Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փաշինյանին դժվար օրեր են սպասում

Փաշինյանին դժվար օրեր են սպասում
15.05.2018 | 00:11

Իշխանափոխությունից հետո Հայաստանի նոր ղեկավարությունից քաղաքացին մեկ ակնկալիք ունի՝ իր կյանքի որակը լավացնել: Ի վերջո, մարդկանց փողոց դուրս բերեցին առաջին հերթին սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակը, իշխանությունների անտարբերությունն ու վտանգավոր հանգստությունը ցավոտ խնդիրներին: Իսկ մարդկանց կենսամակարդակն ուղիղ համեմատական է երկրի տնտեսական վիճակին:

Նախորդներից մնացած ժառանգությունը հիմք չի տալիս ենթադրելու, որ նոր վարչապետը կարող է կարճ ժամանակում իրավիճակ շտկել, այսինքն, բյուջե այնքան մուտքեր ապահովել, որ մարդկանց կենսամակարդակի շեշտակի բարելավում լինի: Տնտեսությունը ոտքի կանգնեցնելու, թոշակ, աշխատավարձ բարձրացնելու համար Նիկոլ Փաշինյանին դժվար օրեր են սպասում: Նա պետք է գրեթե մեկ ամիս (հեղափոխության օրեր) կաթվածահար եղած տնտեսությունը ռելսերի վրա դնի ու բյուջե լցնի, տարիներ շարունակ մոնոպոլացված ոլորտներին ազատություն տա, աշխատատեղեր բացի ու ներդրումներ ապահովի: Հայաստանի աքիլլեսյան գարշապարը տնտեսությունն է, ոչ մի կառավարություն չի կարողացել այնպիսի տնտեսություն կառուցել, որը երկրին կայուն զարգացում ապահովեր: Այսօր հերթը Նիկոլ Փաշինյանի կառավարությանն է, որը, ըստ նրա, ժամանակավոր պետք է լինի: Այս տրամաբանությամբ` բոլոր կառավարություններն էլ տնտեսության համար, փաստորեն, ժամանակավոր են եղել, քանի որ ոչ մեկը հիմնավոր ու տևական առաջընթաց չի ապահովել: Ապացուցելու հերթը նոր, երիտասարդացած կառավարությանն է:
Այս ճանապարհին հիասթափությունն անխուսափելի է, որովհետև, եթե հաշվի առնենք բյուջեի սուղ միջոցներն ու հասարակության սպասելիքները, սպասելիքների նժարը քառակի ծանր է: Սա նաև մեծ փորձության շրջան է նոր կառավարության համար: Տնտեսությունն այն ոլորտն է, որտեղ հայտարարություններն արդյունք ու ազդեցություն չունեն, պահանջվում են կոնկրետ քայլեր ու արձանագրված թվեր: Սա հասկանում է նաև Փաշինյանը, պատահական չէ, որ նա առաջին «լայվում» հայտարարեց ՀԴՄ կտրոններով աշխատելու մասին, իսկ Սոչիում էլ հայ մեծահարուստներին ներդրումներ անելու կոչ արեց:


Ի դեպ, որոշ տնտեսագետներ պնդում են, որ եթե Փաշինյանը որոշել է իսկապես տնտեսությունը հիմքից «դզել», որոշ ցավոտ բարեփոխումներ պետք է անի, որոնք ճիշտ է, հասարակության որոշ շերտի հավանությանը չեն արժանանա, բայց ճանապարհ կհարթեն տնտեսության զարգացման համար: Այդուամենայնիվ, մի բան հստակ է. ինչպես այս, այնպես էլ բոլոր կառավարությունների համար հասարակությունը գնահատման մեկ ցուցիչ ունի` որքան է իր կյանքը բարելավվել: Հիմա Նիկոլ Փաշինյանի գերխնդիրը մարդկանց կյանքի որակը լավացնելը պետք է լինի: Կստացվի՞, կշարունակեն հավատալ Փաշինյանին, չի՞ ստացվի, ցավոք, կտուժենք բոլորս:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ