Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թեհրանն ակտիվացնում է պայքարը էթնիկ անջատողականության դեմ

Թեհրանն ակտիվացնում է պայքարը էթնիկ անջատողականության դեմ
09.07.2018 | 10:14

Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են տասնյակ էթնիկ ադրբեջանցիների Բաբեկի բերդի մոտ (Իրանում բերդը Բազ է կոչվում), որ Արևելյան Ադրբեջան նահանգի Ղարադաղի շրջանում է: 1999-ից սկսած այնտեղ ամեն տարի իրանցի հայտնի պատմաբան Մուհամեդ Տախի Զեհտաբիևի նախաձեռնությամբ Բաբեկի ծննդյան օրը (որի ճիշտ օրը հայտնի չէ) փորձում են հավաքվել իրանցի ադրբեջանցիները` բերդը համարելով «թյուրքական նույնականության» խորհրդանիշ: Վերջին տարիներին այդ հանդիպումները չէին անցկացվում Թեհրանի արգելքի պատճառով: Բաքուն Բազ բերդը համարում է իր ազգային հերոս Բաբեկի բերդը, որ 815-837-ին գլխավորել է արաբ նվաճողների դեմ պայքարը: Իրանում նրան համարում են իրենց հերոսը, որ գլխավորել է իրանցի խուրամիտների ապստամբությունը արաբական խալիֆաթի դեմ:

Իրանցի պատմաբանները` պատմական փաստաթղթերին հղում անելով, հայտարարում են, որ Արաքսից հյուսիս ընկած տարածքն անվանվել է Արան, իսկ հարավ` Ադրբեջան և եզրակացնում են, որ Արանն ու Ադրբեջանը եղել են Իրանի մասեր: Կանխակալության մեջ չմեղադրվելու համար նշենք փաստերը` մինչև 19-դ դարի սկիզբը տարածքը, որի վրա հիմնվել է ժամանակակից Ադրբեջանը, Պարսից կայսրության կազմում էր: 1918-ին հայտնված Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունն ընդգրկեց միայն Արանն ու Շիրվանը, Թեհրանն այն ժամանակ ակտիվ ընդդիմանում էր, որ նոր պետությունն Անդրկովկասում կոչվել է Ադրբեջան` իրանական նահանգներից մեկի անունով:


Մոնմուտի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Թադեուշ Սվենտոխովսկին գրում է, որ «մինչև 1919-ը Իրանը պաշտոնապես առաջադրում էր իր հավակնությունները հյուսիսային Ադրբեջանի նկատմամբ, իսկ 1919-ին, անցնելով ավելի ռեալիստական դիրքերի` բանակցում էր անկախ պետության հետ դաշնային պետություն ստեղծելու մասին: Միայն 1920-ականներին Թեհրանը սկսեց Ադրբեջանի երկու հատվածների միջև կապերը դիտարկել սպառնալիք ազգային միատարր պարսկական պետության ստեղծման իր նոր նախագծին»: Ինչու՞: Խորհրդային իշխանության տարիներին, հաշվի առնելով Մոսկվայում գործող աշխարհաքաղաքական նախագծերը, Ադրբեջանում աշխատող հետազոտողները ակտիվ մշակում էին հանրապետության «զուգահեռ պատմությունը»: Պատմական գիտությունների դոկտոր Վիկտոր Շնիրելմանը հաստատում է, որ 1930-ականների վերջից սկսեցին ադրբեջանացվել պատմական գործիչներն ու պետական կազմավորումները, որ եղել էին կամ առնչվել էին Խորհրդային Ադրբեջանի տարածքին: Այսպես Բաբեկը, որի նույնականացումը որոշվում է կրոնով (իսլամ) և ծագումով (թյուրքականություն), հայտարարվեց Ադրբեջանի ազգային հերոս: Հաշվի առնելով Մեծ Ադրբեջանի ստեղծման գոյություն ունեցած նախագծերը` ներառելով Հարավային (Իրանյան) Ադրբեջանը, այդ գաղափարները ակտիվորեն տարածվում էին Իրանում` այնտեղ բնակվող թյուրքերի էթնիկ նոր ինքնագիտակցության ծագման համար:

Բաբեկի կերպարը իբրև ադրբեջանցի ազգային հերոսի` թափով առաջ էր մղում սովետական քարոզչությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին այնտեղ տեղակայված սովետական զորքերի հետ կապված: Թվում էր` ԽՍՀՄ-ի փլուզումով բոլոր այդ գաղափարները պետք է պատմության աղբանոցում հայտնվեին: Բայց 1990-ականների սկզբին Ադրբեջանի շատ քաղաքական ու հասարակական գործիչներ սկսեցին խոսել Հյուսիսային ու Հարավային Ադրբեջանի միավորման անհրաժեշտության մասին: ՈՒնիայի գաղափարի առավել հետևողական կողմնակից էր այն ժամանակ «Ազգային ճակատի», հետո Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը: Հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հայտարարում, ճիշտ է, միայն Հայաստանի առնչությամբ, որ «Էրիվանի խանությունը, Զանգեզուրը, Գեյչան մեր պատմական հողերն են ու այդ մասին պետք է իմանա ինչպես մեր երիտասարդ սերունդը, այնպես էլ ամբողջ աշխարհը», և «մենք` ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք մեր հողերը, դա մեր քաղաքական ու ռազմավարական նպատակն է, որին պետք է աստիճանաբար մոտենանք»: Հայաստանում հասկանալի պատճառներով այդ հայտարարությունները բացասաբար ընդունվեցին, իսկ Իրանում վտանգ զգացին` արձանագրելով Պարսից կայսրության պատմությունը «սեփականաշնորհելու» Ադրբեջանի ձգտումը: Այդ պատճառով Թեհրանն ընդգծված ուշադրությամբ սկսեց վերաբերվել Բաբեկի ծննդյան օրվան նվիրված երթերին:

Կան և այլ պատճառներ: ԱՄՆ-ի համար, որ Իրանին հայտարարել է իր գլխավոր հակառակորդը Մերձավոր Արևելքում, գայթակղիչ է ոչ միայն ադրբեջանական խաղաքարտի խաղարկման հեռանկարը իրանյան ուղղությամբ, այլև մերձավորարևելյան կոնֆլիկտը ընդհանրապես Անդրկովկաս ու մասնավորապես Ադրբեջան նետելը: Շատ փորձագետներ միանգամայն ռեալ են համարում, որ ԱՄՆ-Իրան պատերազմի դեպքում Իրանի հյուսիսում կարող են հռչակվել նվազագույնը երկու թյուրքական ինքնավաություններ (ինչպես քրդական ինքնավարությունը Իրաքում ու հնարավոր է Սիրիայում): Հետխորհրդային ադրբեջանական էլիտան կողմնորոշված է ոչ թե դեպի Թեհրան, այլ` Անկարա, որ մնում է ԱՄՆ-ի դաշնակիցը: Թեհրանում հիմնավոր կասկածում են, որ եթե Բաքուն չունի «միավորիչ ծրագրերի» իրականացման բավականաչափ ինքնուրույն քաղաքական ռեսուրսներ, ադրբեջանական կամ թյուրքական նույնականության տարածումը Իրանում կատարվում է ոչ առանց Թուրքիայի մասնակցության, որովհետև նրա շահերը համընկնում են ԱՄՆ-ի հետ: ԱՄՆ-ում է բնակվում Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման ղեկավար Մահմուդալի Չեխրանղանլին: 2017-ի սկզբին Ադրբեջանի դիմադրության ազգային կազմակերպությունը (ANRO) դիմեց նախագահ Դոնալդ Թրամփին` խնդրելով իրենց իրանցի չհամարել, նաև հայտարարեց, որ «խաղաղ պայքար է վարում հանուն ազատության ու վերջնական ազատագրման իրանական վարչակարգի տիրապետությունից ու բռնությունից»: ՈՒղեկցող փաստաթղթերում պատմվում է Հարավային Ադրբեջանի ու ANRO-ի ստեղծման պատմությունը, որ «անցած հազարամյակում Իրանի տիրակալների մեծ մասը թյուրք է եղել», իսկ այսօր Թեհրանը վարում է «ոչպարսկական ամբողջ պատմամշակութային ժառանգության վերացման քաղաքականություն` ջնջելով ադրբեջանական ամեն ինչ»:


Ինչ էլ անես, ինչպես Պարսկական կայսրության, այնպես էլ Ռուսական կայսրության ու ԽՍՀՄ-ի համար, Ադրբեջանը միշտ ծայրամաս է եղել: Եվ միայն հիմա է սկսել իր աշխարհաքաղաքական «գրանցումը» որոնել: Բազային թուրքական տարածքը Անատոլիայում է, իսկ Արաքսի հարավում թյուրքալեզու միջավայրը դարեր շարունակ եղել է իրանական մշակութային ու քաղաքական տարածք ձևավորող ուժեղ տարր: Սվենտոխովսկին նշում է, որ «իր պատմության մեծ մասի ընթացքում Ադրբեջանը կիսել է ընդհանուր ճակատագիրը Իրանի, ոչ թե Թուրքիայի հետ», նրա «մտածող դասի» շատ ներկայացուցիչներ համադրել են «առավել ընդարձակ իրանական նույնականությունը ադրբեջանական նույնականության հետ` օգտագործելով «վաթան» (հայրենիք) եզրույթը երկու երկրների համար էլ»: Ռուսական կայսրության կազմում ադրբեջանցիները դուրս բերվեցին իրանական մշակությաին գերակայությունից: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Բաքվի իշխող դասը ադրբեջանցիներին տարավ թուրքական գերակայության գոտի` փաստացի ստեղծելով նոր մշակութային ու քաղաքական հաղորդակցություն: Վերջերս տեղեկություն հայտնվեց` հղում անելով Ադրբեջանի Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Յաղուբ Մամեդովին, որ Ադրբեջանը համագործակցում է Թուրքիայի հետ թուրքերի ընդհանուր պատմություն գրելու մեջ:

Օբյեկտիվորեն իրադարձությունների այդ ընթացքը վերածվում է բարդ ու բազմակողմանի խնդրի Բաքվի` Թեհրանի ու Արցախ Հանրապետության հայերի հետ հարաբերությունների կառուցման մեջ: Իրանի ու Ադրբեջանի փոխհարաբերությունների խնդիրները որոշակի հանգամանքներում կարող են արթնանալ, իսկ Թեհրանը կարող է վերանայել Անդրկովկասի գլխավոր քաղաքական գերակայությունների իր տեսլականը: Իրանում էթնիկ ազգայնականությունն ու որոշակի արտաքին խաղացողների ներառումը նրա մեջ դիտարկվում է վտանգավոր սպառնալիք, որ կարող է փլուզել միասնական պետական կառույցը: Բաբեկի բերդի մոտ էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունը Մերձավոր Արևելքում ձևավորվող աշխարհաքաղաքական իրավիճակում միայն այսբերգի գագաթն է:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Թուրքերի բազային տարածքը Անատոլիա՞ն է: Եկվորների բազային տարածքը ո՞րն է: Ոչ թուրքերը, ոչ ադրբեջանցիները իրենց բնակված տարածքների բնիկները չեն, այլ` եկվորներ, որ ինքնանույնականացման խնդիրը լուծել ու լուծում են «զուգահեռ պատմությամբ»` կողոպտելով բնիկների պատմությունն ու մշակույթը: Տարածքը գրավելուց հետո: Պարսկական կայսրությունից Օսմանյան կայսրություն ադրբեջանցիների անցումը տուրք է քաղաքական կոնյունկտուրային, որ հանգամանքների անպատեհ դասավորության դեպքում կարող է փոխվել ու նրանք կսկսեն ընդհանուր պատմություն գրել Թեհրանի հետ, եթե Թեհրանը համաձայնի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ