«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Հերոսների նկարները. Թեհրան և Երևան

Հերոսների նկարները. Թեհրան և Երևան
29.06.2026 | 10:56

Ձախից Թեհրանի մետրոյի Սուրբ Մարիամ հայկական կայանի կենտրոնական պատին 80-ականների պատերազմում նահատակված հայ հերոսների դիմանկարներից մեկն է։ Իսկ աջից՝ 44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի պատկերն է, որը Ռոբերտ Աբաջյանի ու մեր մյուս անմահ նահատակների պատկերների հետ ջնջվել է Երևանի պատերից։

Թեհրանի կայարանի գրեթե բոլոր պատերը հիշողության տարածք են դարձել: Մի կողմում հայրենիքի համար զոհվածների դիմանկարներն են, մյուս կողմում աստվածաշնչյան թեմաներով որմնանկարներ: Պատերազմներում զոհվածների գրաֆիտիները, լուսանկարներն ու պաստառները գրեթե ամեն քայլափոխի են: Այդ հարգանքին արժանանում են Իրանի համար կյանքը զոհաբերած բոլոր քաղաքացիները, նաև հայերը:

Հայրենիքի համար կյանքը տված հերոսների հիշատակի հանդեպ ցանկացած անարգանք, լուսանկարների հեռացումը դպրոցներից, պատկերների միտումնավոր վնասումը կամ ջնջումը հասարակության հոգևոր և բարոյական հիմքերի խարխլում է։ Մեր հերոս տղաների պատկերները մեր քաղաքների պատերին ընդամենը հիշեցում էին մեզ՝ ապրողներիս, թե ինչ գնով է պահվում այս հողը: Նրանց նկարները ջնջելով՝ փորձ է արվում հանրային տարածքից հեռացնել մեր հավաքական հիշողության խորհրդանիշները։ Գուցե հնարավոր է պատից ջնջել հերոսի պատկերը, բայց անհնար է ջնջել նրա սխրանքը ժողովրդի հիշողությունից։ Սա մեր ազգային հիշողության, երախտագիտության և բարոյական արժեքների նկատմամբ անարգանքի դրսևորում է։

Եկեք քննենք հոգևոր լույսի ներքո․

1․ Քրիստոնեական ընկալմամբ՝ հանուն հայրենյաց և մերձավորների նահատակված զինվորներն իրենց անձնազոհությամբ հիշեցնում են այն սիրո մասին, որի կատարյալ օրինակը Քրիստոս Ինքն է. «Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար» (Յովհ. 15:13):

2․ Նրանց պատկերները ջնջելով՝ հնարավոր է փորձել խամրեցնել հասարակական հիշողությունը, բայց ոչ երբեք այն պատիվը, որ Աստված շնորհում է արդարին։ Սուրբ Գիրքն ասում է. «Արդարների յիշատակը մնալու է գոհաբանութեամբ, բայց ամբարիշտների անունը պիտի ջնջուի» (Առակ. 10:7):

3․ Երկրային պատերից հնարավոր է ջնջել հերոսի պատկերը, բայց հնարավոր չէ ջնջել ժողովրդի երախտագիտությունը, պատմության մեջ նրա անունը և այն զոհաբերության հիշատակը, որով պահվել է հայրենիքը։

4․ Վարդանանց պատերազմից հետո Եղիշեն գրեց «Վարդանի և հայոց պատերազմի մասին» մատյանը՝ սերունդների հիշողության մեջ անմահացնելու նրանց հերոսական պատկերն ու գործը:

5․ Նահատակված զինվորի պատկերը ջնջելը և այն ավելի պատվավոր վայրում չվերականգնելը նշանակում է խզել կապը աստվածատուր հայրենիքի, պատվի և զոհաբերության հիշողության հետ: Աստվածաշունչն ասում է, որ արդարների հիշատակն օրհնությամբ է, իսկ անօրեններինը՝ մոռացության է մատնվելու:

Ամփոփում․ Այսօր խնդիրը սոսկ հեռացված պատկերները չեն, այլ մեր հավաքական հիշողության, մեր ինքնության և մեր արժեհամակարգի պաշտպանությունը։ Արդարների հիշատակը չի պահպանվում միայն քարով կամ ներկով։ Այն պահպանվում է երախտագիտությամբ, անդադար աղոթքով և մեր երեխաների հոգևոր ու հայրենասիրական դաստիարակությամբ։ Երբ ժողովուրդը դադարում է պատվել իր նահատակներին, սկսում է մոռանալ նաև այն արժեքները, որոնց համար նրանք զոհեցին իրենց կյանքը։ Իսկ ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վաղ թե ուշ վտանգում է նաև իր ապագան։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 241

Մեկնաբանություններ