Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Կրթական ծրագրերը զինծառայողների և անապահով ընտանիքների երեխաների համար կլինեն շարունակական

Կրթական ծրագրերը զինծառայողների և անապահով ընտանիքների երեխաների համար կլինեն շարունակական
21.11.2012 | 18:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում և անապահով ընտանիքներում կրթական ծրագրերի իրականացման արդյունքներն ու հետագա անելիքները» թեմայով խորհրդակցություն:

Օրակարգային առաջին հարցով ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության և կրթության ծրագրի փորձնական իրականացման արդյունքները: Փոխնախարարը նշել է, որ փորձնական ծրագիրը, որն անցկացվել է հանրապետության երկու զորամասերում, գնահատվել է արդյունավետ: Զինծառայողների դասընթացները կազմակերպվել են մանկավարժական համալսարանի գործուղած դասախոսների միջոցով: Զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո ծրագրում ընդգրկված 122 զինծառայողներից հանրապետության տարբեր բուհեր են ընդունվել 52-ը, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ 5-ը, իսկ ուսումնարաններ՝ 8-ը: «Տեսանելի է նման ծրագրի իրականացման անհրաժեշտությունը: Եթե ծրագիրը շարունակվի, ապա դրանում պետք է ներառվեն ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի զորամասերը»,- ասել է Տոնոյանը:
Հաշվի առնելով զինծառայողների գերակշիռ մասի հետաքրքրությունը կարճաժամկետ մասնագիտական վերապատրաստումների նկատմամբ, ինչպես նաև այն հանգամանքը, որ առաջիկայում նախատեսվում է միջնակարգ, այդ թվում՝ արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունը ՀՀ-ում դարձնել պարտադիր, ուստի զինվորական ծառայությունից զորացրվածների կարճաժամկետ անվճար ուսուցման կազմակերպման հնարավորությունը ՀՀ ՊՆ-ի կողմից ողջունելի է համարվել: Նշվել է, որ այն կնպաստի նաև ԶՈՒ-ը վարպետ մասնագետներով պայմանագրային զինծառայության հիմունքներով համալրմանը և ենթադրում է անվճար մասնագիտական կրթության և ուսուցման մատչելիության ապահովում հասարակության բոլոր խավերի երիտասարդների համար:
Այնուհետև անդրադարձ է կատարվել անապահով ընտանիքների 16-18 տարեկան երեխաների համար իրականացված կրթական ծրագրի փորձնական փուլի արդյունքներին: Ծրագիրն անցկացվել է Լոռիի մարզում և Երևանի Շենգավիթ վարչական շրջաններում: Ծրագրի հետազոտության փուլում ներառվել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան 3664 երեխաներ, որից 339-ը Շենգավիթ վարչական շրջանի անապահով ընտանիքների երեխաներն են: Նշվել է, որ նրանց մի մասը բուհերում կամ արհեստագործական համակարգերում արդեն իսկ սովորելիս են եղել: Կրկնուսույցների մոտ սովորելու ցանկություն են հայտնել 483-ը, որոնցից 288-ն արդեն իսկ ընդունվել են բուհեր, 286-ը՝ միջին մասնագիտական համակարգ: Տեղեկացվել է, որ Շենգավիթում 62, իսկ Լոռիի մարզում 140 երեխաներ սկսել են կրկնուսույցների մոտ մասնակցել կրթական պարապմունքներին:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Սարգսյանը նախ հանձնարարել է պատկան մարմիններին մանրակրկիտ վերլուծություն կատարել և ուսումնասիրել, թե որոնք են երեխաների՝ կրթություն ստանալուց հրաժարվելու պատճառները: «Պետք է այս ծրագրերը շարունակենք և ընդլայնենք: ԶՈՒ-ում ծրագրի նկատմամբ պահանջարկը բավականին մեծ է և մենք պարտավոր ենք բոլոր զորամասերում կիրառել այն: Անհրաժեշտ է լուրջ ուշադրության կենտրոնում պահել նաև սոցիալապես անապահով խավերին՝ ծրագրին վերջիններիս ներգրավելու և նրանց թիվն ընդլայնելու համար: Ինտեգրացված սոցիալական ծառայության աշխատակիցները պետք է բացահայտեն անապահով ընտանիքների խնդիրները՝ վերջիններիս համապատասխան լուծումներ առաջարկելու համար: Պետք է ծրագրին մասնակից դարձնենք ոչ միայն մակնավարժական, այլև հանրապետության մյուս համալսարաններին, քանի որ այն ունի սոցիալական ուղղվածություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև շարունակել հանրապետության բոլոր զորամասերը համակարգիչներով և ինտերնետ կապով համալրելու աշխատանքները:
Խորհրդակցության ժամանակ ներկայացվել են նաև մի շարք առաջարկներ՝ դրանք ծրագրում ներառելու համար:

Դիտվել է՝ 1435

Մեկնաբանություններ