Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Ես էլ չեմ սիրում մոտոցիկլետ՝ ո՛չ խաղալիք, ո՛չ իսկական

Ես էլ չեմ սիրում մոտոցիկլետ՝ ո՛չ խաղալիք, ո՛չ իսկական
07.07.2025 | 15:01

Մոտոցիկլետի անամոթ բարձր տռռոցը սղոցեց գիշերվա լռությունը՝ ասես քաղաքի նրբանցքների ու փողոցների խճողված ցանցն ազատվում էր շոգ ամառային օրվա ընթացքում կուտակված գազերից։ Տարբեր տներում մարդիկ քնից վեր թռան, նայեցին ժամացույցին՝ դեռ գիշերվա երեքն էր։

Ես հիշում եմ իմ առաջին երազանքը։ Չորս-հինգ տարեկան էի, մանկապարտեզով ճամբար էինք գնացել՝ Ապարան։ Պառկեցինք քնելու, ես անկողնու մեջ շրջվեցի կողքի վրա ու պատկերացրի, իբր՝ փայլուն, կարմիր մոտոցիկլետով մեծ արագությամբ սլանում եմ։ Հետո մտածեցի. — «Ուրեմն՝ էս ա երազանքը՝ երբ քնելուց առաջ աչքերդ փակում ես ու պատկերացնում էն, ինչ չկա։ Հիշե՛մ, որ սա իմ առաջին երազանքն ա»։ Ու հիշեցի։

Ես մետաղյա խաղալիք մոտոցիկլետ ունեի՝ մեծ, որ ձեռքիս մեջ հազիվ էր տեղավորվում։ Իմ ամենասիրած խաղալիքն էր։ Ժամերով քշում էի սեղանի, աթոռների, թախտի վրա։ Իսկ հետո՝ մի օր մոտոցիկլետիստներ եկան Երևան, որ կամաց-կամաց բարձրանում էին շրջանաձև պատի վրա ու մեծ արագությամբ պտտվում՝ լրիվ ուղղահայաց դիրքով։ Մենք վերևից նայում էինք։ Թվում էր, թե հես ա՝ մեկը կթռնի պատի վրայից ուղիղ մեր վրա։ Շատ տպավորիչ էր։

Արդեն համարյա հիսուն տարեկան էինք դառնում։ Մեր դասարանի Գևորգն ասեց, որ ուզում ա իր աղջկան՝ դստերը, ծանոթացնի իմ հետ։ Ես տենց եմ՝ ընկերություն եմ անում իմ դասարանի երեխեքի երեխեքի հետ։ Բոլորի հետ լավ ընկերներ ենք։

Հանդիպեցինք սրճարանում։ Գևորգը եկավ դստեր հետ՝ մոտոցիկլետով։ Շատ անուշ աղջիկ էր՝ սիրուն, հետաքրքիր օրիորդ։ Երկար նստեցինք, խոսացինք դեսից-դենից։ Հետո Գևորգը նստեց իր մոտոցիկլետը, աղջիկը թռավ հետևը, ու ծտի նման սլացան։ Ես նայեցի հետևներից ու ժպտացի՝ կարծես ոչ թե հայր ու աղջիկ լինեին, այլ սիրահարված զույգ։ Էնքա՜ն լավ, էնքա՜ն ջերմ էին նայվում։

Իսկ հետո Գևորգն ու կինը էդ նույն մոտոցիկլետով երկինք գնացին։ Ջախջախվել էին Կոմիտասի փողոցում։ Ծանր էր, շա՜տ ծանր։

Ու ես սպանեցի իմ մանկության երազանքը՝ քարը կապեցի վիզն ու նետեցի ջուրը, որ խեղդվի։

Ես էլ չեմ սիրում մոտոցիկլետ՝ ոչ կարմիր, ոչ կապույտ... ոչ մի գույնի... ոչ խաղալիք, ոչ իսկական։ Չե՛մ սիրում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7449

Մեկնաբանություններ