Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Լուսավոր Հայաստանի» հայտարարությունը կամ 7 տոկոսի վախը

«Լուսավոր Հայաստանի» հայտարարությունը կամ 7 տոկոսի վախը
04.11.2018 | 14:01

«Ելք» դաշինքը հրամայեց երկար ապրել ու հանգեաւ ի Տեր: Հոգեհանգստի պատիվը, իհարկե, ՔՊ-ինն էր, որ ապրիլին Գյումրիից Երևան մենակ եկավ ու հեղափոխություն արեց, իսկ հետո չցանկացավ դափնիները դաշնակիցների հետ կիսել ու Երևանի ավագանու ընտրություններին գնաց մենակ: «Լուսավոր Հայաստանին» ու «Հանրապետությանը» մնում էր նոր դաշինք ստեղծել: Այդպես ծնվեց «Լույսը» ու մտավ ավագանի: Տրամաբանական էր, որ Աժ արտահերթ ընտրություններին դաշինքը պիտի մասնակցի նույն ձևաչափով ու երկրորդը լինելու նպատակով` ունենալով բոլոր հնարավորությունները: Բայց Հայաստանում գործում են ոչ թե օրինաչափությունները, այլ` պայմանավորվածությունները և ռեալ պոլիտիկը համարժեք չէ ռեալ իրավիճակին: Հիմնական դրդապատճառ եղել ու մնում է փողը, որ կուսակցությունները չունեն ու չեն կարող գործել ինչպես արտասահմանում է` ֆինանսավորվելով հասարակությունից, ոչ թե առանձին անհատներից: Իսկ դրա պատճառները սոցիալ-տնտեսականից զատ նաև քաղաքական համակարգի չկայացածության մեջ են: Ու այսօր` նոյեմբերի 4-ին «Լուսավոր Հայաստանը» հայտարարեց, որ ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցության հետ երկար քննարկումների արդյունքում որոշում է կայացրել Աժ առաջիկա ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով՝ սեփական տեսլականով և ծրագրերով։ «Լուսավոր Հայաստանն» իր ցուցակում կներգրավի նաև ներկայացուցիչներ այլ գաղափարակից քաղաքական ուժերից և ակտիվ քաղաքացիական խմբերից»։

Նվազագույնը` ցավալի է, որ ԼՀԿ-ն վախեցավ դաշինքով մտնել ընտրապայքար և որոշել է ցուցակում ներգրավել գաղափարակիցներին` խուսափելով ընդամենը 2 տոկոսից: Ովքե՞ր են լինելու ԼՎԿ-ի գաղափարակիցները: Տրամաբանական կլիներ պատասխանել` նրանք, ովքեր համաձայն են ԼՎԿ-ի տեսլականին ու ծրագրերին: Բայց նախ հասկանալի չէ, թե հիմա ի՞նչ տեսլական ունի ԼՎԿ-ն և հետո առավել պրագմատիկ է, որ ԼՎԿ-ի ընտրացուցակում լինեն այլ կուսակցությունների այն անդամները, որ ֆինանսներ են բերելու ու սեփական կուսակցություններում շանսեր չունեն ԱԺ մտնելու:

Գործնականում իրավիճակային «Լույս» դաշինքը տրոհվեց` իրավիճակի փոփոխության պատճառով, բայց ունենալով ընտրություն` կամ տրվել իրավիճակին, կամ նոր իրավիճակ ստեղծել: ԼՎԿ-ն տրվեց: Ի՞նչ է անելու «Հանրապետությունը»: Ամենայն հավանականությամբ` նոր դաշինք է ձևավորելու ու փորձելու է իրավիճակ ստեղծել` այլ ելք չկա: «Հանրապետությունը» 2000-ականներից եկող միակ կուսակցությունն է, որ մշտապես ընդդիմադիր դաշտում գործելով չսերտաճեց իշխանության հետ` հանուն մանդատների ու չփոխեց իր հետագիծը ոչ մի շրջադարձում: Դա նախևառաջ արժանի է հարգանքի ու կապիտալ է, որ կուսակցությունն իրավունք չունի փոշիացնել: Եվ հետո` իսկզբանե լինելով արևմտյան արժեհամակարգի ջատագով` «Հանրապետությունը» փաստացի մնացել է դաշտում միակ կուսակցությունը, որ առանց զիգզագների ու կոմպրոմիսների հետևել է իր կուրսին: Դա ևս արժանի է հարգանքի ու կապիտալ է, որի կարիքը ունի այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը ու պետությունն ամենից առաջ` դիվերսիֆիկացնելու համար իր ընդհանուր քաղաքականությունը: «Հանրապետությունը» գուցե նորից լինի ընդդիմություն, ի տարբերություն այլ ընդդիմադիրների` դա իրավիճակային ընդդիմություն չէ, այլ` գաղափարական ու ապահովում է քաղաքական դաշտի հավասարակշռությունը: Կհասկանա ու կգնահատի՞ ընտրողը այդ առավելությունը: Պարտավոր է, եթե ուզում է, որ իր երկիրն ու իր զավակները չապրեն տրանսֆերտների հաշվին ու ևս մի 50 տարի լավագույն ապագայի հույսով:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Ժամանակը ֆանտաստիկ արագացել է ու արագ որոշումների արագ իրականացման փաստի առաջ է դրել բոլորին, իսկ դա նշանակում է, որ ինչ-որ տեղ թռիչքի է պատրաստվում հերթական արտահերթ ընտրությունների բումերանգը:

Դիտվել է՝ 4793

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ