Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը

Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը
01.03.2019 | 04:10

(Նախորդ մասը)

ԻՐ ՏԱՐԵԴԱՐՁԸ


Պատերազմից առաջ և մինչև Վրաստանի խորհրդայնացումը Թիֆլիսում հրատարակվում էր «Կավկազսկոյե սլովո» ռուսական օրաթերթը, որ Կովկասի ռուսական թերթերի մեջ ամենից տարածվածը և ամենից ազդեցիկն էր:
Թեև ռուսատառ, բայց հիմնված էր և ղեկավարվում էր հայերի կողմից: Հայերից բացի, թերթին աշխատակցում էին նաև ռուսներ, վրացիներ ու թաթարներ: Հայեր էին թերթի խմբագիրները, որոնցից մեկը՝ Մ. Գևորգյանը, գողթանցի իրավաբան, շնորհալի գրագետ և Հովհ. Թումանյանի հիացողներից ու մտերիմ բարեկամներից էր:
1918-19-ի ձմռանը թերթի հայկական բաժինը վարում էի ես:
Մ. Գևորգյանը միտն էր պահել, որ 1919 թ. փետրվարի 20-ին լրանում է Հովհ. Թումանյանի ծննդյան հիսնամյակը:
Եվ ահա մի օր »Կավկազսկոյե սլովո»-ի խմբագրությունում Մ. Գևորգյանը հարց դրեց թերթի փետրվարի 20-ի թիվը ամբողջությամբ նվիրելու Հովհ. Թումանյանին: Որոշվեց այդպես էլ անել և այդ բացառիկ թվի խմբագրումը հանձնվեց երեքիս՝ Մ. Գևորգյանին, ռուս բանաստեղծ Սերգեյ Գորոդեցկուն և ինձ:


Հաճույքով ու ոգևորությամբ գործի անցանք:
Որոշեցինք ոչ իրեն՝ Հովհ. Թումանյանին և ոչ էլ թերթի աշխատակիցներից դուրս ուրիշ որևէ մեկին չասել մեր ծրագրի մասին և մի գեղեցիկ անակնկալ անել սիրելի բանաստեղծին:
Թիֆլիսում օրաթերթերը տպագրվում էին նախորդ գիշերը: Փետրվարի 19-ին մինչև կեսգիշեր սպասեցի «Կավկազսկոյե սլովո»-ի տպարանում, մինչև որ լույս տեսան հաջորդ օրվա թերթի առաջին օրինակները: Մեկ օրինակ գրպանս դրի և շտապեցի Հովհ. Թումանյանի տուն:
Կեսգիշերն անց էր, երբ հասա: Թումանյանի աշխատասենյակի պատուհաններից լույս էր երևում: ՈՒրեմն դեռ արթուն է: Զանգ տվի ու ներս մտա:
Այդ գիշերը մեկն էր այն հազվագյուտ գիշերներից, երբ Թումանյանը հյուր չուներ: Բանաստեղծը, շուրջը հավաքած իր ընտանիքին, կարդում էր նրանց համար, երբ ներս մտա ու սեղանին դրեցի թերթը:
-Էս ի՞նչ է,-հարցրեց Թումանյանը:
-Ձեր ծննդյան տարեդարձին նվիրված թիվը:
-Իմ միտը չի իմ ծննդյան տարեդարձը, էդ դուք ո՞նց եք ձեր միտը պահել: Լավ, կարդա տեսնեմ դու ինչ ես գրել:
Կարդացի իմ հոդվածը, որի մեջ չէի մոռացել հիշատակել մեր բանաստեղծի մի շարք սովորությունները, ինչպես տնից ներս իր տարօրինակ զգեստավորումը, բնակարանի կարասիների ներկելը, անծանոթ լեզվով գրքեր գնելը և այլն:
-Ասել է թե դու էստեղ ես գալիս, չորս կողմդ մտիկ ես տալիս, տեսածդ միտքդ ես պահում և հետո գնում էդ բոլորը գրում ես, որ ինձ խայտառակես, հա՞: Մին էլ էս տունը ոտք չդնես,-կատակով սպառնաց Թումանյանը, ապա ավելացրեց,- դե, լավ, էս անգամ կբաշխեմ, համա մեկ էլ չանես: Դե՛, հիմա արի ճակատդ համբուրեմ… Կարդա տեսնենք էլ ի՞նչ կա էդտեղ:
Ամենից ավելի Հովհ. Թումանյանը սիրեց ռուսերեն թարգմանությունը Արմենուհի Տիգրանյանի մի բանաստեղծության, որ այդ առթիվ ձոնված էր իրեն:


Ծայրե ի ծայր կարդացի իրեն համար ամբողջ թիվը:
Հովհ. Թումանյանը ակներև կերպով հուզված էր հիացումի, սիրո, գուրգուրանքի այն ջերմ արտահայտություններից, որոնք դուրս էին հոսել թերթի այդ բացառիկ թվին իրենց աշխատակցությունը բերած բոլոր գրիչներից անխտիր:
Հայերի հետ միասին, «Կավկազսկոյե սլովո»-ի այդ բացառիկ թվին իրենց աշխատակցությունն էին բերել նաև ռուս, վրացի և թաթար գրողները:
Մեզնից ոչ ոք չէր նախատեսել, չէր կարող նախատեսել այն, ինչ տեղի ունեցավ հետագա շաբաթների ընթացքում:
«Կավկազսկոյե սլովո»-ի բացառիկ թիվը մի կայծ էր, որ բռնկեցրեց հայ հասարակության խանդավառության հրդեհը:


Հաջորդ օրը Թիֆլիսի հայ թերթերը արձագանք տվին «Կավկազսկոյե սլովո»-ի համակրական ցույցին: Մի քանի օր չանցած՝ Թիֆլիսի հայ մշակութային կազմակերպություններն ու հիմնարկները իրար անցան: Հայ գրողների ընկերությունը, Հայոց հրատարակչական ընկերությունը, Հայ դրամատիկ ընկերությունը, Հայ ուսուցչական միությունը, Ներսիսյան դպրոցը, Հովնանյան դպրոցը, Գայանյան դպրոցը և այլն, բոլոր-բոլորը մեկը մյուսի հետևից սկսեցին կազմակերպել հոբելյանական հանդեսներ ի պատիվ Հովհ. Թումանյանի:
Ոչ մի կազմակերպություն չէր ուզում հետ մնալ մյուսներից: Ամեն մի հիմնարկ, ամեն մի հաստատություն առանձին հանդես էր կազմակերպում: Ամեն մի կազմակերպություն ուզում էր իր անդամների մտերիմ շրջանակում տեսնել սիրելի բանաստեղծին:


Այս էր, թերևս, պատճառը, որ փոխանակ մեկ ընդհանուր տոնակատարության, անջատ-անջատ բազմաթիվ հանդեսներ կազմակերպվեցին:
Դա և հոբելյան էր, և հոբելյան չէր:
Հոբելյան չէր, որովհետև ոչ ոք չէր ծրագրել Հովհ. Թումանյանի գրական հոբելյանը տոնել: Ոչ հոբելյանական հանձնախումբ էր կազմված, ոչ այդ իմաստով աշխատանք էր կատարված կամ որևէ պատրաստություն տեսնված:
Հոբելյան էր, որովհետև մի սոսկական անհատի ծննդյան տարեդարձը չէր, որ տոնվում էր, այլ ժողովրդական, սիրված բանաստեղծի ծննդյան տարեդարձը, և բնական էր, որ այդ տոնակատարությունը կապվեր Հովհ. Թումանյանի գրական գործունեության գնահատանքին:
Կովկասի մեջ հայ գրողներից ոչ մեկի խնամքով կազմակերպված հոբելյան իսկ չեղավ այնքան խանդավառ, այնքան ինքնաբուխ հարգանքի և սիրո արտահայտություն, որքան Հովհ. Թումանյանի ծննդյան հիսնամյա տարեդարձի հանպատրաստից տոնակատարությունը:
Փետրվարի 20-ից սկսած ամբողջ 5-6 շաբաթ Թիֆլիսի հայ հասարակությունը ապրեց Թումանյանով:


Գրեթե օր չէր անցնում, որ մի մեծ կամ փոքր հանդես տեղի չունենար: Հովհ. Թումանյանին ուղղակի ձեռքերի վրա էին պտտեցնում:
Հայերին հետևեցին նաև վրացիները, որոնք մի գեղեցիկ հանդեսով պատվեցին մեր բանաստեղծին:
Վերջացան այս հանդիսությունները մի մեծ հանդիսավոր ճաշկերույթով Թիֆլիսի շքեղ թատրոնի՝ Արտիստականի սրահում, ուր համախմբվել էին հայ, վրացի, ռուս և թաթար գրողներ ու մտավորականներ:
Հայերի չափ խանդավառված էին մասնավորապես վրացիները, որոնց երիտասարդ գրողների մի խումբ՝ Տ. Տաբիձե, Ի. Գրիշաշվիլի, Ս. Օգանեզաշվիլի, Գ. Լիոնիձե և ուրիշները հմայվել էին Հովհ. Թումանյանով և դառնում էին մեր բանաստեղծի շուրջը:
Այդ օրերին ոչ ոքի մտքով չէր կարող անցնել, թե չորս տարի չանցած Հովհ. Թումանյանի քնարը պիտի լռի ընդմիշտ:
Եվ քանի որ ճակատագիրը այդպես էր տնօրինել, լավ էր, որ սիրելի բանաստեղծի ծննդյան տարեդարձը ինքնաբուխ կերպով վերածվեց մի շքեղ, խանդավառ գրական հոբելյանի:

ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ


Պատերազմի առաջին երեք տարիներին Հովհ. Թումանյանը եռանդուն մասնակցություն ունեցավ հայ ազգային-քաղաքական կյանքում: Իբրև անդամ Հայոց ազգային բյուրոյի, նա մասնակից եղավ բոլոր այն քայլերին, որոնք առնվեցին Բյուրոյի կողմից թե՛ կազմակերպելու կամավորական շարժումը և թե՛ օգնելու աղետահար ժողովրդին:
Ազգային բյուրոյի կազմը որոշ չափով պատահական էր, այն իմաստով, որ Ազգային բյուրոն ժողովրդական քվեով ընտրված մարմին չէր: Բացի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից, որոնք ուղարկված էին իրենց կազմակերպությունների կողմից, Ազգային բյուրոյի մյուս անդամները հրավիրված էին՝ նկատի առնելով նրանց դիրքը և կշիռը հասարակության մեջ:


1917-ի աշնանը, ռուսական հեղափոխությունից 7-8 ամիս անց, Թիֆլիսում կայացավ Հայոց առաջին համագումարը, որ ընտրեց Հայոց ազգային խորհուրդ:
Հովհ. Թումանյանը Ազգային խորհրդի մեջ չմտավ, գրեթե քաշվեց քաղաքական ասպարեզից և անձնատուր եղավ իր գրականությանը, որքան որ այդ հնարավոր էր այն ալեծուփ օրերին:
Ճիշտ այդ օրերին զուգադիպեց նախ իր ավագ եղբոր՝ Ռոստոմի սպանությունը, իսկ մի քանի ամիս անց էլ երկրորդ որդու՝ Արտիկի կորուստը: Այդ մահերը խորտակեցին Հովհ. Թումանյանին և ստիպեցին ամբողջապես անձնատուր լինել իր անձնական ապրումներին:
Թումանյանը մասնակից չեղավ 1917-ի վերջի և 1918-ի ամբողջ ընթացքում այն ճակատագրական պայքարին, որ հայությունը մղեց ոչ միայն իր ազատության, այլև գոյության համար:


Երբ հռչակվեց Հայաստանի անկախ Հանրապետությունը, Հովհ. Թումանյանը, ինչպես և կովկասահայ մտավորականության մի կարևոր մասը, Հայաստանում չէր:
Հայաստանի Հանրապետության հռչակումը, ինչպես և «անձև քաոսից» պետություն ստեղծելու համար հայության թափած գերմարդկային ճիգերը, տարօրինակ կերպով արձագանք չգտան Հովհ. Թումանյանի հոգում:
Հայաստանի Հանրապետության ամբողջ գոյության ընթացքում Հովհ. Թումանյանը ոտք չդրեց Հայաստան:


Չնայած 1918-ին Հայաստանում ստեղծված անպատմելի դժնդակ պայմաններին, կովկասահայ և Կովկասում ապաստանած արևմտահայ մտավորականության մեծամասնությունը մեր հարևան երկրներից մեկնեց Հայաստան և հաստատվեց հայրենի երկրում:
Հայաստան փոխադրվեցին մեր ավագ սերնդի գրողներից շատերը, ինչպես նաև երիտասարդ գրողների մեծ մասը: Երևան անցան Ա. Ահարոնյանը (որ երկար չկարողացավ մնալ այնտեղ և Հայաստանի կառավարության հրահանգով մեկնեց Փարիզ), Լ. Շանթը, Ն. Աղբալյանը, Դ. Դեմիրճյանը, Հովհ. Հովհաննիսյանը (հաստատվեց Էջմիածնում) ու երիտասարդներից Ստ. Զորյանը, Գ. Քյալաշյանը, Ե. Չարենցը, Վ. Խորենին, Արմենուհի Տիգրանյանը, Պերճուհի Բարսեղյանը և ուրիշներ:


1918-ի վերջի և 1919-ի առաջին ամիսների սովից ու համաճարակից հետո, 1919-ի ամառվանից սկսած համեմատաբար տանելի պայմաններ ստեղծվեցին Հայաստանում և մշակութային եռուզեռ սկսվեց Երևանում:
Հիմնվեց Հայաստանի գրողների ընկերությունը, «Պանդոկ» գրական ակումբը և Հայաստանի հրատարակչական ընկերությունը, որին Կովկասի հայոց հրատարակչականը (Թիֆլիսում) հանձնեց իր գույքի մի շոշափելի մասը՝ 40 հազար հատոր գիրք, որ փոխադրվեց Հայաստան:
Գրեթե ամեն շաբաթ սկսեցին տեղի ունենալ Հայաստանի գրողների ընկերության և «Պանդոկ» գրական ակումբի գրական-գեղարվեստական երեկույթները, դասախոսությունները և հավաքույթները:


Երևանում սկսեց հրատարակվել «Յառաջ» օրաթերթը:
Դարերի թափառումներից հետո հայոց գրականությունը գաղութներից վերադառնում էր դեպի հայրենի երկիրը, դեպի հայոց աշխարհի սիրտը՝ Արարատյան դաշտ:
Հովհ. Թումանյանը շարունակեց մնալ Թիֆլիսում՝ բոլորովին անմասն Հայաստանի Հանրապետության քաղաքական անցուդարձին և մշակութային եռուզեռին:
1920-ի նոյեմբերի 29-ին ռուսական Կարմիր բանակը Հայաստանի հյուսիսային սահմաններից ներս խուժեց, ու Երևանում իշխանությունն անցավ բոլշևիկների ձեռքը:
Երկու և կես ամիս անց, 1921-ի փետրվարի 18-ին, ժողովրդական ապստամբությունը խորհրդային իշխանությանը դուրս քշեց Երևանից: Սկսվեց քաղաքացիական պատերազմ մեկ կողմից ռուսական Կարմիր բանակի վրա հենված հայ բոլշևիկների, իսկ մյուս կողմից ապստամբ հայ ժողովրդի միջև:


Այդ օրերին էր, որ Հովհ. Թումանյանը Թիֆլիսից Երևան մեկնեց: Իր քաղաքական առաքելության նպատակն էր վերջ դնել կռվին:
Ճիշտ այդ օրերին Թիֆլիսը գրաված բոլշևիկները Հովհ. Թումանյանին ուղարկել էին իբրև հաշտության բանագնաց: Թումանյանի միջոցով առաջարկված հաշտությունը ուրիշ բան չէր, բայց եթե անձնատվության պահանջ՝ ուղղված ապստամբներին:
Իր առաքելությունը ձախողվեց այն պարզ պատճառով, որ ապստամբները մերժեցին անձնատուր լինել բոլշևիկների այն իշխանությանը, որի անասելի բռնությունները ստիպել էին ճարահատ ազգայնականությանը զենքի դիմելու և անհավասար կռվի մեջ մտնելու ռուսական Կարմիր բանակի դեմ:
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6470

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ