ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Արամ Սարգսյան. Կախեք «Ելքին» ու կայուն լճացեք

Արամ Սարգսյան. Կախեք «Ելքին» ու կայուն լճացեք
09.03.2018 | 13:53

Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչպիսի՞ն պիտի լինի ու ի՞նչ պիտի անի ընդդիմությունը Հայաստանում, որ հասկանան` ընդդիմություն է: Կոնկրետ «Ելքը» ստեղծված իրավիճակում ի՞նչ պիտի անի, որ իշխանությունը, իրենց ընդդիմադիր անվանողները, լրագրողները ոչ թե «Ելքին» թիրախավորեն, այլ խնդրի վերաբերյալ տեսակետ հայտնեն: Որ բոլորը միասին հևիհև չսպասեն` ե՞րբ է «Ելքը» քանդվելու, որ ձեռքերը շփեն ու չարախնդան` մենք իմաստուն էինք, մենք կանխատեսել էինք: Որ ինքնագոհ չագռավանան` Հայաստանում չկա ու չի կարող ընդդիմություն լինել: Հայաստանում միակ ընդդիմությունը «Ծառուկյան» դաշինքն է` քննադատում է` ինչքան ինքն է ուզում, քվեարկում է` ինչպես ՀՀԿ-ն է ուզում: Սա՞ է ընդդիմության պատկերացումն ու իդեալը: Կախե՞նք «Ելքին», որ խախտում է քաղաքական իդիլիան:


Շրջանառվող մեղադրանքների տրամաբանությամբ` «Ելքը» պիտի ընդունի, որ Սերժ Սարգսյանը անփոխարինելի է, միակն ու անկրկնելին և փողոց դուրս գալու կոչ չանի, իբր մարդիկ փողոց դուրս չեն գալու ու դա ապացուցելու է` եթե հասարակությունը չի պայքարում, ուրեմն ընդունում է Սերժ Սարգսյանի վարչապետությունը: Այսինքն` իր պայքարով «Ելքը» լեգիտիմացնում է Սերժ Սարգսյանի վարչապետությունը: Նախ` դեմագոգիա է, որ չպայքարելը նշանակում է ընդունել, երկրորդ` ոչ ոք չի կարող վստահ ասել` ի՞նչ կանի իր կյանքից դժգոհ մարդը և փողոց դուրս եկող «Ելքը» ինչքան մարդ կհավաքի: Երրորդ` ի՞նչ անուններ կտան «Ելքին», եթե սահմանափակվի ԱԺ-ում բաց քվեարկության ժամանակ իր 9 դեմով ու նիստի ավարտից հետո տուն գնա: Չե՞ն ասելու` իր դեմ քվեարկությամբ լեգիտիմացրեց Սերժ Սարգսյանի վարչապետությունը:
Գործող նախագահի վարչապետությանը դեմ լինելու հարցում «Ելքում» տարաձայնություն չկա: «Ելքը» նոր չի հասկացել ու նոր չի սկսել խոսել, որ նա անփոխարինելի չէ: Նոր չի հայտնագործել, որ Լեռնային Ղարաբաղի բանակցությունները փակուղի չեն մտնի ու Ալիևը Էրդողանին ու Պուտինին Հայաստանի վրա կռիվ չի բերի, եթե բանակցողը Սերժ Սարգսյանը չլինի: Նույնիսկ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մինչև իր ընտրությունը ասում էր, որ բանակցության ժամանակ հակառակորդդ պիտի հստակ իմանա` դու ոչինչ չես զիջելու, իսկ դա գնահատական է բանակցային գործընթացի ու իրավիճակի, երբ ազատագրված շրջաններն արդեն իր գրպանում համարող Ալիևը Երևանից է խոսում, իսկ 2016-ին ուզում էր Ստեփանակերտ մտնել ու պատերազմից հետո առաջին անգամ տարածք պոկեց: «Ելքը» չասի՞, որ հերոսաբար հայ-թուրքական արձանագրություններ կնքելուց 9 տարի հետո հերոսաբար հրաժարվելը հարցի լուծում չէ: Խնդիրը մնում է, ու դա ձախողում է միանշանակ: «Ելքը» չասի՞, որ ռազմավարական գործընկերդ թշնամուդ 4 միլիարդի հարձակողական զենք վաճառելուց հետո կասկածի տակ է դնում իր ռազմավարական գործընկեր լինելը, բայց դա խնդրի մի կողմն է, դու՞ ինչ ես անում: «Ելքը» չասի՞, որ Հայաստանի տնտեսությունն ապրում է վարկերի ասեղի վրա` արտադրությունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու, արտագաղթը կասեցնելու փոխարեն: Չզգուշացնի՞, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հետհարվածով խփելու են Հայաստանի և տնտեսությանը, և անվտանգությանը, իսկ նոր ժամկետի գնացող ՌԴ նախագահի միջուկային սպառազինություններին սոցիալական, կրթական, առողջապահական ծախսերի հաշվին գերակայություն տալը կրկնում է Բրեժնևի պաշտոնավարման պատմությունը:


Ընդդիմություն համարվելու համար «Ելքը» համաձայնի՞, որ միայն զենքով կա հային փրկություն, ու ընդդիմադիրը ոչ թե ազատության մեջ գաղափարական պայքար է վարում, այլ կամ բանտում է լինում, կամ` ընդհատակում: Սա՞ է ընդդիմության չափանիշը: Եվ` զենքի կոչի՞ ժողովրդին, որ համարվի հերո՞ս: Ինչու՞ են համառորեն «Ելքին» պարտադրվում կամ հորինված կամ սխալ կարծրատիպեր, որ ժամանակի մեջ քանիցս ապացուցել են իրենց անհեթեթությունն ու անարդյունավետությունը, եթե ոչ վտանգավորությունը:
Ինչու՞ պիտի հիմա «Ելքը» հրաժարվի իր ի սկզբանե հայտարարված մտադրությունից` հասարակությանը այլընտրանք տալ, ընտրության հնարավորություն: Լավ, 2017-ին եղավ ընտրություն ու իրավականորեն ՀՀԿ-ինն են իշխանություն կազմելու իրավունքները` իբրև քաղաքական մեծամասնություն: Բայց դա նշանակու՞մ է, որ ընդդիմությունն իրավունք չունի մինչև նոր ընտրություններ հայտարարելու, որ եթե հասարակությունն ուզում է իշխանությունից ազատվել (առավել ևս, որ 10-20000-ը ծախսվել-գնացել է դեռ անցած ապրիլին), միակ ճանապարհը քաղաքացիական ակտիվությունն է ու լայն զանգվածների մասնակցությունը պայքարին: Չասի՞, որ պատրաստ է ժողովրդի հետ փողոց դուրս գալ ու պայքարել, պատրաստ է առաջնորդել: ՈՒրեմն` ի՞նչ ընդդիմություն է, որ քննադատում է իշխանության արտաքին ու ներքին քաղաքականությունը, որ իր 9 ձայնով չի կարող ազդել խորհրդարանում ընդունվող որոշումների վրա ու չի դիմում ժողովրդի աջակցությանը կամ չի առաջնորդում փողոց դուրս եկած մարդկանց: Կա՞ մի տարբերակ, որի դեպքում «Ելքը» իշխանության, մերձիշխանության ու համաիշխանական լրատվամիջոցների թիրախում չի հայտնվի: Կա: «Ծառուկյան» դաշինքի տարբերակը: Բայց եթե «Ելքի» 3 կուսակցությունները այդ տարբերակի կողմնակից լինեին, ոչ «Ելք» դաշինքը կստեղծվեր, ոչ խորհրդարան կմտներ, ոչ էլ այսօր հետին պլան կմղեր Սերժ Սարգսյանի վարչապետության դարակազմիկ հարցը ու իր որոշումներով կդառնար քաղաքական դաշտի թիվ 1 հարց:


Ի սկզբանե «Ելքը» նոր քաղաքական լուծումներ բերեց այն հարցերին, որ այլ դաշինքների տրոհման պատճառ էին դառնում: «Ելքը» երբեք չի թաքցրել, որ դաշինքում ու խմբակցությունում եղել են ու լինում են (լինելու են) տարաձայնություններ, որոնք քննարկումների արդյունքում են միաձայնության հանգում: Եվ դա նորմալ քաղաքական գործընթաց է: Նորմալ, բայց խիստ տարօրինակ այն կուսակցությունների համեմատ, որտեղ ամեն ինչ որոշողը կուսակցության նախագահն է: Երբ ՀՀԿ-ի (ԲՀԿ-ի) շարքային կուսակցականները բացեիբաց հայտարարում են` ինչպես Սերժ Սարգսյանը (Գագիկ Ծառուկյանը) որոշի` այնպես էլ կլինի, կուսակցության (դաշինքի) մասին «ճիշտ» պատկերացումները «Ելքը» ջուրն է գցում իր օրինակով` քննարկել, հետո որոշել, ոչ թե տեղեկանալ որոշմանն ու «քննարկել»: Դա չի ներվում «Ելքին»: «Ելքին» չի ներվում, որ համարձակություն ունի ժողովրդին իր այլընտրանք լինելու կարողությունը ներկայացնել: Սկսած ԱԺ նախագահի թեկնածու առաջադրելուց, մինչև ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու փորձը և վարչապետի չհայտարարված, բայց հայտնի թեկնածուին դեմ լինելը: Այսօր «Ելքի» խնդիրը ոչ թե փողոց դուրս գալ-չգալն է, խնդիրը հետո ի՞նչ ու ինչպե՞ս անելն է, որ փողոց դուրս եկած մարդը հերթական անգամ ձեռնունայն ու հուսախաբ տուն չգնա ու 2022-ին իրեն չհարցնի` եթե ունեիր հնարավորություն, ինչու՞ բաց թողեցիր:


Թե՞ այս աղմուկի թիրախում ոչ թե «Ելքն» է, այլ ժողովուրդը, ում համառորեն ներշնչում են, որ ինքը չի ուզում փողոց դուրս գալ, պարզապես հավես չունի, ու` վերջ: Հայտնի անեկդոտի պես` պիտի տուն գնա, որովհետև ոչ թե սոված է, այլ` քունն է տանում:


…Ամբողջ դաշտը հիմա փորձում է «Ելքին» տեղավորել իր տրամաբանության, ավանդույթների ու «կանոնակարգի» մեջ, որովհետև «Ելքի» համեմատությամբ ակնհայտ է դառնում` որ ոչ ոք ոչինչ չի անում ու չի ուզում անել, բոլորին ամեն ինչ ձեռնտու է, ու այդպես է լինելու մինչև ընտրություններ: Եթե այդպես եղավ, նաև ընտրություններից հետո` «Ելքին» բարեհաջող «կփչացնեն» ու ՕԵԿ-ին բարեհաջող կվերադարձնեն` խորհրդարանում պիտի լինեն բացառապես կառավարելի ուժեր, որ սահմանված շրջանակներում խաղում են իշխանության ու ընդդիմության դերը: ՈՒ համը չեն հանում սեփական մտածողության, սեփական գաղափարների, սեփական քայլերի դրսևորումներով` չկա այլընտրանք ու չի լինելու: Փառք ՍՄԿԿ-ին, ներեցեք` ՀՀԿ-ին:


ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
«Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ

Դիտվել է՝ 7780

Մեկնաբանություններ