անհրաժեշտությունը: Նրանք մի փոքր առանձնանում են իրենց տարեկիցներից, շատ ավելի հասուն են թվում իրենց տարիքից: Եկող տարի նույնպես կփորձեն ընդգրկել արցախցիներին: Այս տարի ծրագրին կմասնակցի շուրջ 2000 երեխա:


«Իրատեսը» զրուցեց նաև ծրագրի մասնակից երեխաներից մեկի` ԱՆԻ ՍԱՐՅԱՆԻ հետ: Անին ասաց, որ ապրել է Մատաղիսում, բայց ապրիլի 2-ի ռմբակոծությունից հետո ընտանիքով տեղափոխվել են Ստեփանակերտ, բացառությամբ հայրիկի: Հայրը` Դավիթ Սարյանը, ծառայում է զինված ուժերում: Ապրիլյան դեպքերի ժամանակ վիրավորվել է և ներկայումս բուժվում է Երևանում:
«Մեզ ավտոբուսներով տեղափոխեցին»,- ասում է Անին: Շա՞տ վախեցաք` հարցնում եմ: «Վախեցանք, բա ի՞նչ»,- ժպտում է, իսկ աչքերում հիշողության սարսափն է: «Վերադառնալո՞ւ եք»,- հարցնում եմ: «Վերադառնալու ենք, բա ի՞նչ, մեր գյուղը թողնելու ենք, գնանք ուրիշ տե՞ղ»:


Անին սովորում է 7-րդ դասարանում, ուզում է դառնալ բժիշկ` վիրավորներին օգնելու, բուժելու համար: Հաճա՞խ ես զինվորական հագուստ կրում` հետաքրքրվում եմ` ակնարկելով զինվորական վերնազգեստը: «Հա,- ասում է ու վրա բերում,- համ ուզում եմ զինվորական դառնալ, համ բժիշկ, չգիտեմ...»: «Գուցե երկուսն էլ ընտրե՞ս, ասենք` զինվորական բժիշկ»,- հուշում եմ: Գլխով է անում` համաձայն է: Ծնողներն էլ, նրա խոսքով, դեմ չեն: «Ի՞նչն է դուր եկել քեզ մշակութային այս անցուդարձի մեջ» հարցին ի պատասխան ասում է. «Ինձ դուր եկավ, որ մարդիկ բարի էին մեր նկատմամբ»: Երևանն էլ, ըստ նրա, սիրուն քաղաք է: Աղջնակը մի երազանք ունի. «ՈՒզում եմ՝ աշխարհում խաղաղություն լինի, բոլոր մարդիկ վերադառնան իրենց տները»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ