Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Մենք պարտավոր ենք դուրս գալ այս պարտադրված խաղից

Մենք պարտավոր ենք դուրս գալ այս պարտադրված խաղից
13.08.2026 | 14:00

Եթե Աստված տա, ու մի տասը տարի էլ ապրեմ, ապա Հայաստանի պառլամենտում կտեսնեմ ոչ միայն հայրերի ու որդիների բանավեճերն ու, մեկը մյուսին, մեղադրականները, այլև, նրանց միացած երրորդ սերնդի` նրանց որդի-թոռների կռիվը։

Ծիծաղելի կլիներ, եթե լացելու չլիներ։ Հայկական քաղաքական դասը հասունություն չի ցուցաբերում։ Կարծես, պատանիներ լինեն՝ պապաներով հպարտացող։ Այս մարդիկ չեն պատկերացնում իրենց դերն ու առաքելությունը, պետական պաշտոնյա լինելու պատասխանատվությունը, ընդ որում, թե՛ իշխանականները, թե՛ ընդդիմությունը։

Մյուս կարևոր բանը, որ ուզում եմ շեշտել, այն է, որ Եկեղեցու ու կաթողիկոսի վերաբերյալ նրանց երկուստեք պահվածքը, ծափահարություններն ու սեղանների թակոցները, քննարկումներն ու շահարկումները ուղղակի քանդում են Եկեղեցին, իսկ Եկեղեցին մեր վերջին ամրոցն է, վերջին համաշխարհային իրողություն-ֆորպոստը, որին ձեռք տալ չի կարելի։

Մենք արդեն քանդել ենք համահայկական բոլոր կառույցները։ Համաշխարհային ազգ լինելուց դարձել ենք անդրկովկասյան թշվառ իրողություն, և թվում է, պաշտպանում ենք Եկեղեցին, իրականում ջուր ենք լցնում քպ ջրաղացին, ինչի մասին գրել եմ իմ նախորդ հոդվածում։

Ես միշտ աշխատել եմ չխոսել այս մասին, համարելով, որ այս թեման հավատացյալների ու հավատավորներների, վերջին հաշվով, Եկեղեցու և նրա սպասավորների հարցն է, բայց քանի որ քանդվելու վտանգն ահագնանում է, պիտի ասեմ, որ Եկեղեցու սրբազան հայրերը, ում ես շատ հարգում և սիրում եմ, պարտավոր են հավաքվել, աշխարհի տարբեր անկյուններից գալ Էջմիածին և լուծել այն խոչընդոտները, որոնք ծառացել են մեր ազգի, ժողովրդի ու Եկեղեցու առջև։ Եթե դուք լուծեք ձեր հարցերը, սատանան անելիք չի ունենա։

Ալիևը թևերը քշտում է, այս էլ որերորդ անգամ, նստում է իր լայնարձակ պեյզաժների պաստառին ու սկսում է թելադրել իր կամքը։ Օրինակ, ասում է` դուք ատոմակայանը կքանդեք, ես ատոմակայան կկառուցեմ, ես կասեմ՝ որտեղ ինչ սյուներ կդնեք. շուտով Ադրբեջանը կմիավորեմ՝ լուծելով 42 կմ-ի հարցը...

Եվ այսպես շարունակ։ ՈՒ չկա մեկը, որ սրան ծանրակշիռ, ադեկվատ պատասխաններ տա։ Չկա աշխարհի հայության մեջ, չկա Հայաստանում։ Սա պրոբլեմ է։ Հայկական քաղաքական դասը զբաղված է իր «իրական Հայաստանի» ժողովրդավարական հիմնահարցերով, մինչդեռ բռնապետ Ալիևը մի տասնհինգ տարի դեռ կիշխի, ապա կտա որդուն և երբեք ընտրության հարց չի ունենա, պատեպատ չի զարկի իր հասարակությունն ու, նույն մեխերին խփելով, կհասնի հաջողության։

Ես Հայաստանի քաղաքական դասի մեջ հասունություն չեմ տեսնում և կարծում եմ, որ մենք պարտավոր ենք դուրս գալ այս պարտադրված խաղից ու ստեղծել պետականակերտ նոր կենտրոններ, պատրաստվել առաջիկա քաղաքական ճակատամարտերի։

Եկել է իրար շուրջ հավաքվելու, խորհելու, փնտրելու, գտնելու ժամանակը։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 270

Մեկնաբանություններ