Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ միջազգային կանոնների նախկին համակարգն այլևս չի գոչծում։ «Մեզ ավելի ու ավելի են հիշեցնում, որ ապրում ենք մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում։ Ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ թույլերը ստիպված են հանդուրժել այն ամենը, ինչ պարտադրվում է իրենց: Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք»,- ասել է Քարնին։                
 

Երկու կարևոր մեջբերում, որոնք հայերը պետք է շատ, շատ ուշադիր կարդան

Երկու կարևոր մեջբերում, որոնք հայերը պետք է շատ, շատ ուշադիր կարդան
21.01.2026 | 11:20

Այն բանից հետո, երբ Եգիպտոսը թույլ տվեց ֆրանսիացիներին, իսկ հետո նաև անգլիացիներին կառուցել Սուեզի ջրանցքը, և կնքվեց միջազգային պայմանագիր, որով ջրանցքի կառավարումը հանձնվեց ֆրանս-անգլո-եգիպտական միացյալ ընկերությանը, դա ընկալվեց որպես Եգիպտոսի ինքնիշխանության խախտում։ 1956 թվականին Գամալ Աբդել Նասերը հայտարարեց իր կառավարության վճռականության մասին՝ վերականգնելու սեփական ինքնիշխանությունը։ Տեսե՛ք, թե ինչ է ասել Նասերը և ինչպես է նրան պատասխանել Անգլիայի վարչապետը ։

Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը 1956 թվականին որոշում կայացրեց ազգայնացնել ջրանցքը։ Նա ասաց.

«Եգիպտոսը հաստատակամորեն հանդես է գալիս իր ինքնիշխանության պահպանման օգտին։ Ձեր երկիրը հաստատուն և անսասան կանգնած է իր արժանապատվության պաշտպանության դիրքերում՝ դիմակայելով մի շարք երկրների իմպերիալիստական ծրագրերին, որոնք բացահայտորեն հայտարարում են տիրապետության և գերիշխանության իրենց ձգտումների մասին»։

Նրան պատասխանեց Բրիտանիայի վարչապետ Սըր Էնթոնի Իդենը՝ 1956 թվականի խորհրդարանական բանավեճերի ժամանակ.

«Կարելի է առարկել, թե «Սուեզի ջրանցքի ընկերությունը» եգիպտական ընկերություն է, և որ այն ազգայնացնելով՝ գնդապետ Նասերն ընդամենն իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները. որ նա անում է միայն այն, ինչ մենք արել ենք այստեղ։ Դա, իհարկե, այդպես չէ։ Սուեզի ընկերությունը միշտ ունեցել է միջազգային բնույթ, և ժամանակի ընթացքում այդ բնույթն ավելի ակնհայտ է դարձել։ Տարիներ շարունակ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Եգիպտոսի կառավարություններն իրավունք են ունեցել տնօրեններ նշանակել Տնօրենների խորհրդում, իսկ այժմ դրա կազմում են նաև տնօրեններ Միացյալ Նահանգներից, Նիդերլանդներից և Նորվեգիայից»։

Այսպիսով, Անգլիայի վարչապետը հայտարարեց, որ Եգիպտոսի հետ պայմանագրից հետո ջրանցքը դարձել է միջազգային, որ հաստատվել է իրավական նախադեպ, և որ Եգիպտոսն այլևս ինքնիշխանություն չունի ջրանցքի նկատմամբ։

Դրանից հետո Անգլիան, Ֆրանսիան և Իսրայելը հարձակվեցին Եգիպտոսի վրա՝ ջրանցքի ազգայնացումը թույլ չտալու համար։ Սա՝ ի գիտություն նրանց, ովքեր շարունակում են խաղալ տերմինների հետ, որոնք իրենք էլ չեն հասկանում։

Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ