Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՄԱԿԻԱԺ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՄԱԿԻԱԺ»
02.02.2010 | 00:00

Առանձին քննարկման նյութ է` ինչո՞ւ Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունը, իսկ առավել ստույգ` փոփոխությունների դինամիկան այդքան զրոյական է: Բացատրությունները տարբեր են: Խասիաթից է: Քաղաքական վիճակն էն չէ: Կադրային բանկն էլ:
Բոլոր դեպքերում, Սերժ Սարգսյանն այս հարցում առաջնորդվում է «այսօր շուտ է, վաղը` ուշ» սկզբունքով: Արդյունքում` կադրային քաղաքականությունն այլևս չի կարող տալ այն էֆեկտը, որից կարելի էր ահագին «դիվիդիներ» շահել նախ` «փիարի» և, որ ավելի կարևոր է, հանրային սպասումների առումով:
Այնուհանդերձ, կադրային տեղաշարժերի մասին խոսակցությունները կրկին պտույտի մեջ են: Հայկականորեն անկեղծ` ով ում երեսը չի ուզում տեսնել, նրա անունը դնում է շրջանառության մեջ, արդյունքում ողջ կառավարման համակարգում փոփոխություն է սպասվում։ Ժամանակներ առաջ, երբ տեղի էին ունեցել «Տեցի կրուգի» դեպքերը, «դեպքերի» տաք հետքերով հարցախույզ անցկացրինք քաղաքական ուժերի շրջանակում` «արդյոք ովքե՞ր են»: Ամենքը տվեցին իրենց «թույն» հակառակորդի անունը, և «ամենաճշմարտացի» փաստագրումով «ապացուցեցին» իրենց ասածը:
Կլինե՞ն կադրային տեղաշարժեր այս փուլում, երբ հայ-թուրքական և ղարաբաղյան հարցերում հարաբերական անդորր է: Կլինեն: Ոչ տոտալ: Կոսմետիկ: Ոնց միշտ։ Ոչինչ չասող, շատ դեպքերում էլ` ունքը շինելու տեղ, աչքն էլ կտան-կհանեն:
Հա՛, Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունը խիստ խոցելի է կադրերի ընտրության առումով, նույնքան կատարյալ է` իրականացման տեսանկյունից. մինչև վերջին վայրկյանը ոչ ոք չի իմանա` ի՞նչ կա նրա մտքին. Գորիկ Հակոբյանին իսկապես փոխարինելո՞ւ է Գագիկ Հարությունյանի զարմիկը (կփոխարինի` ասում են): Հրանուշ Հակոբյանը «Արի տուն» ծրագրի շրջանակներում կգնա՞ տուն, որովհետև, հասկանում եք, տապալել է ոչ միայն սփյուռքի նախարարության կայացումը, այլև «Հայաստան» հիմնադրամի համար կարգին փող չի հավաքել (աղբյուրները լռում են Սերժ Սարգսյանի` հայ-թուրքականի հաշվով կատարած տուրնեի տապալման մասին): Տիկին Հրանուշը չի՜ հրաժարեցվի, ինչպես չի հրաժարեցվում «մույս»` մշակութային տիկինը: Հրանուշի պարագայում կաշխատի նախագահի աշխատակազմը` ամենավերին մակարդակով, «զի եմք փոքր ածու», և այդ «ածվում» բոլորն իրար խնամի-բարեկամ են: Իսկ, դե, մշակութային տիկնոջ` երբեմնի ՄԱԿ-ի Գուգոյի «Հասոյի» (այ մարդ, ով կուսակցություն ստեղծի, ով նախարար դառնա, հրեն ԲՀԿ նախարարն էլ ՄԱԿ-իստ է, իմ խե՜ղճ Գուգո) պարագան է՛լ ավելի նուրբ է. Սերժ Սարգսյանը Ստեփան Պողոսյանենց «տան տղան է»:
Հասա՜նք ՆԳ նախարարին: Գործ չունենք, ռազմական ոստիկանության ղեկավարը (ասում են` Վովան է նշանակվելու) շատ ծանր է տանում լրագրողների գրածները:
Ինչ վերաբերում է տնտեսական բլոկի նախարարներին, ապա նրանք ևս կմնան, քանզի ունեն նույնքան «լուսապայծառ» բարեկամներ։ Հիշեք, թե ինչպես էր անցյալ տարի հրաժարական ներկայացրել վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ փորձ էր արվել «կպնելու նրա ինքնագիտակցությանը»` ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին: ՈՒ որ վարչապետը շատ կարևոր և գնահատված է Սերժ Սարգսյանի կողմից (էն Բանակի օրն էլ Տիգրանին էին հնարավորություն տվել խոսելու, ո՛չ ուրիշ մեկին, որ «դիդվիդի» շահի, իսկ Սուրբ Սարգսի օրն էլ, ԱԺ-ին կից Սիրահարների այգի` միջոցառման էր մեկնել դարձյալ վարչապետի և Նավասարդ սրբազանի հետ, այսինքն` թիմով), վերջը... հասկացաք:
Ի դեպ, խոսակցություններ են ընթանում նաև փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հաշվով, իբր նրան էլ են հանելու: Խոսակցությունն սկսեց պտտվել այն «դեպքից» հետո, երբ վերջինս հայտարարեց, թե չի բացառվում, որ դառնա ՀՀԿ անդամ: Ոնց երևում է` ՀՀԿ-ում ոմանց սրտով չէ այս «դեպքը»: Համ էլ նույն ՀՀԿ-ում ոնց որ շատերի դուրը չի եկել, որ հունվարի 8-ին` Ծաղկաձորում, մարզպետների հետ խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը լուրջ խնդիրներ է քննարկել վերջիններիս հետ ու նրանց հաշվով` նույնքան էլ լուրջ վերաբերմունք դրսևորել փոխվարչապետի նկատմամբ: Երևի այդ խոսակցություններով ՀՀԿ-ում և «մնացած տեղերում» ուզում են հաճելին զուգակցել օգտակարի հետ ու ևս մի նոր անդամ չունենալ ՀՀԿ-ում, ինչն էլ նշանակելու է, որ վարչապետական թևն ընդհանրապես ուժեղանում է կուսակցությունում։ Հը՞:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2789

Մեկնաբանություններ