Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում: «Օրերս եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել է Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»,- ընդգծել է Լավրովը:               
 

Իշխանությունը կորցնում է այն ընտրողների ձայները, որոնք Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ գործողություններն անընդունելի են համարում

Իշխանությունը կորցնում է այն  ընտրողների ձայները, որոնք Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ գործողություններն անընդունելի են համարում
19.12.2025 | 14:02

Եկեղեցի-իշխանություն հարաբերությունների շուրջ ծավալվող քաղաքական գործընթացները բավականին դժվար է վերլուծել և քաղաքագիտական գնահատականներ տալ: Թերևս մի իրողություն կա, որն ակնհայտ երևում է, և հանրության համար սա լրիվ հասկանալի է:

Արցախյան երկրորդ պատերազմից հետո մի շարք կենտրոններից և նաև Էջմիածնից հնչեց վարչապետի հրաժարականի պահանջը: Եվ, երբ գործող իշխանությունը գնաց 2021թ. արտահերթ ընտրությունների և բավականին սուր ու համառ պայքարում կարողացավ վերարտադրվել, իր առջև ընդդիմությանը սատարող ուժ տեսնում էր նաև հոգևորականությանը: Փաստացիորեն դրանից հետո թաքնահարույց սառը պատերազմը միշտ ուղեկցել է իշխանություն-եկեղեցի հարաբերություններին, որոնք չեն կարգավորվել, և սառույցը չի հալվել: Տավուշի և Շիրակի հոգևոր թեմերի առաջնորդների ձերբակալումը ևս այդ մասին է վկայում: Այս առումով, թերևս, հասկանալի է ներկայիս առճակատումը հոգևոր և աշխարհիկ իշխանությունների միջև, որովհետև 2026 թ. ընտրություններից առաջ բարձրաստիճան հոգևորականության քաղաքական ակտիվ մասնակցությունը խիստ անցանկալի է կառավարող ուժերի համար: Դեռևս պարզ չէ, թե ներկա առճակատումը որքանով կարող է ընդլայնել իշխանության և ընդդիմության ընտրազանգվածը: Այստեղ կան և՛ պլյուսներ, և՛ մինուսներ: Պարզ է, որ իշխանությունը կորցնում է այն հավատացյալ ընտրողների ձայները, որոնց համար անընդունելի են կաթողիկոսի դեմ գործողությունները: Միաժամանակ Էջմիածնի կաթողիկոսությունը ռուսական ազդեցության գործակալ ներկայացնելու թեզը շատ գոհունակությամբ է ընդունվում ինքնիշխանության ջատագով և հակառուսական տրամադրություններով տարված քաղաքացիների կողմից: Վերջիններս բավականին ակտիվ են բոլոր հարթակներում, Արցախի կորստի մեջ Ռուսաստանին հղվող մեղադրանքները չեն իջնում հանրային քննարկումներից, դրան են նպաստում նաև զանգվածային լրատվամիջոցներում անընդհատ հայտնվող արևմտամետ քարոզիչները: Հանրության մեջ կա նաև առավել սթափ մտածող և ընդդիմություն-իշխանություն ձևաչափից դուրս մի մեծ հատված: Ի դեպ, իմ կարծւքով, այս հատվածը կարող է առավել մեծ լինել: Այս հատվածում այն քաղաքացիներն են, որոնց կարծիքով նախընտրական տարում և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը պետք է հանդես գան հաշվետվությամբ և ապագա գործունեության ծրագրերով: Նրանց համար կրոնական թեմաներով այս քաշքշոցը ազգի և նրա ապագայի, զարգացման ու անվտանգության առումով տարօրինակ է և անհասկանալի: Խորհրդային ժամանակներում աթեիստական գաղափարներով դաստիարակված քաղաքացիները ևս մեր հասարակության մասն են կազմում: Վերջում կցանկանայի նշել, որ երբեմն ընտրություններին շատ մոտ կարող են ներքին ու արտաքին քաղաքական անսպասելի տեղաշարժեր լինել, և ներկայիս իրադարձությունների վրա կառուցվող սպասելիքները կարող են արագ փլուզվել: Հիշենք, որ վճռորոշ կոմպրոմատները հրապարակվում են մեկ ամիս առաջ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ