Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ԲՀԿ-ն` ընդդիմադիրի «մորթով» ու «փրկչի» դիմակով

ԲՀԿ-ն` ընդդիմադիրի «մորթով» ու «փրկչի» դիմակով
18.04.2013 | 18:10

ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը երեկ Աջափնյակի բնակիչների հետ հանդիպման ժամանակ լրագրողներին պարզաբանել է, թե ինչու չսատարեցին Րաֆֆի Հովհաննիսյանին: «Բացարձակ վստահություն չունեինք ընտրական համակարգի վրա»,-ասել է Օսկանյանը: Նույն պատճաբանությամբ նախագահական ընտրություններին չմասնակցեցին ՀՅԴ-ն ու ՀԱԿ դաշինքը: Պատճառաբանությունը` ուռճացված ընտրացուցակներն էին: Նախագահական ընտրություններից հետո իշխանությունը ընտրացուցակների ճշտմամբ չի զբաղվել, այս ուղղությամբ որեւէ աշխատանք չի տարվել, ու մայիսի 5-ին էլ երևանցիները գնալու են քաղաքապետ ընտրելու նույն ցուցակներով: Այսինքն, ցուցակները նույնն են, բայց վերը հիշատակված երեք ուժերն էլ, որոնցից ՀԱԿ դաշինքի մաս կազմող մի հատված հիմա հանդես է գալիս Հայ ազգային կոնգրես կուսակցություն անվամբ, այսօր մասնակցում են ընտրություններին` յուրաքանչյուրն իր ցուցակով: Միաժամանակ հայտարարում են, թե միասին աշխատելու են ընտրակեղծիքները բացառելու ուղղությամբ, և ԲՀԿ-ն էլ արդեն խոսում է ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման մասին:
Հարց է, թե ԲՀԿ տեսախցիկներն ինչպես են վերահսկելու ընտրական գործընթացը, ու նկարահանված փաստերն ինչպես են օգտագործվելու, քանի որ դեռևս մեկ տարի առաջ` խորհրդարանական ընտրություններին, այս ուժերը հայտարարեցին ընտրակեղծիքների դեմ միասնական պայքարի մասին, և նույն ԲՀԿ-ն իր տեսախցիկներով իբր հետևում էր ընտրություններին, բայց վերջում ոչ մի փաստ չտրամադրեց` որպես ընտրակեղծիքի ապացույց: Հայտնի է, որ այն ժամանակ ԲՀԿ-ն ընտրակաշառքով պարզապես գնեց իր ձայները ու արդյունքում խորհրդարան մտավ 36 մանդատով, իսկ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն մնացին նվազագույն շեմի հույսին: Հիմա ինչ երաշխիք ունեն այս ուժերը, որ ԲՀԿ-ն նույն կերպ չի վարվի:
Մյուս հարցն այն է, թե ինչ փոխվեց մի քանի ամսում, որ այս ուժերը, նախագահական ընտրություններին իրենց չեզոք պահելով, գոնե` առերևույթ, այսօր աչք են փակում ընտրացուցակների վրա: Քաղաքական ընտրություններին քվեաթերթիկներն անվավեր դարձնելը քարոզչական մի մեծ քայլերթի առիթ էր դարձել. այն քարոզվում էր ոչ միայն հայտարարություններով, այլև սոցիալական ցանցերում և այլ ճանապարհներով: Դրանով նաև ինչ որ առումով արշավ էր սկսված ընդդիմադիր դիրքերից հանդես եկող թեկնածուների դեմ, քանի որ, եթե կա ընտրությունները չբոյկոտած գեթ մեկ ուժ, ապա մասնավոր բոյկոտները այլ երանգ են ստանում` քաղաքական շահերի դիտանկյունից:
Օսկանյանը ավագանու ընտրություններին ԲՀԿ մասնակցությունը պատճառաբանել է այսպես. «Ժամանակն է պատասխանատվություն վերցնել»: Միաժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական պայքարին չմիանալու մասին ավելացրել է` «վստահ չենք, որ փողոցով հնարավոր է փոխել»: Փողոցային պայքարի նկատմամբ ԲՀԿ հակակրանքի մասին վաղուց է հայտնի: ԲՀԿ-ն մեկ անգամ չէ, որ տարբեր կուսակցականների շուրթերով փորձել է հավատացնել, թե ընդդիմություն է, արդյունքում` իրեն պահել է որպես իշխանական կոալիցիայի մաս: Երեկ նաև ասվել է, թե կարող են երեք ուժերը միանալ և քաղաքապետի միասնական թեկնածու ընտրել: Հարց` կհավաքե՞ն երեք ուժերը բավարար չափով ձայներ` քաղաքապետի միասնական թեկնածու ընտրելու համար: Իսկ եթե չհավաքեն, ու ԲՀԿ-ն էլ փողոց դուրս չգա, ի՞նչ են անելու ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2889

Մեկնաբանություններ