ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Վրեժխնդրությունը պետական քաղաքականության վերածելու վտանգավոր փորձ

Վրեժխնդրությունը պետական քաղաքականության վերածելու վտանգավոր փորձ
20.08.2026 | 10:35

Հարություն Հարությունյանի 1in.am լրատվամիջոցին տված հարցազրույցը լսելուց հետո ակամայից մի հարց է առաջանում․ Հայաստանի իշխանությունները իսկապե՞ս չեն հասկանում, թե ում են ընտրել որպես Հայ Եկեղեցու «բարեփոխման գաղափարախոս»։

Խոսքը նախկին հոգևորական Գարեգին աբեղա Հարությունյանի մասին է՝ այն հոգևորականի, որը 2006 թվականին Մայր Աթոռի պաշտոնական հաղորդագրությամբ կարգալույծ է հռչակվել՝ հնազանդության ուխտը խախտելու համար, և այդ օրվանից կրում է իր ավազանի անունը՝ Հարություն Հարությունյան։

Սա ինքնին մարդուն չի զրկում քննադատելու իրավունքից։ Բայց այստեղ կա մի հսկայական բարոյական և քաղաքական հարց․ ինչո՞ւ է հենց այս մարդը ներկայացվում որպես այն հեղինակությունը, որի խորհուրդներով պետք է «փրկել» և «բարեփոխել» Հայ Եկեղեցին։

Հարությունյանի հրապարակային գործունեությունը Մայր Աթոռի դեմ նոր չէ։

Դեռ 2006 թվականից սկսյալ, առ այսօր նա հանդես է գալիս «կտրուկ բացահայտումներով»՝ եկեղեցական իշխանությանը մեղադրելով հոգևորականների նկատմամբ ճնշումների և այլ մտացածին մեղքերի մեջ։ Այսինքն՝ այսօր մենք գործ չունենք հանկարծակի հայտնված անկողմնակալ «աստվածաբանի» հետ։ Գործ ունենք մարդու հետ, որի անձնական հակադրությունը եկեղեցական իշխանության հետ սկսվել է տարիներ առաջ և տարբեր ձևերով շարունակվում է առ այսօր։

Եվ հիմա իշխանությունը նրան է դիտարկում որպես «բարեփոխիչ»։ Սա արդեն Հարությունյանի խնդիրը չէ միայն։ Սա իշխանության սխալ խաղադրույքն է։

Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իրականում հասկանալ, թե ինչպիսի բարոյական և անձնական պատմություն ունեն իրեն խորհուրդ տվող նախկին և կարգալույծ հոգևորականները, թող պարզապես հարցնի Ստեփան Ասատրյանին, Արման Սարոյանին, Արամայիս Թախմազյանին և մյուսներին՝ ինչ գիտեն Հարություն Հարությունյանի մասին, նրա հարաբերությունների, գործունեության և այն միջավայրի մասին, որից նա դուրս է եկել։

Գուցե այդ զրույցներից հետո իշխանությունը հասկանա, որ կարգալույծ նախկին հոգևորականին եկեղեցու «բարեփոխման» գլխավոր խորհրդատու դարձնելը նույնն է, ինչ վթարված մեքենայի ղեկին նստեցնել դրա ամենակատաղի քննադատին և հետո զարմանալ, թե ինչու մեքենան չի հասնում նպատակակետին։

Հարությունյանի հարցազրույցի ամենախայտառակ հատվածներից մեկը Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի և Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի վերաբերյալ խոսքն է։ Աբրահամ Սրբազանի դեպքում նա հիշատակում է նրա պատժված լինելը, իսկ Հովնան Սրբազանի մասին ասում է, թե չգիտի՝ նրան «վախեցրել են, թե սիրաշահել»։ Սա ի՞նչ է՝ աստվածաբանական վերլուծությո՞ւն, թե՞ անձնական ենթադրությունների շուկա։

Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի վերաբերյալ ևս նա պատմում է անձնական հարաբերությունների, ենթադրյալ խանդի, պատժի և հետագա դիրքորոշման մասին։

Բայց լուրջ հարց է առաջանում․ եթե մարդն ուրիշների մասին խոսում է ենթադրություններով, ինչո՞ւ պետք է նրա սեփական քինախնդիր ենթադրությունները վերածվեն պետական քաղաքականության։

Ավելի զավեշտալին այն է, որ Հարությունյանը պահանջում է, որպեսզի պետությունը «վերցնի խաղը իր ձեռքը» և օրենքով միջամտի եկեղեցական կառավարմանը։

Այսինքն՝ մարդը, որը ներկայացվում է որպես եկեղեցու «փրկիչ», առաջարկում է եկեղեցուն հանձնել քաղաքական իշխանության ձեռքը։

Սա բարեփոխում չէ։ Սա եկեղեցական ինքնավարության քաղաքական քանդման ծրագիր է՝ նախկին հոգևորականի անձնական հակադրությունը պետական լծակներով իրականացնելու հեռանկարով։

Իշխանությունը կարող է սխալվել բազմաթիվ հարցերում։ Բայց եկեղեցու հարցում Հարություն Հարությունյանի վրա կատարած այս խաղադրույքը կարող է լինել ամենավտանգավոր սխալներից մեկը։

Որովհետև եկեղեցուն կարելի է քննադատել և բարեփոխել։ Սակայն այն մարդկանց ձեռքով «բարեփոխել», որոնց սեփական անցյալը պահանջում է առանձին քննություն, արդեն բարեփոխում չէ։ Դա վրեժխնդրությունը պետական քաղաքականության վերածելու վտանգավոր փորձ է։

Հայր Մաշտոց աբեղա Մխիթարյան

Դիտվել է՝ 273

Մեկնաբանություններ