Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Հայ Եկեղեցու համազգային բնույթը ասիմետրիկ է նիկոլական օրակարգին

Հայ Եկեղեցու համազգային բնույթը ասիմետրիկ է նիկոլական օրակարգին
25.09.2026 | 12:42

Ես էլ կարդացի «73 էջանոց պարականոնությունը»։ Անկեղծ կասեմ՝ բնավ չզարմացա, քանի որ այդ ամենի մասին տասնյակ անգամներով հայտարարել է անձամբ Փաշինյանը։

Կարմիր թելի նման անցնում էր այն հետագիծը և այն կոնկրետ թեզերը, որոնց վերաբերյալ նա վաղուց ձևակերպել է իր հստակ կեցվածքն ու մոտեցումը։ Ասեմ ավելին՝ լուրջ կասկածներ ունեմ, որ ողջ այդ բառակույտի կնքահայրն անձամբ Նիկոլն է, պարզապես այս անգամ թեման «սղղցրել» են ՊՈԱԿ-ով՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի քաղաքական խոսքին պետական փաստաթղթի տեսք տալու համար։

Ըստ էության՝ հենց այստեղ է զեկույցի էությունը։ Առաջին հայացքից այն փորձում է ներկայանալ որպես ուսումնասիրություն, մինչդեռ իրականում Փաշինյանի՝ տարիներ շարունակ շրջանառվող քաղաքական գնահատականները հավաքելու, դասավորելու և դրանց փաստաթղթային կշիռ հաղորդելու փորձ է։ Նախ՝ ձևակերպվել է քաղաքական դիրքորոշումը, հետո դրա շուրջ կառուցվել է «զեկույցը»։

Իրականում, դրա լեզուն էլ պատահական չի ընտրված։ Եկեղեցու ներքին, հոգևոր և կանոնական կյանքի հարցերը դուրս են բերվում իրենց բնական միջավայրից ու ներկայացվում պետական կառավարման, հաշվետվողականության, արդյունավետության կամ նույնիսկ հանրային անվտանգության տրամաբանությամբ։ Արդյունքում՝ Եկեղեցին սկսում է ընկալվել որպես կառույց, որի «ճգնաժամը» կարող է ախտորոշել, իսկ «լուծումը»՝ առաջարկել պետությունը։

Բայց Փաշինյանի խնդիրը, կարծես, միայն այսքանով չի սահմանափակվում։ Փաստացի նա իր առջև դրել է ոչ թե զուտ Վեհափառին հեռացնելու և նրանից ազատվելու խնդիրը։ Նրա իրական խնդիրը «Ամենայն Հայոց Հայրապետ» տերմինի հետ է։

Քանի որ նա անընդհատ հայտարարում է, որ «ՀՀ սահմաններից այն կողմ հայրենիք չկա», իսկ նմանօրինակ ցանկացած հայտարարություն ներկայացնում որպես պատերազմի և ռևանշիզմի ճանապարհ, «Ամենայն Հայոց»-ը, նույնպես, հայտնվում է այդ տրամաբանության մեջ։ Նա իր համար փորձում է սարքել «Հայաստանյայց Եկեղեցի»՝ «Հայաստանյայց Կաթողիկոսով»։

Առաջիկայում նա կանոնսի այս մասին, չկասկածեք, ու, օրինակ, կհավելի, որ «Էջմիածնում նստող կաթողիկոսը չի կարող սպասարկել կամ լինել Արգենտինայում, Մոնրեալում կամ Ջակարտայում ապրող հայի հոգևոր հայրը», ու անամոթաբար բոլորին կհամոզի, որ «ժողովուրդ ջան, սա պատմական նոնսենս է. ՀՀ տարածքում նստող Կաթողիկոսը չի կարող այլ երկրի քաղաքացու Կաթողիկոսը լինի, նա պետք է լինի ՀՀ քաղաքացունը» («ես 29,743 հազար քառակուսի կիլոմետրի վարչապետն եմ»-ի տրամաբանությամբ):

Ըստ այդմ՝ արդեն պարզ կդառնա, որ այս ամբողջ գործընթացի խորքում միայն Վեհափառի անձի հարցը չէ, առավել ևս՝ «եկեղեցին բարենորոգելու». թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը, որը նիկոլական օրակարգի հետ ասիմետրիկ է ու չի համապատասխանում նրա արժեհամակարգին:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 228

Մեկնաբանություններ