Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Նպատակը ո՞րն է` օդանավակայանը մեծացնե՞լը, թե՞ շենքը քանդելը»

«Նպատակը ո՞րն է` օդանավակայանը մեծացնե՞լը, թե՞ շենքը քանդելը»
09.02.2018 | 02:17

«Զվարթնոց» օդանավակայանի շենքի քանդման խնդիրը դարձյալ քննարկումների կիզակետում է: Հնարավո՞ր է արդյոք պահպանել ու շահագործել շենքը, ի՞նչ ծախսեր են պահանջում վերականգնումն ու ամրացումը, ինչպե՞ս և որտե՞ղ ձևավորվեց այն համոզմունքը, թե շենքը ենթակա է միայն ապամոնտաժման: Որտե՞ղ է թաքնված «Ինչու՞ քանդել Զվարթնոցի շենքը» հարցի պատասխանը:


«Ճարտարապետների միությունը, Հանրային խորհուրդը, առհասարակ, քաղաքացիներն ու արվեստագետները բազմիցս դեմ են արտահայտվել այս շենքի քանդմանը: Դեմ են արտահայտվել նաև օտարազգի հայտնի ճարտարապետները: «Զվարթնոցը» համաշխարհային ժառանգության լավագույն օբյեկտներից է, որը ներկայացնում է 80-ականների մոդեռնիզմը ճարտարապետության մեջ: Այդպիսի բարբարոսությունը դժվար է հասկանալ ու ընկալել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ, ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` ճարտարապետ ԱՆԱՀԻՏ ԹԱՐԽԱՆՅԱՆԸ:


«Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ ԳՐԻԳՈՐ ԱԶԻԶՅԱՆԸ նկատեց, որ երբ ինչ-որ բան չի շահագործվում, կամաց-կամաց քանդվում է. «Եթե մտնեք ներս, կտեսնեք պատկեր, որ նման է Ստալինգրադի ճակատամարտին. ամեն ինչ քանդված է, պոկված, ջարդված: Ըստ կոնցեսիայի` շենքը պարտավոր էին 30 տարի հետո վերադարձնել բարելավված վիճակում: Ինչ վերաբերում է շենքի ամրակայմանը, այսօրվա գոյություն ունեցող ստանդարտներով և նորմերով հաշվել ենք շենքի կրողունակությունը: Իր ձևի շնորհիվ այն շատ բարձր կրողունակություն ունի: Մի փոքր ուժեղացումով առաջին հարկի սյուների բոլոր հարցերը լուծվում են»: Շենքը պահելու մի քանի նախագծեր են ներկայացվել, ինչը, իհարկե, ծախսատար է, սակայն բանախոսը փաստեց, որ նոր շենքը զիջելու է հնին, կառամատույցներն էլ ավելի քիչ են լինելու: «Ինչի՞ց են որոշել, որ 15, 20, 35 միլիոն դոլար արժե միայն վերականգնումը, ուսումնասիրություն արե՞լ են: Նպատակը ո՞րն է` օդանավակայանը մեծացնե՞լը, թե՞ շենքը քանդելը: Եթե նոր բան կառուցեն, իրենց ասած թվից չորս անգամ ավելի է արժենալու՝ 100 միլիոն դոլարից ավելի»:


«Դժվար է անընդհատ պայքարել: Տարօրինակ է, որ օդանավակայանը, Երիտասարդական պալատը, Փակ շուկան, «Սևան» հյուրանոցը, դրանք բոլորը վերացան, քաղաքը հմայիչ է հենց այդ կառույցներով: Զարմանալի սառնասրտությամբ մենք մեր ձեռքով մեր արմատները քանդում ենք»,- ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ: Բանախոսը արտագաղթի պատճառներից մեկը հենց այստեղ է տեսնում. մարդը տեսնում է, որ կորցնում է իր միջավայրը, իր սիրած շենքը, որ այդ բոլոր ընդվզումները արդյունք չեն տալիս:


Անահիտ Թարխանյանն իր հերթին հավելեց, որ որևէ բարերարի մտքով չի անցնի ասել` ուզում եմ ոչնչացնել Այվազովսկու նկարը. «Օդանավակայանը միլիոնանոց արժեք ունի, վերցնել ու հենց այնպես ոչնչացնե՞լ: Այն նաև հայ ժողովրդի անվտանգության երաշխիքն է, 1988 թիվը հիշենք, երբ րոպե առ րոպե մեզ հասնում էին օգնության, ու հազարավոր մարդկանց կյանք փրկվեց: Մենք չունենք ելք դեպի ծով, միակ կապը աշխարհի հետ օդանավակայանն է»: Անահիտ Թարխանյանը ենթադրում է, որ Էռնեկյանն ուզում է դուրս գալ օդանավակայանների շահագործման բիզնեսից, իսկ ցանկացած բիզնեսմեն խնդիր ունի ամենաբարձր գնով վաճառելու իրեն պատկանող ապրանքը. «Ինչքանո՞վ կարող է վաճառել իր սեփական օդանավակայանը` մեծ հարցական է, որովհետև դրա կողքին կա մեկ այլ օդանավակայան: Որպեսզի առավելագույնս բարձր վճարեն, պետք է մյուսը քանդել: Տրամաբանությունից դուրս է, չեն կարողանում բացատրել՝ ինչու՞ են ուզում քանդել շենքը, երբ հնարավոր է վերականգնել, շահագործել»:


Անդրադառնալով «Իրատեսի» հարցին` մեր պատմական արժեքները հետևողականորեն ոչնչացնելն ավելի շատ բիզնես շահո՞վ, անհետևողականությա՞մբ, թե՞ դիտավորությամբ է բացատրվում, Մկրտիչ Մինասյանն ասաց, որ դիտավորություն չկա, ավելի շատ բիզնես շահն է գերակա. «Քաղաքակրթված ազգերը տարբերվում են (մեզ համարում եմ մշակութային, բայց ոչ քաղաքակրթված) այլ ազգերից նրանով, որ պահում են թե մեկը, թե մյուսը: Մեր մոտեցմամբ` Եվրոպայի պառլամենտի բոլոր շենքերը պետք է քանդեին, որովհետև ծախսատար է դրանք պահելը: Բայց դրանք արժեք են: Մենք հարկեր ենք տալիս, որ դրանք պահվեն, թող ավելացնեն հարկերը, ոչ թե քանդեն, ասեն՝ մի հարուստ եկել է ձեզ լավություն անի, դա լավություն չէ, մեր հետքը ջնջել է, և ամենևին չի տարբերվում նրանց գործելաոճից, ովքեր փորձել են ջնջել մեր հետքը: Ցավոք»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ