ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Զարթնի՛ր, ա՛զգ իմ, մեզ մտքով կույրն է առաջնորդում

Զարթնի՛ր, ա՛զգ իմ, մեզ մտքով կույրն է առաջնորդում
27.03.2026 | 13:59

Մեզ՝ մեր երկիրն ու մեր ժողովրդին, ճմռթված ու կեղտոտված թավիշով բարուրած, փորձում են գցել թմբիրի դժոխքը։ Կարծես հաջողվել է։ Հայե՛ր, մեռե՞լ են արդյոք մեր միտքն ու հոգին, մեր ցավոտ ու դավոտ հիշողությունը։ Ո՛չ, չե՛ն մեռել, համոզված եմ։

Դե՛, տեսե՛ք, թե ո՞վ է մեզ առաջնորդում՝ հոգով ու մտքով կույրը։ Նա նույնիսկ իր կատարած հանցանքը չի տեսնում և անընդհատ ժխտում է, կա՛մ չքմեղանում, կա՛մ ուրիշներին է վերագրում։ Պատկերացնո՞ւմ եք, որ հանցանք կատարողը խոստովանում է, որ ինքը պատասխանատու է կատարված հանցանքի համար, բայց ինքը մեղավոր չէ։ Իրավագիտության մեջ կա՞ նման հասկացություն, պարզաբանե՛ք, իրավաբաննե՛ր։ Քաղտեխնոլոգներ, որտե՞ղ եք, ասելու բան չունե՞ք։

Թշնամուն շաբաշ տվեց Արցախը, ինքը չէ մեղավոր։ Արցախի գյուղերն ու ճանապարհները տվեց թուրքին, ռուս խաղաղապահներն են մեղավոր։ Հիմա թշնամին անցնում է սողալով առաջ՝ մեր երկրի սահմանները կտրում-ձևում է։ Դա էակա՛ն չէ՛, Նիկոլը «մեղավոր չէ՛»։

Նախկինները շարունակում են բարբաջել՝ երբեմն բացարձակ ճշմարտություն ասելով։ Բայց որպեսզի Նիկոլին քաղաքական հարված տան և ասպարեզից դուրս մղեն, ոչ մի կերպ չեն հրաժարվում իրենց պատգամավորական մանդատից։ Այդ ժամանակ պետության հիմնական և գլխավոր կառույցը՝ Ազգային ժողովը, կզրկվի «ընդդիմությունից», իսկ առանց ընդդիմության պառլամենտը կաթվածահար կլինի, նոր, արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կլինի։ Մեր ժողովուրդը վերջապես իր գիտակցված ընտրությունով կազատվի այս ազգադավ կառավարությունությունից և կփրկի մեր պետականությունը։ Մենք էլ կհավատայինք ու կկանգնեինք նախկինների կողքին, եթե տասնամյակներով իրենց արածների դառնահամը մնացած չլիներ։

Զարթնի՛ր, հա՛յ մարդ, ոտքիդ տակի հողը փախչում է։ Չէ՛, փախցնում են, իսկ դու ռեստորան ես բացում, պիցցայանոց ու ղարսի խորովածանոց ես բացում, շենքեր ես կառուցում՝ հայտնի չէ, թե ո՞ւմ համար։ Շարունակում ես Ռուսաստանի խոպանները շենացնել ու սոված ռուսուհիներին բավարարել։ Ռուսաստանի թոշակի համար քո քաղաքացիությունից ես հրաժարվում։ Այս ի՞նչ ես անում, հա՛յ տղամարդ, քեզ մի լավ, ուժգին սթափության ապտակ է պետք։ Բայց ստացա՛ր, էլի՛։ Ու այսքան ապտակների տարափն էլ քեզ չի սթափեցնում։

Ո՞ւր եք, 44-օրյա պատերազմի առաջին օրերի ոգեղեն հայ տղամարդիկ, որ կամավորագրվեցիք հաղթանակի հավատով։ Մի՞թե դուք չեք վիրավորվում, որ ձեր այդ ոգեղենության վրա ապականություն լցրեցին։ Ես երբե՛ք այսպես սուր և դառնախոսք չեմ խոսել մեր տղամարդկանց մասին։ Այսօր իմ խոսքը սովորական դարձած քննադատություն չէ, այլ, կրկնում եմ, սթափության հորդոր է։

Հայե՛ր, սիրելի՛ հայեր, մենք երկիր, պետականություն, ժողովուրդ ենք կորցնում։ Հոգով կույր այս մարդը փորձում է մեզ զրկել հայրենիքից, պետականությունից, ինչպես որ զրկեց արցախցիներին մեր և իրենց հազարամյա հողից, տուն ու տեղից։ Ես չեմ կարող և չեմ ուզում հետևել մտքով և հոգով կույրին, որի համար չկան Ազգ և Հայրենիք սրբությունները։ Մե՛նք, միայն մե՛նք ենք մեր երկրի տերն ու մշակը, և օտարի ծառային չենք հանդուրժի։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 20866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

href="hy閸1357892444/1572554034">Կե­րակ­րա­տաշ­տին մոտ ե­ղան, խոզ քեր­թո­ղին Նա­պո­լեոն կկար­գեն