Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը
24.07.2018 | 00:16

Շուրջ մեկ ամիս է` ՀՀ վարչապետի ձևավորած և ՀՀ Ազգային ժողովում ստեղծված աշխատանքային խմբերում զուգահեռաբար ընթանում են ՀՀ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները: Քննարկումների առանցքային հարցն է դարձել այսպես կոչված փակ կամ բաց համամասնական ընտրակարգերի միջև ընտրությունը: Այդ կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է.


Թե փակ, թե բաց համամասնական ընտրակարգերն ունեն առավելություններ և թերություններ: Դրանց միջև ընտրությունը կոնցեպտուալ առումով կախված է այն գլխավոր խնդրից, որ ծառացած է երկրի քաղաքական համակարգի առջև:
Այսօր մենք գործ ունենք մի ամբողջ քսանամյակ քոչարյանական և սարգսյանական ռեժիմների կողմից Հայաստանի քաղաքական դաշտի ոչնչացմանն ուղղված քաղաքականության հետևանքների հետ: Այդ քաղաքականությունն իրականացվել է ռեժիմի հովանավորությամբ անօրինական ճանապարհով հարստացած և իշխանությանը սերտաճած կրիմինալի միջոցով քաղաքական գործընթացների, և հատկապես ընտրությունների, վրա հսկայական ազդեցության գործադրման համար անհրաժեշտ մեխանիզմների ներդրմամբ: Բնակչության ընդամենը 0,05 %-ը կազմող, սակայն ապօրինաբար ազգային հարստության շուրջ կեսին տիրացած ռեժիմն ու նրա սպասարկուները, մոտ 50 %-ի հասնող աղքատության պայմաններում ընտրությունները վերածեցին փողի և վարչական-տնտեսական լծակների մրցակցության` ոչնչացնելով ընտրությունների, իսկ դրա արդյունքում՝ նաև իշխանության քաղաքական բովանդակությունը: Ընտրակաշառքի, «բարեգործության» և անհամաչափ ընտրական ծախսերի տեսքով փողը դարձավ իշխանության ձևավորման գլխավոր գործոնը` այլասերելով քաղաքական համակարգը: Այդ քաղաքականության իրականացման առանցքային երաշխիքը միշտ եղել է մեծամասնական, հետագայում դրա տարատեսակ, այսպես կոչված ռեյտինգային համամասնական ընտրակարգը: Փոքրացնելով ընտրական գործընթացներում քաղաքական գործոնների ազդեցությունը, փոխարենը էապես մեծացնելով անհատական, կլանային և ֆինանսա-տնտեսական գործոնների կշիռը, առկա իրողությունների պայմաններում այդ ընտրակարգը ռեժիմի ձեռքում դարձավ հիմնական միջոց` քաղաքական գործընթացների վրա ազդելու համար, իսկ կրիմինալի համար` խողովակ դեպի պետական իշխանություն:


Այդ արատավոր քաղաքականության հետևանքները ներկայումս դեռևս վերացված չեն: Եվ եթե արդարադատություն ապահովելը, կոռուպցիան հաղթահարելը հնարավոր է համեմատաբար կարճ ժամանակահատվածում, սոցիալական բևեռացվածությունը հաղթահարելը կպահանջի անհամեմատ երկար ժամանակ:
Այսօրվա գլխավոր խնդիրը Հայաստանի քաղաքական համակարգը առողջացնելն է: Հետևաբար, ընտրական բարեփոխումների հիմնական հարցն այսօր պետք է լինի քաղաքական գործընթացների վրա փողի ազդեցությունը խիստ նվազագույնի հասցնող մեխանիզմների կիրառումը:


Նկատի ունենալով Հայաստանում նախկին ռեժիմի օրոք ստեղծված և օբյեկտիվորեն դեռևս առկա իրողությունները, դա հնարավոր է միայն փակ համամասնական ընտրակարգով: Եթե դա չարվի, իշխանության ամենավճռական կամքի գործադրման պարագայում անգամ լրջագույն խոչնդոտներ են պահպանվելու թե ընտրական, թե ընդհանրապես քաղաքական համակարգի կայացման ու զարգացման համար:
ՀԱԿ-ը համոզված է, որ այժմ ՀՀԿ-ի կողմից առաջարկվող բաց համամասնական ընտրակարգը, իր մեջ ամբողջությամբ ներառելով մեծամասնական և ռեյտինգային ընտրակարգերի խորքային բովանդակությունը, ըստ էության դրանց քողարկված տարբերակն է և այն միանշանակ անհրաժեշտ է մերժել, իսկ սույն հայտարարությամբ նշված գլխավոր խնդրի լուծմանը կարելի է հասնել առնվազն հետևյալ մեխանիզմների կիրառմամբ.
Ամբողջությամբ անցում կատարել փակ համամասնական ընտրակարգի:


Ընտրակաշառքի, վարչական ու քրեական ռեսուրսի կիրառման հետ առնչվող հանցագործությունները դասել ծանր հանցագործությունների շարքին (ազատազրկման առավելագույն ժամկետները 5-ից բարձրացնելով մինչև 6 տարի)` այդ հանցատեսակների բացահայտման համար անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործունեության ողջ զինանոցի գործադրմամբ:
Բարեգործական ծրագրերի իրականացման արգելքի ժամանակահատվածը երկարաձգել և սահմանել ընտրությունները նշանակելու օրից սկսած: Օրենքով սահմանել, որ ընտրությունները նշանակվելու օրից մինչև ընտրական գործընթացի ավարտը քաղաքական ուժի ու անձի կողմից, կամ նրանց անունից բարեգործության առկայության դեպքում վերջիններս կորցնում են առաջադրվելու և ընտրվելու իրավունքը: Պետք է բացառել նաև բարեգործական կազմակերպությունների և ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների անվանական նույնացումը:


Էապես կրճատել նախընտրական ծախսերի թույլատրելի առավելագույն շեմերը:
Հստակ տարանջատել իշխանությունն ու գործարարությունը, սահմանելով, որ պատգամավոր կամ պետական կառավարման համակարգում այլ բարձր պաշտոն ստացած գործարարի բիզնեսը պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հանձնվում է պետության կողմից լիազորված մարմնի կառավարմանը:


Անվիճելի է, որ թե նախկինում, թե ներկայումս փակ համամասնական ընտրակարգի կողմնակից են եղել և են քաղաքական դաշտի ճնշող մեծամասնությունն ու քաղաքացիական հասարակությունը: Նախկինում այս հարցի շուրջ հասարակական լիակատար կոնսենսուսը (փոխհամաձայնությունը) չի կայացել միայնումիայն ՀՀԿ-ական ռեժիմի ու նրա արբանյակների պատճառով: Այժմ ՀՀԿ-ն կրկին փորձում է խափանել փաստացի առկա կոնսենսուսը: Կոնգրեսը համարում է, որ անընդունելի է հանուն կոնսենսուսի կառավարության կողմից ցանկացած զիջում, եթե չի ապահովելու այսօրվա գլխավոր խնդրի լուծումը և, ըստ այդմ, արգելակելու է Հայաստանի քաղաքական համակարգի զարգացման հեռանկարը:

Դիտվել է՝ 2963

Մեկնաբանություններ