Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաթափությունը Ադրբեջանում վաղուց եղել է պետական ծրագիր

Հայաթափությունը Ադրբեջանում վաղուց եղել է պետական  ծրագիր
22.02.2019 | 04:07

Հեռավոր 1948, 1949 թվականներն էին: Բանակից զորացրվելուց հետո աշխատում էի Բաքվի հիդրոտեխնիկայի և մելիորացիայի գիտահետազոտական ինստիտուտում որպես միկրոկլիմայագետ: Ականավոր հողագետ Դոկուչաևի անվան մրցանակի դափնեկիր ակադեմիկոս Վլադիմիր Վոլոբուևի և Ռուսաստանի վաստակավոր մելիորատոր Սեմյոն Կորոբկինի ղեկավարությամբ գիտական արշավախմբի կազմում մասնակցում էի Մուղանում բամբակենու և Լենքորանում թեյի պլանտացիաներում տարվող ուսումնասիրութուններին, որոնց նպատակն էր ճշտել արհեստական անձրևացման մեթոդով կատարվելիք ոռոգման ռեժիմները: Գիտարշավախմբի մասնակիցների մեծ մասը հայեր էին՝ հողագետ Պետրոս Զուբիեթյանը, ինժեներ-մելիորատորներ Արարատ Շահգելդյանը, Էլեոնորա Օգանեզովան, մեխանիզատոր Սերգեյ Դանիելյանը, տեխնիկներ Ռուզաննա Աղաջանովան, Սեդա Ավանեսովան և միայն երկու ադրբեջանցի՝ հիդրոտեխնիկ Հուսեին-զադեն և մատակարարող-վարորդ Ալի Ալիևը:


Աշխատում էինք դժվարագույն պայմաններում` մայիսից-հոկտեմբեր, կիզիչ արևի տակ, շրջապատված մոծակներով, օձերով, կարիճներով, խմում էինք պղտոր ջուր, սնվում նորմավորված անորակ մթերքով (խմոր-սև հաց, չզտված բամբակի սև գույնի ձեթ): Մուղանի սովխոզում բանվորների մեծ մասը նախկին կալանավորներ էին:
Ակադեմիկոս Վ. Վոլոբուևի առաջարկությամբ գործերս ներկայացրի Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրայի բաժին` լճաբանության մեջ մասնագիտանալու համար:


Ասպիրանտուրայի բաժնի ադրբեջանցի վարիչը, փաստաթղթերս երկար թերթելուց հետո, հայտարարեց. «Вас не можем принять»։ Հիշեցրի, որ Հայրենական պատերազմի հաշմանդամ, զորացրված սպա եմ, ունեմ որոշակի արտոնություն: Նա վրդովված փաստաթղթերս հետ հրեց` ասելով. «Ай киши нам кадры нужны»: Հասկացա, որ ասպիրանտական տեղերը միայն ադրբեջանցիների համար են: Վիճելն ավելորդ էր, փաստաթղթերս վերցրի և դժգոհ դուրս եկա:


Մտորումների մեջ եմ. ուրեմն հայը Ադրբեջանում ասպիրանտուրայում սովորելու իրավունքից պաշտոնապես զրկված է, հետևաբար, եթե ես կյանքում կարող եմ «քարը քարի վրա դնել», ապա ինչու դա չանեմ իմ հայրենիքում՝ Հայաստանում: Այս միտքը կայծակի նման շանթեց ուղեղս: Եկա տուն և նամակ գրեցի Հայաստանի գիտությունների ակադեմիայի քարտուղարությանը, որ ես, որպես մասնագետ, ցանկանում եմ աշխատել Հայաստանում:
Շուտով ստացա պատասխան Հայաստանի գիտությունների ակադեմիայի կենսաբանական գիտությունների բաժանմունքի գիտական քարտուղար Հովնաննես Գյոդակյանի ստորագրությամբ. ինձ առաջարկում էին մեկնել Երևան` բանակցությունների: 1950 թ., որպես առաջին «փախստական», լքեցի Բաքուն (փառք Աստծո, առանց արյան և արցունքների): Ինձ վստահեցին Երևանի ագրոօդերևութաբանական կայանի պետի պաշտոնը, զուգահեռաբար ավարտեցի ասպիրանտուրան, խորացա ագրոկլիմայագիտության, էկոլոգիայի, քարտեզագրության և այլ բնագավառներում, հրատարակեցի բազմաթիվ աշխատություններ, պատրաստեցի տասնյակ մասնագետներ, 1997 թ. դարձա գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ:
Ես հասա իմ նպատակին՝ կարողացա ուժերիս ներածի չափ հայրենիքում «քարը քարի վրա դնել»:


Ռիանոս ՄԿՐՏՉՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2346

Մեկնաբանություններ