ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Հայրենադարձությու՞ն, թե՞ հայրենալքություն՝ ա՛յս է խնդիրը

Հայրենադարձությու՞ն, թե՞ հայրենալքություն՝  ա՛յս է խնդիրը
06.10.2025 | 10:28

Քանիցս անդրադարձել եմ այս անտրամաբանական հարցին. ու՞մ և ինչի՞ համար է պետք պահել հայ գաղթօջախը Սուրիայում և առհասարակ որևէ այլ երկրում, երբ բարեբախտաբար ունենք անկախ պետություն:

1991թվից մեր պետությունը պետք է կազմակերպեր հայրենադարձություն, այլ՝ ո՛չ հայրենալքություն։

Երբ զանգվածային հայրենադարձություն սկսվեր դեպի Հայաստան, հարևան թշնամի պետություններն էլ կզգաստանային՝ տեսնելով հայերի ներուժը: Շատերը կարող են ասել, թե Հայաստանը շրջափակման ու պատերազմի մեջ էր, ինչու՞ և ինչպե՞ս կարող էին Հայաստան գալ խաղաղ ու ապահով ապրող սուրիահայերը, լիբանանահայերը, իրաքահայերը և այլք։

Աշխարհում ամենաանկայուն բանը քաղաքական անդորրն է և քաղաքական քարտեզը։

Մենք տեսանք, թե ինչպես երկու տասնամյակ հետո ամեն բան գլխիվայր շրջվեց։

ՈՒ՞ր է այդ երկրների ապահովությունն ընդհանրապես, իսկ մեր հայրենակիցներինը՝ առավելապես։

Մի՞թե սուրիահայերը չհայտնվեցին պատերազմի, շրջափակման, սովի ու սուգի մեջ։

Նրանց մի մասը, շրջանցելով Հայաստանը, մեկնեց Կանադա, մի մասն էլ դժվարությամբ, հաճախ առանց դրամական ապահովության, Կանադա մեկնելու միջոցը չուներ, առաջին հանգրվանը Հայաստանում առավ, ապա փախստականի կարգավիճակով սուրիահայերն իրենց հայրենիք- պետությունից հեռացան որպես Հայաստանի՞ց, թե՞ Սուրիայից՝ փախստականի կարգավիճակով։

Մինչդեռ հայրենի երկրում ապրելով՝ ամեն հայի կյանքն ու կայքը նախ՝ վտանգված չէին լինի, ապա և հույժ կարևոր մի հանգամանք. ամեն հայ իր ներդրումը կաներ Հայաստանի տնտեսության մեջ, մանավանդ որ, այդ տարիներին մերձավոր Արևելքի երկրներում ապրող հայերը տնտեսապես ապահով էին ապրում:

Պարզապես վտանգավոր անհեռատեսություն է և թանկ հաճույք՝ գաղթօջախ պահելը իր բոլոր՝ և՛

ազգային-մշակութային արժեքների, և՛ նյութական ներդրումների առումով։

Եվ սակայն կորուստներով լի հետևանքները, այս էլ քանի դար, ցավոք, մեզ չեն սթափեցնում:

Հայ իրականության մեջ գործում են մի քանի համահայկական հզոր կազմակերպություններ՝ ի դեմս ՀԲԸՄ և Հայերի համաշխարհային կոնգրեսի, որոնց գործառույթի գլխավոր թիրախը պետք է լինի Հայաստանի պետության հզորացումը, հայերի ներգաղթի կազմակերպումն ու հայրենադարձների համար բարեկեցիկ հնարավորություններ ստեղծելը Հայաստանում:

Հայրենադարձությունը հրատապ է այսօր և վաղը․․․

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 3057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ