«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Մարդկանց պետք է մեծ գործերի մասնակիցը դարձնել, որոնք կարող են փոխել երկրի տեսքը, բովանդակությունն ու կարողությունը

Մարդկանց պետք է մեծ գործերի մասնակիցը դարձնել,  որոնք կարող են փոխել երկրի տեսքը, բովանդակությունն ու կարողությունը
01.08.2025 | 15:01

Ազգի հոգեկան առողջության վերաբերյալ կասկածները որպես հնարավոր բարեփոխումների, ազգային առաջընթացի և այլ նման բաների համար արգելք կամ խանգարող հանգամանք դիտարկելը սխալ է:

Ոչ մի ազգի կամ ժողովրդի մասին, անգամ՝ այսօր հաջողակ կամ այդպիսին համարվող երկրի ժողովրդի, հնարավոր չէ պնդել, որ նա այս կամ այն առումով ավելի շատ է համապատասխանում իր երկրի կարգավիճակին: Ավելին, այդ երկրներում նույնպես շատ վաղուց և շատ հիմնավոր կերպով կազմալուծված են շատ հիմնարար արժեքներ, պետական մակարդակով ներդրված են և ընդդեմ իրենց ժողովուրդների աշխատում են բազմաթիվ հակաբնական, հակամարդկային օրենքներ: Գլոբալացման հետևանքները, աշխարհաքաղաքական հակամարտությունների հետևանքները, միջպետական հակասությունների հետևանքները բազմաթիվ և երբեմն բարդագույն խնդիրներ են առաջացնում իրենց հասարակություններում, քայքայում են այդ երկրների հասարակությունները թե՛ գաղափարապես, թե՛ նյութապես, թե՛ ժողովրդագրորեն:

Մեր թշնամիներն անգամ, որոնք այժմ ռազմական և տնտեսական հսկայական առավելություններ ունեն մեր նկատմամբ, իրենց ազգաբնակչության հետ կապված շատ ավելի խոր և բարդ հիմնախնդիրներ ունեն, քան՝ մենք:

Այսինքն, կենտրոնանալ մեր ազգի հոգեկերտվածքի աղավաղման հետ կապված խնդիրների վրա, որպես հաջողության հասնելու հնարավորության հիմնական արգելք, նշանակում է դատապարտել մեզ: Խնդիրը առավելապես համակարգի մեջ է: Այս համակարգում մենք ոչ միայն զարգացման, այլև գոյության հնարավորություն չենք ունենալու:

Մեր ճանապարհը ազգային գաղափարների շուրջ կոլեկտիվ մտածողության, վարքի, կենսագործունեության ուղին է՝ կոլեկտիվի մեջ անհատի ձևավորման լավագույն պայմաններ ստեղծելով: Նոր համակարգը կարող է պատմականորեն շատ կարճ ժամանակահատվածում վերականգնել մեր ազգային նկարագիրը, գուցեև զարմացնել բոլորովին նոր դրսևորումներով:

Մեզ պետք է ձևավորել այնպիսի հասարակություն, որտեղ պետության և ազգի շահերը գերագույն արժեք են, բարձր են առանձին քաղաքացու շահերից, որտեղ արդարությունը կարևոր է առանձին քաղաքացու իրավունքից, որտեղ ավանդույթներին հավատարմությունը ընկալվում է որպես ուժեղ պետականության և համերաշխ հասարակության երաշխիք: Պետք է չմոռանալ, որ «Տրադիցիան դա կրակի փոխանցումն է սերունդներին, ոչ թե՝ մոխրի» (Գ.Մալեր):

Կարևորագույն խնդիր է այդ միջավայրի ձևակերպումը, նկարագրությունը թեկուզև ընդհանուր գծերով, որտեղ ներդաշնակվում են ազգային, պետական շահն ու հասարակության տարբեր շերտերի շահերը: Պետք է սահմանվեն նաև քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները, որպես հասարակական կյանքի պատասխանատու մասնակցի, որի ամենօրյա պրակտիկ քաղաքացիական դիրքորոշմամբ կարող են լուծում ստանալ համապետական, համազգային կարևորագույն խնդիրները:

Դրա համար մեզ պետք է ձևակերպել մեր պետական, ազգային, անհատական նպատակները (շահերը), որպեսզի այնուհետև փորձենք ըմբռնել այդ հանգամանքներով պայմանավորված օրգանիզմի կերպը: Նպատակներն են ձևավորում այն միջավայրը, որտեղ հնարավոր են իրենց չափականությանը համապատասխան հոգևոր, մտավոր և նյութական զարգացման արտահայտություններ: Նպատակներն են սահմանում այն հասարակական, խմբային, անհատական գործելակերպի չափանիշներն ու նորմերը, որոնք կարող են ինչպես ստեղծել, այնպես էլ բացառել «հոգևոր բարձր առաքինություններն ու վերանձնական սլացումները»:

Ձևակերպենք այդ համակարգի մոտարկման մի քանի սկզբունքներ:

Մեր ճանապարհը ոչ թե կռվով մեռնելն է և բարոյական հաղթանակով մեր մահն արդարացնելը, այլ ապրելը, մեր երկիրը պահելն ու շենացնելը, մեր կորսված հայրենիքը պատառ-պատառ հետ բերելը, աշխարհասփյուռ հայությանը իրենց արմատներին և հայրենիք վերադարձնելը:

Ժողովրդի հոգեբանությունից հանել, հաղթահարել է պետք պարտվողականության, անկարողության, այսպես ասած «ձեռքբերովի անօգնականության», «հուսահատ գիտակցության» բարդույթները:

Հասարակությունը փոխելը ոչ թե անհնար է, այլ՝ բնական երևույթ: Այդ գործընթացը տեղի է ունենում շարունակաբար, և փոփոխությունների որակը ուղղակիորեն կախված է ներքին ու արտաքին ազդեցությունների բնույթից: Պետական մտածված և հետևողական քաղաքականության արդյունքում հասարակության մեջ հնարավոր է իրականացնել սկզբունքային որակական փոփոխություններ:

Միայն երկրի վերափոխման ընթացքը կարող է մարդուն համակել իրական ոգեղենությամբ, միայն այդ ճանապարհին է հնարավոր իրապես ընկալել և համակվել մեծ գործին մասնակից լինելու առաքելության շնչով:

Միայն համակարգային փոփոխությունների ճանապարհը կարող է հանգեցնել համազգային ապաքինման:

Պետք է հիշել, որ յուրաքանչյուր հասարակ մարդու մեջ հսկայական հոգևոր ուժ և դիմակայելու կամք կա, նորը ստեղծելու կորով և վճռականություն կա: Բայց այդ ուժն ու էներգիան ի չիք են դառնում փակուղում հայտնված ամեն սերնդի հետ:

«Փոքր» մարդը մեծ գործերի մասնակիցը լինելու երազանքն ունի, և այն նրան ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում: Իսկ մեծ գործերը, համազգային նպատակները մարդկանց համախմբելու կարողություն ունեն:

Մարդկանց պետք է մեծ գործերի մասնակիցը դարձնել, մեծ համազգային ծրագրերի, որոնք կարող են փոխել երկրի տեսքը, բովանդակությունն ու կարողությունը: Եթե այդպիսի նպատակներ չեն դրվում, ապա ոչինչ էլ տեղից շարժել չի լինի:

Այդպիսի նպատակների իրականացման ճանապարհը կարող է լինել միայն թռիչքային, պայմանավորված նաև մեր տրամադրության տակ եղած ժամանակի սղությամբ:

Նման խնդիների լուծմանը ինքնակազմակերպման ճանապարհով գնալու համար անհրաժեշտ կլինեն անխռով կյանքի տասնյակ տարիներ, եթե ոչ՝ հարյուր: Այն պարզապես կփոշիացնի մեր եղած հնարավորությունները:

Այդպիսի լայնամասշտաբ փոփոխություններ իրականացնելու հնարավորություն ունի միայն պետությունն իր կառավարման համակարգով: Մասնավոր բոլոր կարողությունները պետք է դիտարկվեն և ներգծվեն որպես օժանդակ հնարավորություններ, որոնք խթանում են անհատների, քաղաքացիների խմբերի ներգրավվածությունը համապետական ծրագրերում:

Վահրամ Բայադյան

Դիտվել է՝ 1556

Մեկնաբանություններ