Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ամենայն Հայոց կաթողիկոսը մասնակցել է Գևորգյան ճեմարանի նոր ուսումնական տարվա բացման արարողությանը

Ամենայն Հայոց կաթողիկոսը մասնակցել է Գևորգյան ճեմարանի նոր ուսումնական տարվա բացման արարողությանը
10.09.2016 | 23:30

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սեպտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել ճեմարանի 2016-2017 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական ու դասախոսական անձնակազմը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները և այլ հրավիրյալներ: Միջոցառումը բացվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո կատարվեց ուսանողների օրհնության կարգ:


ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերից հետո 2016-2017 թթ. ուսումնական տարվա կապակցությամբ ներկաներին իր խոսքն ուղղեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:


«Այսօր մենք` ճեմարանականներս, այստեղ ենք եկել` հայցելու Հայոց Հայրապետի օրհնությունը և հաստատելու մեր պատրաստակամությունը` լծվելու աշխատանքի և ուսման, որ ի լրումն ժամանակի պիտի վերածվի ու թարգմանվի ծառայության:
Այս ամենն իրականացնելու համար մեզ առաջիկա տարվա ընթացքում սպասում են մի շարք ծրագրեր, որոնց իրագործումը, հուսով ենք, էլ առավել պիտի զարգացնի ճեմարանի կրթական մակարդակը:
…Հուսով ենք, որ Աստծո ողորմությամբ կկարողանանք իրականացնել մեր առջև դրված նպատակները, ինչի շնորհիվ Գևորգյան հոգևոր ճեմարանը պետք է շարունակի մնալ Հայ առաքելական սուրբ եկեղեցու ճրագն հանդիսացող աչքը, որը պետք է լուսավորի ամբողջ մարմինը հանդիսացող եկեղեցին: Մեր համատեղ ջանքերով Գևորգյան հոգևոր ճեմարանը պետք է վերածվի մի կենդանի բարբառի, որը պետք է հուզի մարդկանց սրտերը, քրիստոնեական ոգին արծարծի` լիացած Ազգային Եկեղեցու սրբության վեհ սկզբունքներով»,- ասաց տեսուչ Հայր Սուրբը:


2016-2017 թթ. ուսումնական տարվա ծրագրերի իրականացումն սկսվել է դեռևս ամռանը, ճեմարանի գիտական խորհրդում քննարկվել են մի շարք ծրագրեր, որոնք նպատակ ունեն զարկ տալու ուսումնական գործընթացի զարգացմանը: Այդ կարևոր ծրագրերից է Գևորգյան հոգևոր ճեմարանի կրթության վերածումը երկաստիճանից եռաստիճանի, ինչը շրջանավարտներին հնարավորություն կընձեռի պաշտպանելու թեկնածուական ատենախոսություններ և ստանալու աստվածաբանության թեկնածուի աստիճան: Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ և հովանավորությամբ ստեղծվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի գիտական խորհրդին կից գործող աստիճանաշնորհման մասնագիտական հանձնաժողով, որի կազմում են Հայաստանի և արտերկրի հայագետներ, պատմության և աստվածաբանության դոկտորներ: Հայր Գարեգինը տեղեկացրեց նաև, որ առաջիկա տարում հրավիրվելու են մի շարք գիտաժողովներ աստվածաբանության, Սուրբ գրքի, պատմության և այլ բնագավառներում: Հոկտեմբերի 6-8-ին կանցկացվի Աստվածաշնչագիտական միջազգային գիտաժողովը՝ նվիրված Ոսկան Երևանցու տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին:
Գիտական կյանքը զարգացնելու համար նախատեսվում են մի շարք հրատարակություններ, կկազմակերպվեն արտերկրից և Հայաստանից հրավիրված մեծանուն գիտնականների դասախոսություններ, այլ ուսումնական հաստատությունների ուսանողների հետ համատեղ հանդիպումներ և քննարկումներ: Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կոնֆերանսների համար անհրաժեշտ տեխնիկայով վերազինված ընթերցասրահը` Կոմիտասի դահլիճը, կդառնա նոր ու զարգացած ռեսուրսների կիրառմամբ սեմինար պարապմունքների ու արտադասարանային հանդիպումների կենտրոն:


Հանդիսությունն ամփոփվել է Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը, ողջունելով հոգևոր-կրթական հաստատության տարեմուտը, հույս հայտնեց, որ 2016-2017 թթ. տարին կլինի բարեբեր ու արդյունավոր և կպարգևի արժանավոր շրջանավարտներ, Քրիստոսի լույս հավատքով զինված և հայրենիքի սիրով վառված անձեր, ովքեր կհամալրեն եկեղեցականների շարքերը: Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաև Արցախ կատարած այցին, ի մասնավորի` արցախահայության և Հայոց բանակի զինվորների քաջարի ոգուն և զորեղ հավատին: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ այդ ոգու ձևավորման մեջ իր մասնաբաժինն ունի նաև Հայոց Եկեղեցին` թեմերում սպասավորող հոգևորականներով և բանակում իրենց նվիրյալ ծառայությունն իրականացնող գնդերեցներով: Կարևորելով եկեղեցականի նկարագրի կերտման գործում մեծ առաքելություն ունեցող ճեմարանի գործունեությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարի ընթացք մաղթեց հոգևոր-կրթական հաստատություններին:

Հայրապետը հայցեց, որ Տերը լուսավորի ճեմարանականների միտքը, զորացնի ոգին ու նախանձախնդրությունը` բարի արգասիքներով արդյունավորելու և նոր ձեռքբերումներով պսակելու իրենց ուսումնառությունը: Տարեմուտի հանդիսությունը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով և Հայրապետական մաղթերգով: Այս տարի Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատություններ ընդունվել է 72 սան, որոնցից 14-ը` Գևորգյան ճեմարան, 25-ը՝ Վազգենյան դպրանոց և 21-ը Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան: Քահանայից պատրաստման լսարանը համալրվել է 12 ուսանողներով:

Դիտվել է՝ 2281

Մեկնաբանություններ