Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Դադարեցվել է Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի դպրոցի ֆինանսավորումը

Դադարեցվել է Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի դպրոցի ֆինանսավորումը
28.12.2018 | 11:30

Գրոսմայստերներ Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի 2012-ին Երևանում հիմնած շախմատի դպրոցը, որի նպատակն էր՝ աջակցել 10-18 տարեկան պատանիների և աղջիկների շախմատային զարգացմանը, նպաստել շախմատի տարածմանը, խնդրի առջև է կանգնել` դադարեցվել է պետության ֆինանսական աջակցությունը: «Քանի որ պարապմունքներն անցկացնում էինք նախկին «Միկա» մարզահամալիրում, որը դպրոցի գործունեությունը սկսելու ժամանակ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի ենթակայության տակ էր, ֆինանսավորումը ստանում էինք ուսումնական կենտրոնից: Հետագայում Մարզահամալիրն անցավ Սպորտի և երիտասարդության նախարարության ենթակայության տակ, իսկ ուսումնական կենտրոնից պատճառաբանեցին, թե սպորտի հետ այլևս առնչություն չունեն, չեն կարող բյուջեի քննարկումների ժամանակ շախմատի համար գումար ուզել, և հոկտեմբերի 5-ից դադարեցրին ֆինանսավորումը: Դպրոցում սովորում էր 20 երեխա: Հանդիպել ենք ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Լևոն Վահրադյանի հետ, ներկայիս նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի հետ, սակայն հանդիպումները ցանկալի արդյունք չեն տվել», - 168.am-ի հետ զրույցում ասաց Գաբրիել Սարգսյանը:


Գրոսմայստերն ընդգծեց, որ չնայած աշակերտների փոքր քանակին՝ վերջին 3 տարիների 8 մեդալներից 6-ը իրենց շախմատի դպրոցի սաներինն է, վերջին 2 տարիների մեդալներից 4-ն էլ դպրոցի սաներն են նվաճել: Դպրոցի երկու աշակերտներ էլ դարձել են միջազգային գրոսմայստերներ: «Մեզ համար շատ ցավալի է, որ բազմաթիվ նվաճումներ գրանցած դպրոցը պետության կողմից չունի աջակցություն: Հիմա փորձում ենք հովանավոր գտնել», - նշեց Գաբրիել Սարգսյանը:


168.am-ը կապ է հաստատել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամլո խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանի հետ: Նա հայտնեց, որ «Միկա» մարզակառույցն է գտնվում նախարարության ենթակայության ներքո, ոչ թե խմբակները: «Այնտեղ մարզումներ անցկացնող խմբակները հո չե՞ն անցել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Կան մարզադպրոցներ, որոնք ունեն այլ գերատեսչական ենթակայություն: Հաջորդ տարվա համար ծրագրեր կան՝ ինչ-որ փոփոխություններ կատարել՝ մարզադպրոցների ենթակայությունների հետ կապված: Տեսնենք, թե ի՞նչ կլինի, Կառավարության կազմն ինչպիսի՞ն կլինի, գործառույթներն ու ծրագրերը ո՞ր նախարարությունը, գերատեսչությունը կիրականացնի: Ամեն ինչ կկարգավորվի, այնտեղ գերատեսչական պատկանելության հետ կապված հարցեր են, կլուծվեն: Խնդիրը նախարարի հետ քննարկվել է, ու լուծում տրվելու է միանշանակ», - հայտնեց Աստղիկ Մարտիրոսյանը:

Դիտվել է՝ 2034

Մեկնաբանություններ