Վանաձորի միջով անցնող Փամբակ գետի տարբեր հատվածներում բնակիչները հող են լցնում, չորացնում այն և չորացված հատվածներում, օրինակ` բենզալցակայաններ ու առևտրի հարթակներ կառուցում: Այսպես շարունակվելու դեպքում, շուտով Հայաստանի քարտեզից Փամբակ գետը կվերանա:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ի տեսուչներն ու փորձագետներն այցելեցին «դեպքի վայր»: Ամեն ինչ իրենց աչքով տեսան, նույնիսկ զրուցեցին ենթադրյալ իրավախախտների հետ: Ի վերջո, վերջիններս փաստաթուղթ կազմեցին և այն ՀՀ քննչական կոմիտե ուղարկեցին: Ըստ քննիչի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի փաստաթուղթը, որն, ըստ էության, փորձագիտական եզրակացություն է, հիմք չէ քրեական գործ հարուցելու համար: Կրկին անհրաժեշտ է փորձաքննություն: Հուլիսին քննիչը «Փամբակի գործը» կրկին փորձաքննության ուղարկեց (այդ դեպքում, ի՞նչ իմաստ ուներ տեսչության փորձաքննությունը): Շուտով դեկտեմբերն է: Փորձաքննությունից որևէ լուր չկա:
Այժմ ինքներդ հաշվեք, թե որքան ռեսուրսներ են ծախսում հարկատուները «Փամբակի գործի» վրա այն դեպքում, երբ գործը տեղից չի շարժվում: Կարծում եմ` «Փամբակի գործը» դեռ երկար կտևի: Դա հո «սրբազանների գործը» չի, որ արագ ընթանա: Ինչ-որ «դժբախտ և դժգույն» գետ է Փամբակը: Բա Հայաստանին պե՞տք է այդ գետը: Իհարկե, պետք չէ: Ավելի լավ չէ՞ այլ գործերով զբաղվենք, օրինակ` հայազգի «փորձագետներին» ՀՀ հարկատուների հաշվին Բաքու ուղարկենք, տարօրինակ ցորեն ներմուծենք, ֆեյք քահանաներ բուծենք, վերջիններիս մատուցած պատարագներին մասնակցենք, Վեհարանը գրավելու նախապատրաստություն տեսնենք ...
Իսկ Փամբա՞կը: Իսկ Փամբակը չորացնողները Սամսոնյան Նարեկն ու Սաղաթելյան Վազգենը չեն, որ կալանավորվեն:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ