ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում բացվեց համակարգչային լսարան

Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում բացվեց համակարգչային լսարան
20.11.2014 | 19:12

Նոյեմբերի 20-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բացեց կահույքով, ժամանակակից տեխնիկայով, ծրագրային ապահովումներով հագեցած հերթական համակարգչային լսարանը։

Սա Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից զորամասերում և զինվորական կրթական հաստատություններում բացված 8-րդ համակարգչային լսարանն է։ Բացման պատիվը վերապահված էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։
Ռազմական ինստիտուտում համակարգչային լսարանի բացումը կատարվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ Ուսանողության միջազգային տոների առթիվ երիտասարդական հիմնադրամը նվեր է պատրաստել նաև ռազմական կրթություն ստացող ուսանողների համար։ «Սա մեր փոքրիկ պարտքն է ՀՀ զինված ուժերին։ Իր հնարավորությունների սահմաններում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը միշտ տարբեր ծրագրեր է իրականացրել հայոց բանակում։ Երիտասարդական հիմնադրամը շարունակելու է զինվորական ուսումնական հաստատություններում և զորամասերում նման լսարանների հիմնումը»,- ասաց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ նորաբաց լսարանն ինստիտուտի սաներին կօգնի ավելի լավ ու արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը։ Առաջիկայում լսարանը կհարստացվի նաև էլեկտրոնային գրադարանով։
Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Աշոտ Մելքոնյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ ինստիտուտում համակարգչային լսարան բացելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, և հիմնադրամի խոստումը չուշացավ։ Ինստիտուտի պետի տեղակալը տեղեկացրեց, որ կուրսանտներին սովորեցնում են ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների տարրերը, տարբեր ծրագրեր, ծրագրավորում, ցանցային աշխատանքի կազմակերպում։ «Նպատակ ունենք շուտով զորամասերում ծառայող սպաների համար կազմակերպել նաև հեռահար կրթություն, որպեսզի առանց զորամասերից կտրվելու տեղում կարողանան պատրաստվել հետագա լրացուցիչ ուսուցման համար»,- նշեց գնդապետ Մելքոնյանը։

Դիտվել է՝ 5844

Մեկնաբանություններ