«Մենք պատերազմներ չենք փնտրում, մենք պատերազմներ չենք ուզում։ Սակայն եթե մեր եվրոպացի հարևանները, իրենց սխալները ճանաչելու և հասկանալու փոխարեն, պատերազմ ցանկանան՝ դա կլինի բոլորովին այլ պատերազմ և բոլորովին այլ միջոցներով»,- «Al Arabiya»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:               
 

Պատմության շրջադարձային պահերին աշխարհաքաղաքականությունը հաճախ շատ անողոք է լինում

Պատմության շրջադարձային պահերին աշխարհաքաղաքականությունը հաճախ շատ անողոք է լինում
19.02.2026 | 18:29

Այն իրավիճակը, երբ քո վատ վիճակում լինելու համար մեղավոր են բոլորը, բացի քեզնից, դիագնոզ է։

Մի բան, որը տևականորոն բնութագրում է մեզ և որը մեր բացահայտ թուլության ու փակուղային վիճակում գտնվելու նշան է։

Զարմանալիորեն նույն վիճակում է հայտնվել նաև Եվրոպական Միությունը, երբ հանգամանքների բերումով և աշխարհում տեղի ունեցող տեկտոնական փոփոխություններին ի վիճակի չլինելով ադեկվատորեն արձագանքել, ԵՄ-ը հայտնվել է մի իրավիճակում, երբ հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ, առանց հաջողության հույսի, տնտեսապես պարտվում է Չինաստանին և բացահայտ ու սկզբունքային բնույթի ճնշման տակ է ԱՄՆ-ի կողմից, բայց և միաժամանակ շարունակում է իր երևակայական լիբերալ-դեմոկրատական գիծը՝ վտանգի տակ դնելով իր իսկ կայունությունը։

Իսկ ամենից կարևոր վտանգը, որը կախված է ԵՄ-ի գլխին, դա չհասկանալն է, որ, առանց ԱՄՆ-ի միավորող ուժի, ինքն անխուսափելիորեն կտրոհվի առանձին պետությունների, որոնց միջև էլ, բացի դրանից, կան բազմաթիվ հակասություններ ու չլուծված պրոբլեմներ, որոնք, նրա միայնակ մնալով, անմիջապես գլուխ կբարձրացնեն։

Եվ այդ դեպքում էլ, եթե աշխարհում տիրող ուժային մեթոդների տրամաբանությունը թափանցի ԵՄ, որպես նրա ներսի առավել սուր հակասությունների լուծման մեխանիզմ, վիճակը Եվրոպայում կդառնա խիստ պայթյունավտանգ։

Իրադարձությունների զարգացման նման սցենարը չափազանցված չհամարելու համար կարելի է վերհիշել նախկին ԽՍՀՄ-ի և նախկին Հարավսլավիայի վիճակները անցյալ դարի 90-ական թվերին, որոնց մասին դրանից մի քանի տարի առաջ պատկերացում անգամ չէր կարող լինել։

Պատմության շրջադարձային պահերին աշխարհաքաղաքականությունը հաճախ շատ անողոք է լինում և, հատկապես, չի սիրում թույլերին։

Իսկ Եվրոպան հիմա շատ թույլ է, որում համոզվելու համար կարելի է պարզապես հետևել 330 միլիոն բնակչությամբ ԱՄՆ-ի և 450 միլիոն բնակչությամբ ԵՄ-ի հարաբերությունների ընթացքին։ Կամ էլ վերհիշել փոխնախագահ Վենսի մեկ տարի առաջվա ելույթը ԵՄ-ի մասին և կարդալ նաև պետքարտուղար Ռուբիոյի, այդ նույն թեմայով, վերջին ելույթը Մյունխենում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 192

Մեկնաբանություններ