Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանի նախագահն ընդունել է Մալթայի ՈՒխտի արքայազնին

Հայաստանի նախագահն ընդունել է Մալթայի ՈՒխտի արքայազնին
24.10.2016 | 17:25

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով շաբաթ երեկոյան պետական այցով Հայաստան է ժամանել Մալթայի Ինքնիշխան Մարտական ՈՒխտի արքայազն և Մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը: Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ֆրա Մեթյու Ֆեսթինգի և նրա գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի նախագահի և Մեծ վարպետի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:


«Ես առանձնակի ջերմությամբ եմ ողջունում Ձեզ Հայաստանում: Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած հարգարժան պատվիրակությանը: Մալթայի Ինքնիշխան Մարտական ՈՒխտի Մեծ վարպետի այցը Հայաստան շատ կարևոր իրադարձություն է մեր դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ և վստահ եմ, մեզ հնարավորություն կտա մեր համագործակցությունն ակտիվացնելու»,- ասել է Սերժ Սարգսյանը: «Աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդի և քրիստոնյա հնագույն ուխտի առնչությունները դեռևս խաչակիրների արշավանքների ժամանակ ձևավորվել էին փոխադարձ հարգանքի և փոխշահավետության հիման վրա: Մենք ունենք նույնակունք քրիստոնեական արժեհամակարգ, և սրանք այն հիմքերն են, որ մեզ այսօր հնարավորություն են տալիս ձևավորելու ակտիվ միջպետական հարաբերություններ: Տեղյակ եմ, որ Դուք հագեցած օրակարգով ակտիվ այց եք անցկացնում մեր երկրում: Հուսով եմ, որ հնարավորություն կունենաք այդ ընթացքում ծանոթանալու մեր ժողովրդին, քրիստոնեական մեր մշակույթին, որն ինչ-որ տեղ նման է ընդհանուր քրիստոնեական մշակույթին, բայց նաև յուրատիպ է, առանձնահատուկ»,- նշել է նախագահը:
Ֆրա Մեթյու Ֆեսթինգը կարևորել է իր պետական այցը Հայաստան՝ երկկողմ հարաբերությունները ամրապնդելու տեսանկյունից: «Ես, իսկապես, հիացած էի, երբ հնարավորություն ունեցա Ձեզ հանդիպելու Սուրբ Պետրոսի տաճարում, երբ Դուք ժամանեցիք մասնակցելու Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված պատարագին: Եվ ես կարծում եմ, որ հատկապես կարևոր է, որպեսզի քրիստոնյա ազգերի և քրիստոնեական կազմակերպությունների ներկայացուցիչները կարողանան որքան հնարավոր է սերտ համագործակցություն հաստատել միմյանց հետ այս ժամանակներում հաստատված և իշխող աշխարհիկ բարքերի պայմաններում: Դա հատկապես կարևոր է այն արտակարգ հիմնախնդիրների առումով, որոնց մենք այժմ հանդիպում ենք, միգրացիոն հոսքերի, փախստականների խնդիրների, նրանց տեղաշարժերի: Կարծում եմ, այս համատեքստում խիստ անհրաժեշտ է, որ մենք մշտապես շփվենք, տեսակետներ փոխանակենք և համադրենք մեր մոտեցումները: Եվ հենց այդ պատճառով է, որ այս հարաբերություններն այդքան կարևոր են»,- ասել է Մալթայի ՈՒխտի արքայազնը:


Ֆրա Մեթյու Ֆեսթինգին երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը:

Դիտվել է՝ 2419

Մեկնաբանություններ