Դեկտեմբերի 19-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքում գրել է. «Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը, որը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։ Թերևս, սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև, առհասարակ, անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է»։ Պապոյանն այնքան հուզմունքով է գրել ՝ այս րոպեներին, կարծես թե խոսքը դարակազմիկ իրադարձության մասին է, օրինակ, Հայաստանի քաղաքացին հայկական տիեզերանավից դուրս է եկել բաց տիեզերք։ Պապոյանը գրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն։ Դա մանիպուլյացիա է, տևական ժամանակ հրադադար է, ոչ թե՝ խաղաղության հաստատում։
Պատերազմի ավարտից 5 տարի անց Ադրբեջանը ո՛չ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր է կնքել, ո՛չ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ո՛չ զորքերն է հանել Հայաստանում օկուպացրած տարածքներից , ո՛չ գերիներին Բաքվի բանտերից վերադարձրել, ո՛չ անկլավների ու 300 հազար ադրբեջանցիների «վերադարձի», ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջներից հրաժարվել, ո՛չ էլ փոխել է Հայաստանի հետ սպառնալիքներով խոսելու գործելակերպը։ Չեմ կարծում, որ Գ․ Պապոյանն այս պարզ իրողությունները չի հասկանում, նա պարզապես խեղաթյուրում է իրականությունը, կեղծ խաղաղությամբ թմրեցնում Հայաստանի հանրության զգոնությունը։ Ադրբեջանի հետ կարելի է առևտուր անել, սակայն՝ իրական խաղաղության հաստատումից ու վերը նշվածներից հետո։
Ոսկան Սարգսյան