Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչու հավատալ մի պետության, որն իր ձեռքով է ոչնչացնում սեփական պատմությունը

Ինչու հավատալ մի պետության, որն իր ձեռքով է ոչնչացնում սեփական պատմությունը
29.06.2018 | 18:47

Նախիջևանի թեման հայ հանրությունը սկսեց քննարկել, երբ հրապարակվեց լուսանկար, որտեղ փաստվեց՝ ադրբեջանական զինուժը զգալի կրճատել է չեզոք գոտին: Դրանից հետո հասարակական-քաղաքական միտքը զբաղվեց այս հարցով, սակայն անգամ այդ իրողության պայմաններում ԱԱԾ-ի բացահայտումների շքերթը ստվերում է այս հարցի խոր դիտարկումը և հանգամանալից վերլուծությունը: ՈՒ մինչ ներքին խնդիրներով ենք զբաղված, մի քանի կողմից մեզ իրական վտանգն է մոտենում: Այս համատեքստում ԵԽԽՎ-ում այսօր ուշագրավ են հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև տեղի ունեցած «մարտերը»:


Երբ Ստեֆան Շենախի՝ «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացում և անօրինական առեւտուր» թեմայով զեկույցն է քննարկվել, «Ծառուկյան» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում մեր պատվիրակ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Նախիջևանում հայկական խաչքարերի, 9-12-րդ դարերի Ամենափրկիչ վանքի, Պոմբլոզի ժամի, Սուրբ Աստվածածին եկեղեցին ոչնչացնելու մասին: «Յոթ տարի շարունակ ադրբեջանական վանդալները ոչ միայն հողին հավասարեցրին Ջուղայի պատմական գերեզմանոցի բացառիկ խաչքարերը, այլև ոչնչացրին 9-12-րդ դարերի Ամենափրկիչ վանքը, Պոմբլոզի ժամը, Սուրբ Աստվածածին եկեղեցին և մշակութային այլ կոթողներ։ Ադրբեջանի նպատակը մեկն էր՝ իսպառ վերացնել հայկական հետքը, այնուհետև, իրենց բնորոշ ցինիզմով, վերասրբագրել պատմությունը»,- նշել է Զոհրաբյանը՝ հընթացս մեղադրելով միջազգային հանրությանը՝ վանդալիզմը չկանխելու համար:


Իհարկե, պատմությունը կեղծելով գրքեր տպագրող ու դրա համար անհաշվելի գումարներ հատկացնող Ադրբեջանի պատվիրակները չէին կարող անպատասխան թողնել այս ելույթը: Ադրբեջանական պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան հայտարարել է, որ հայերը «գրավյալ տարածքներում» ոչնչացնում են ադրբեջանական մշակութային արժեքները, իսկ Ադրբեջանի մշակույթի նախարարը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ պահանջելով դիտորդական առաքելություն ուղարկել «օկուպացված տարածքներ»:

Այնուհետև Փաշաևան մի գիրք է ցույց տվել և հայտարարել, թե սա է իրականությունը: Բնականաբար, դա կեղծված, մտացածին տվյալներով մի գրքույկ է եղել, որով այդ երկիրը մշտապես զբաղվել է ու որն էլ ամեն անգամ ճոճում է միջազգային հանրության առաջ: Այստեղ մի պահ կանգ առնենք ու նշենք, որ, անշուշտ, գովելի է մեր պատվիրակների խնդիրը ինչպես որ է ներկայացնելու պատրաստակամությունը, բայց միջազգային հանրությունը աչքակապություն է անում, քանի որ այդ ամենի հետևում չկա պետական հզոր աջակցությունը: Այլ խոսքով, ով կհավատա մի երկրի պատվիրակի, որի ձեռքին փաստական հզոր զենք չկա: Իսկ Նախիջևանի հարցում մեր իշխանությունները միշտ էլ «վախվորած» քաղաքականություն են վարել, այնպես չլինի, որ հանկարծ սրեն իրավիճակը: Սա դեռ ոչինչ, բայց երբ սեփական ձեռքով ես ոչնչացնում պատմական փաստերը, դա վանդալիզմից քիչ է տարբերվում: Խոսքն այն մասին է, թե ինչպես 2006-ին ծնունդով Նախիջևանից ու տարիներ շարունակ Ջուղայի խաչքարերով զբաղված Արգամ Այվազյանի հեղինակած 26 000 տպաքանակով «Նախիջևան. գիրք հուշարձանաց» ալբոմ-աշխատությունը ոչնչացվեց: Երեւանի գունավոր տպագրության տպարանում մնացած ծավալուն եռալեզու աշխատանքը, որը մեկիկ-մեկիկ պատմում էր խաչքարերի մասին, հողին հավասարեցվեց, որովհետև հրատարակչությունը չէր կարողացել տպարանի ծախսերը վճարել և խմբաքանակը մնացել էր տպարանում: Գտնվել էր ցնցող լուծում՝ ոչնչացնել Նախիջևանի խաչքարերի մասին պատմական վկայությունը ճիշտ այն տարիներին, երբ Ադրբեջանը վանդալիզմ էր իրականացնում:


Նույնիսկ դժվար է այս ամենին որևէ անուն, որևէ որակում տալ: Այսպիսի պետություն թիկունքում ունեցող հայ պատվիրակն անգամ «վերին» ճշմարտություն էլ ասի, միջազգային հանրությունը բոլոր իրավունքներն ունի դրան չհավատալու: Ստալինի ոճով. «Մահը լուծում է բոլոր խնդիրները: Չկա մարդ, չկա և խնդիր»: Տվյալ դեպքում «մարդ» բառը հասկանալ որպես պատմական փաստեր և իրողություններ: Եվ վերջում բնական հարց է ծագում՝ ինչու հավատալ մի պետության, որն իր ձեռքով է ոչնչացնում սեփական պատմությունը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4390

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ