Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ՀԱԿ-ն իր «առաքելության» լաբիրինթոսում մոլորվել է

ՀԱԿ-ն իր «առաքելության» լաբիրինթոսում մոլորվել է
16.05.2013 | 19:31

Ընդհանրապես, ընդդիմություն ասելով հասկանում ենք արդարության հաստատման համար պայքարող մարտիկ, քանի որ եթե ինչ-որ ուժ դեմ է գործող վարչախմբին, դա նշանակում է, որ դեմ է անարդարությանը, անօրինականությանն ու ամենաթողությանը: Նման ընդդիմություն էր ժամանակին ընկալվում նաև ՀԱԿ դաշինքը, քանի որ ազնվագույն արժեքների մասին էր շեփորում: Բայց, ինչպես ասում են, մինչև մեկի հետ ճամփա չգնաս, հաց, տվյալ դեպքում` հոգևոր հաց չկիսես, այդպես էլ գլխի չես ընկնի` ում հետ ես կիսել ճանապարհդ ու հացդ: 2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին իսկ օրից Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա հետ «ճամփա ընկած» մարդիկ հենց դրա դեմ էլ խոսում էին` երկրում տիրող անարդարության: Հետո ստեղծվեց Հայ ազգային կոնգրես դաշինքը, և մարտավարության տրամաբանությունը չփոխվեց` ընդդեմ անարդարության ու անօրինականության բոցաշունչ ելույթներ: Էլի ժամանակ անցավ, ու դաշինքը, որից շատ քաղաքական ուժեր արդեն հեռացել էին, դարձավ կուսակցություն: Սրան նախորդած իրադարձություններն առայժմ մի կողմ թողնեմ (դրանց մասին խոսելու առիթ դեռ կլինի) ու անցնեմ ՀԱԿ(կ)-ին: Հա, ի դեպ, վերջին «կ»-ի դեմ առարկողներին հիշեցնեմ, որ ՀՀ կուսակցությունների մասին օրենքի Հոդված 6-ի առաջին կետում պարզ հայերենով գրված է. «Կուսակցության անվանումը ներառում է «կուսակցություն» բառը»: Սա, ինչպես ասացի, ի դեպ: Ու սա չէ խնդիրը, քանի որ մեկ տառի ավել-պակասը որևէ քաղաքական ուժի վրա էական ազդեցություն չի ունենում, եթե կարևորվում է բովանդակությունը, այլ ոչ ձեւը: Խնդիրը ՀՀՇ «մատոռով» ՀԱԿ-ի վարքագիծն է:
Օրերս չորս նախկին ՀՀՇ-ականներ` Ալեքսանդր Արզումանյան, Հովհաննես Իգիթյան, Արարատ Զուրաբյան, Կարապետ Ռուբինյան, հայտարարեցին նոր ՀՀՇ ստեղծելու մասին, որին անմիջապես հետևեց նախկին ՀՀՇ-ական, այժմ` ՀԱԿ-ական Վահագն Հայոցյանի հայտարարությունը, թե ՀՀՇ անունը մարդիկ, այսպես ասած, իրենցով են արել` ՀԿ են ստեղծել, պարզ է, հատուկ նպատակով, իսկ այդ հատուկ նպատակը նոր ՀՀՇ ստեղծելու փորձը կանխելն է եղել: Մնում է միայն հասկանալ, թե ինչ կարիք կար վերափոխվելու ՀԱԿ-ի, եթե ՀՀՇ անունն այդքան հարազատ էր իրենց: Եթե չէին խորշում «գեղի կլուբ» անվանված, բարոյազրկված, հեղինակազրկված անունից, ուրեմն ինչո՞ւ չէին պայքարում ՀԱԿ-ի ստեղծման գաղափարի դեմ, կամ ինչո՞ւ էին մտնում ՀԱԿ, եթե կարող էին մնալ որպես ՀՀՇ կուսակցություն, որը ոչ միայն Հայաստանի երրորդ հանրապետության պատմության հիմքերում է կանգնած, այլև իրենց կյանքի պատմության մի մասն է: Ինչո՞ւ չընդդիմացան նախկին ՀՀՇ-ականներն իրենց առաջնորդ Տեր-Պետրոսյանի, իրենց ներկայացմամբ, կուսակցության անվանափոխմանը: Իրենց ներկայացմամբ, քանի որ գոնե ինձ` նախկին ՀՀՇ-ականիս համար դա բոլորովին այլ կուսակցություն է` համալրված նախկին ՀՀՇ-ականներով, բայց ոչ երբեք նախկին ՀՀՇ-ն: Երեկվա` ՀՀՇ անվամբ ՀԿ-ի հայտարարությունը միայն քամահրանք կարող է առաջացնել, քանի որ ՀԿ ստեղծելու շարժառիթները նույնիսկ քաղաքականությունից հեռու մարդուն են պարզ: Ուրեմն նախկին ՀՀՇ անդամները, իրենց նախկին կուսակցական ընկերներին լավ ճանաչելով, կռահում էին` ՀՀՇ անունը վերջիններիս այնքան հարազատ է, որ նրանք կարող են նոր ՀՀՇ ստեղծել, և շտապել են նույնանուն հասարակական կազմակերպություն բացել, հիմա էլ հայտարարություն են տարածում, թե` էդ անունը մերն է, ձեռք չտաք: Ստացվում է` ավազակապետության դեմ պայքարի ելած, իսկ ավելի ուշ երկրի խոշոր օլիգարխներից մեկին իշխանությունից կտրելու «առաքելությունն» ստանձնած ուժը, իր իսկ հռչակած արժեքների մասին իսպառ մոռանալով, ընկել է նախկին կուսակիցների հետևից:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2471

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ