ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նյուլանդին

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նյուլանդին
18.02.2015 | 19:34

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նյուլանդին:

Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ տիկին Նյուլանդի այցը Երևան, նոր շունչ կհաղորդի հայ-ամերիկյան բարձր մակարդակի երկխոսությանը: Հանրապետության Նախագահի համոզմամբ, այսպիսի այցերը լավ հնարավորություն են` քննարկելու ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային հարցեր և համատեղ լուծումներ փնտրելու առկա խնդիրներին:
Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը, ում հետ օրերս է հանդիպել, նույնպիսի ակտիվությամբ կշարունակի իր նախորդի՝ Ջոն Հեֆերնի գործը՝ մեծ ավանդ ունենալով հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների դերակատարությունը մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման գործում, հատկապես՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:
Նախագահը շնորհակալություն է հայտնել բարեկամ Միացյալ Նահանգների կառավարությանը՝ անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:
Վիկտորիա Նյուլանդը գոհունակությամբ է խոսել Հայաստան այցի շրջանակներում մինչ այս պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ունեցած իր հանդիպումների մասին: Նա ընդգծել է, թե Միացյալ Նահանգները պատրաստակամ է քննարկելու Հայաստանին ԱՄՆ հետագա աջակցության հնարավորությունները: Տիկին Նյուլանդը նշել է, որ իր երկիրը խորապես շահագրգռված է օգտակար լինելու Հայաստանին՝ տնտեսության զարգացման, բարեփոխումների, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության կայացման հարցերում և ընդգծել վերոհիշյալ ուղղություններով Հայաստանում արձանագրված դրական ձեռքբերումները: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված միջազգային հավաքական ջանքերին, մասնավորապես՝ Կոսովոյի և Աֆղանստանի խաղաղապահ գործողություններին շահագրգիռ մասնակցության համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում առկա մտահոգությունների վերաբերյալ, քննարկել բանակցություններն ի նպաստ տարածաշրջանի խաղաղության ու կայունության արդյունավետորեն շարունակելու հնարավորությունները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրներին, մարտահրավերներին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընթացիկ տարում Հայաստանում և արտերկրում նախատեսված միջոցառումներին:

Դիտվել է՝ 927

Մեկնաբանություններ