Ալյասկայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը ավարտվել է առանց ՈՒկրաինայում հրադադարի համաձայնագրի կնքման։ Թրամփը հայտարարել է, որ հիմա «ամեն ինչ կախված է Զելենսկուց»։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները համաձայնել են շուտով կրկին հանդիպել։ Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։               
 

Այգաբացն իմ հայրենի լեռներում

Այգաբացն իմ հայրենի լեռներում
15.08.2025 | 11:13

Այգաբացն իմ հայրենի լեռներում անկրկնելի է ու չքնաղ: Պարզկա, աստղաշատ գիշերը ծեր կնոջ նման դժվարությամբ է հավաքում իր սև շրջազգեստի փեշերը անդնդախոր ձորերից:

Գիշերը չի ուզում զիջել իր իշխանությունը Արևին: Սակայն երկինք մխրճված հինավուրց լեռները չեն ուզում հնազանդվել Գիշերին, պատռում են նրա սևաթույր կուրծքն ու ողջունում Արեգակի մուտքը, քանզի Արևը նրանց քարեղեն, հուժկու սրտում իր կարմիր կրակն է վառել:

Արթնանում է Արևը: Գեղեցկուհու նազանքով տարածում է ոսկեզօծ վարսերը և շաղ տալիս հպարտ լեռների ճերմակ գագաթներին, գրկում է իր ոսկեհուռ մատներով նրանց առնական պարանոցը:

Թելաշարից պոկված ու փայլուն ուլունքների նման շաղ եկած աստղերը Արևի պայծառությունից խամրում ու գունատվում են մեկեն և թաքնվում, կորչում տիեզերքի անհունում: Արևն իր ողջ շքեղությամբ կռթնում է ձյունապատ լեռների աստվածամերձ կատարներին, որոնք նրա ճառագայթներից փայլում են երփներանգ ադամանդի պես:

Արևը հպարտ, սիգաճեմ բարձրանում է երկնակամարով ու անփութորեն չորս կողմ նետում իր շքեղ ծիրանիի քղանցքները:

Լեռների կուրծքը զարդարող սաղարթախիտ ծառերը սվսվում են վաղորդյան հովից և հանդարտ բացում Արևի պայծառ լույսից կկոցած աչքերը: Թաքստոցից դուրս ցատկած քարայծը, քարերը գլորելով, կանգնում է ժայռի կատարին և դիմավորում այգաբացը, որն ամեն օր դյութիչ հեքիաթի նման նորովի է կրկնվում:

Լեռների Արծիվը հպարտ ու ասես արհամարհանքով է նայում լեռներն ի վար` դեպի անդնդախոր ձորերը, ապա թափահարում է հուժկու թևերն ու թռչում լեռներն ի վար` իր որսն անելու:

Շուտով դաշտերում և այգիներում հայտնվում են շինականները` իրենց առաջին աղոթքն ասելու Արևին ու Հողին և արդար աշխատանքին:

Սկսվում է Աստծո Օրը, որ նաև մարդունն է:

Խաղաղ է ու ստեղծագործ մեր լեռների լանջերին ապրող մարդը:

Եվ այդ խաղաղ և ստեղծագործ Ոգին տարածվում է լեռներն ի վեր և անդունդներն ի վար, սփռվում է դաշտերում և անդաստաններում, արտերում և այգիներում և մարդկանց հոգում:

Գեղեցիկ է ու կախարդիչ այգաբացն իմ հայրենի լեռներում:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

1969 թ.

Հ.Գ․

ՈՒ՞ր կորան կախարդական ու հոգեհմա, բարի խաղաղությամբ լեցուն մեր Այգաբացները:

Ո՞վ խորտակեց մեր հուզառատ, երազներով լի և անվրդով Այգաբացները:

Նզովք նրան․․.

Դիտվել է՝ 624

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ