«Իրատես de facto»-ի հյուրն է ԱՐԹՈՒՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ, որը պատասխանատու դիրք է զբաղեցրել Խորհրդային Հայաստանի տարիներին մեծ կարևություն ունեցող մի կառույցում՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեում: Այն հիմնադրվել է 1964 թվականին՝ 50 տարի առաջ: Այդ կառույցի գործունեության ու նշանակության մասին է մեր այս զրույցը:
«ԱՄԵՆԱՄԵԾ ՍՓՅՈՒՌՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
-Պարոն Նավասարդյան, ո՞ր թվականից եք աշխատել Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեում:
-Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեն պետական կառույց էր՝ հասարակական կառույցի կեցվածքով: Կոմիտեն պետական հրամանագրով հիմնադրվել է 1964 թվականին, փաստացի սկսել է գործել 1965-ից: Ես նույն այդ թվականին ավարտել եմ մանկավարժական ինստիտուտը և գործուղվել մանկավարժական աշխատանքի Արզնու ռուսական դպրոցում: Այդ ընթացքում, պաշտոնապես չլինելով կոմիտեի ներկայացուցիչ, մասնակցել եմ նրա աշխատանքներին: Իսկ 1967 թվականից արդեն դարձել եմ հաստիքային աշխատող և պաշտոնավարել մինչև կոմիտեի կազմալուծումը: Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի հիմնադիրներն էին Մարտիրոս Սարյանը, Հրաչյա Քոչարը, Էդվարդ Միրզոյանը: Իհարկե, մեծ դեր էր վերապահված կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանին: Այս կառույցն ամենաարտոնյալն էր ամբողջ Խորհրդային Միության մեջ: Խորհրդային Միության ղեկավարությունը գիտեր, որ ամենամեծ սփյուռք ունեցող հանրապետությունը Հայաստանն է, և նպատակ ուներ այդ մեծ սփյուռքն օգտագործել ի նպաստ սովետական, սոցիալիստական, ռուսական քարոզչության: Պարզ բան է, որ այս հարցում մեծ ֆունկցիաներ էին վերապահված կոմիտեին և նրա աշխատակիցներին, որոնց մեջ անպայման ներդրված էր լինում ԿԳԲ-ի գործակալ: Մենք ունեինք մեծ արտոնություններ արտասահման գնալու և արտասահմանից մարդ հրավիրելու հարցերում, բայց բոլոր գործողությունները, իհարկե, համաձայնեցվում էին ԿԳԲ-ի հետ: Առանց Մոսկվայի թույլտվության մենք կապվում էինք տարբեր երկրների դեսպանատների հետ ու պահանջում մեզ անհրաժեշտ մարդկանց վիզա տալ՝ Հայաստան գալու համար: Մեր կոմիտեի նախագահը և տեղակալներն ունեին դիվանագիտական անձնագրեր, որոնցով կարող էին գնալ ցանկացած երկիր՝ առանց քաշքշուկների ենթարկվելու, առանց վերադաս այլևայլ կառույցներից թույլտվություններ ունենալու: Մենք համագործակցում էինք սփյուռքի բոլոր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների հետ, բայց դաշնակների դեպքում արգելք էր դրված, նրանց հետ համագործակցությունը, շփումները արգելված էին՝ գաղափարական անհամաձայնությունների պատճառով: Իհարկե, կրթական ծրագրերի դեպքում այդ արգելքը չէր գործում, որովհետև խորհրդային ղեկավարությունը կրթական ծրագրերում մեծ վտանգ չէր տեսնում: Ամեն տարի սփյուռքից մենք դպրոցականների էինք ընդունում, մանկավարժների: ՈՒսուցիչների կատարելագործման ինստիտուտի հետ համատեղ կոմիտեն իրականացնում էր կրթական ծրագրեր, որոնց պատասխանատվությունն ինձ վրա էր դրված, որովհետև ես պրոֆեսիոնալ մանկավարժ էի: Կոմիտեն նաև մեծ դեր ունեցավ Հայ առաքելական եկեղեցու և կաթոլիկ ու բողոքական եկեղեցիների մերձեցման հարցում: 1998 թվականին կոմիտեն դադարել է իբրև իրավաբանական միավոր գործելուց, բայց մինչև 2002 թվականը այն իրականում դեռ գոյություն ուներ: Կոմիտեի կազմալուծումից հետո դրա նախագահի պաշտոնակատար Ջիվան Մովսիսյանի ջանքերով ՀՀ արտաքին գործոց նախարարության կազմում ստեղծվեց սփյուռքի հարցերով զբաղվող վարչություն:
-Ինչպե՞ս էիք տնօրինում կոմիտեի ֆինանսական հարցերը, չէ՞ որ շատ էիք ճամփորդում և ունենում հյուրեր արտասահմանից:
-Մենք մեր ֆինանսական միջոցները կուտակում էինք արտասահմանյան տարբեր բանկերում, որ Մոսկվայի միջոցով մեզ չհասնեն այդ գումարները և դրանց մեծ մասը չբռնագանձվի: Եթե անհրաժեշտ էր լինում այս կամ այն երկրից ինչ-որ մեկին հրավիրել Հայաստան կամ Հայաստանից ինչ-որ մարդկանց ուղարկել արտերկիր, մենք այդ հարցը կարգավորում էինք ուղղակի արտասահմանյան բանկային հաշիվների միջոցով: Այդպես կարողացել ենք շատ կարևոր հարցեր լուծել մեր երկրի, մեր ժողովրդի համար:
-Նման կոմիտե միայն Խորհրդային Հայաստանո՞ւմ էր գործում:
-Սփյուռք ունեցող այլ հանրապետություններ ևս կային նախկին Խորհրդային Միությունում՝ ՈՒկրաինան, Բելոռուսիան, Վրաստանը, Չեչնիան, մերձբալթյան հանրապետությունները: Հայաստանյան կոմիտեն համագործակցում էր այս հանրապետություններում գործող համանման կառույցների հետ: Իսկ բարձրագույն ղեկավարությունը Մոսկվայում էր՝ համամիութենական հայրենակցական միությունների և սփյուռք ունեցող հանրապետությունների կենտրոնը, որ կոչվում էր «ՀՏՊՌվՈ»: Մի քանի տարին մեկ տարբեր հանրապետություններում գործող սփյուռքի հարցերով զբաղվող կոմիտեների համամիութենական հավաք էր տեղի ունենում Մոսկվայում: 1981 թվականին, բացառության կարգով, հավաքատեղին դարձավ Երևանը: Որովհետև պարզվեց, որ բոլոր հանրապետություններում գործող կառույցները՝ միասին, իրենց աշխատակազմով, աշխատանքի ծավալով, կապերով զիջում են Հայաստանի կոմիտեին: Մյուս հանրապետություններում գործող կոմիտեների աշխատանքային փորձառությունը սկսվում էր մեզնից: Բոլոր հանրապետություններում հետևում էին, թե ինչպես ենք մենք աշխատում, և նրանք ընդօրինակում էին մեզ:
«ՎԱՐԴԳԵՍ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԵԾ ԳՈՐԾ ԿԱՏԱՐԵՑ»
-Կնշե՞ք մի քանի կարևոր իրադարձություններ, որ կատարվել են Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախաձեռնությամբ:
-Դրանք այնքան շատ են, ո՞րը նշեմ: Օրինակ՝ Եժի Կավալերովիչի այցելությունը Հայաստան, նրա հայտարարությունն իր հայկական արմատների մասին ուղղակի առնչվում են մեր կոմիտեի գործունեության հետ: Կոմիտեի ջանքերով է Երևան ժամանել արգենտինացի հանրահայտ երգչուհի Լոլիտա Թորեսը, որը ավիավթարից հետո դեմքի պլաստիկ վիրահատության էր ենթարկվել արգենտինահայ միլիարդատեր Տիգրան Մյուրեքյանի միջոցներով: Վերջինս էր Լոլիտայի հովանավորը, նրա արվեստի կայացմանը նպաստողը: Հենց նույն այդ Մյուրեքյանը՝ տասներկու հոգուց բաղկացած պատվիրակությամբ, Լոլիտա Թորեսին ուղեկցում էր հայաստանյան ճամփորդության ժամանակ: Լոլիտան հղի էր, և այնքան էր սիրել Հայաստանը, այնքան էր ազդվել Բարսեղ Կանաչյանի «Օրորից», որն ինքը կատարեց օպերայի և բալետի թատրոնի դահլիճում կայացած համերգի ժամանակ, որ հայտարարեց, թե որդի ունենալու դեպքում անունը կդնի Արմեն, աղջիկ ունենալու դեպքում՝ Արմենուհի: Իհարկե, այդ խոստումը չպահեց:
-Վերջերս ես մեկ այլ հուշի էլ ականջալուր եղա՝ Լոլիտա Թորեսի այցի հետ կապված: Մարզահամերգային համալիրի այն օրերի փոխտնօրեն Սերգեյ Գյուլնազարյանը, որ անմիջական մասնակցություն էր ունեցել երգչուհու համերգի կազմակերպմանը և շփվել նրա հետ, ինձ ցույց տվեց նրանից նվեր ստացած ձայնասկավառակը, որի վրա Լոլիտա Թորեսը մակագրել էր անձամբ: Առհասարակ, ինչպե՞ս էիք հաջողեցնում կապեր հաստատել ոչ սոցիալիստական երկրների հետ, չէ՞ որ դա խորհրդային գաղափարախոսությանն անհարիր բան էր:
-Վարդգես Համազասպյանը պատմական մեծ գործ կատարեց. կարողացավ բացել սփյուռքի դռները: Նա մեծ հեղինակություն էր վայելում սփյուռքում, որովհետև կարողանում էր հայրենիքը կապել սփյուռքի, սփյուռքը` Խորհրդային Հայաստանի կառավարության հետ: Մեր կառույցի հզոր զենքն այն էր, որ պետական ֆինանսավորում ստանալով, կոչվում էր հասարակական կազմակերպություն: Այդ կարգավիճակը թույլ էր տալիս ազատ գործելու, մի բան, որ չի կարող իրեն թույլ տալ պետական կառույցը, ինչպիսին այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունն է: Սփյուռք ունեն միայն ժողովուրդները, պետությունները չունեն և չեն կարող ունենալ սփյուռք: Եվ քանի որ մենք հասարակական կազմակերպություն էինք, կարողանում էինք շրջանցել շատ անանցանելի պատնեշներ: Կոմիտեն սփյուռքի մշակութային, գիտական, առողջապահական, տնտեսական, բոլոր այլ ոլորտները կապեց Հայաստանի հետ և ծառայեցրեց այդ ամենը՝ ի նպաստ մեր հանրապետության:
«ԿՈՄԻՏԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷՐ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ»
-Եղե՞լ են առանձնահատուկ հիշարժան տարեթվեր կոմիտեում Ձեր աշխատած տարիներին։
-Հիշարժան միջոցառում էր 1967 թվականի հոկտեմբերին՝ Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի առթիվ կազմակերպված բուլղարահայության մշակութային տասնօրյակը Հայաստանում: Տասներեք վագոնով մարդիկ ժամանեցին Երևան: Յուրաքանչուր վագոնում կար մի անսամբլ, որին կցված էր կոմիտեի մեկ աշխատող: Ես զբաղված էի երրորդ վագոնի հետ աշխատանքով. դա Շումեն քաղաքի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի վագոնն էր: Հրաշալի մի անսամբլ էր՝ պրոֆեսիոնալ երաժիշտ Վահանիկ Չիլինկիրյանի ղեկավարությամբ: ՈՒթերորդ վագոնում Կիրկոր Կիրկորովն էր՝ անվանի կոմպոզիտոր և դիրիժոր:
-Որևէ առնչություն ունի՞ Ֆիլիպ Կիրկորովի հետ այդ մարդը:
-Չեմ կարող ասել, նման տեղեկություն չունեմ: Այդ մարդը Սոֆիայի պետական նվագախմբի ղեկավարն էր, բայց նաև ստեղծել էր հայկական սիմֆոնիկ նվագախումբ և այդ նվագախմբով եկել Հայաստան: Հրաշալի համերգներ ունեցան բոլորը և ոչ միայն Երևանում, այլև տարբեր մարզերում: Մոտ հազար բուլղարահայ էր եկել Հայաստան, և այդ մարդկանց տեղավորելու հարցում մեզ օգնեց բուլղարահայերի հայրենակցական միությունը: Մարդիկ ապրում էին մասնավոր տներում: Սա ևս մեր կոմիտեի ծավալած գործունեության շնորհիվ էր: Մշակութային տասնօրյակը վերածվեց պետական մակարդակի միջոցառման: Դրան հատուկ ինքնաթիռով մասնակցելու եկավ Բուլղարիայի ղեկավարությունը, որը գլխավորում էր մեր հայրենակից, իր հակաֆաշիստական գործունեությամբ հայտնի գեներալ, Բուլղարիայի ներքին գործերի երկարամյա նախարար Գաբրիել Գաբրիելովը: Նա նախագահն էր Բուլղարիայում ակտիվորեն գործող «Երևան» մշակութային հասարակական կազմակերպության: Այդ դեկադան իմ մասնակցությամբ առաջին մեծամասշտաբ միջոցառումն էր, որը երբեք չեմ մոռանա: Նույնքան հիշարժան է վերջին մեծ միջոցառումը, որ կազմակերպեց մեր կոմիտեն 1997 թվականին: Ղրիմի Ինքնավար Հանրապետության ղեկավարն էր Անուշավան Դանիելյանը, որ հետո դարձավ ԼՂՀ վարչապետ: Նա կազմակերպել էր Այվազովսկի եղբայրների հոբելյաններին նվիրված միջոցառում, որին մասնակցելու հրավիրեց հայկական տարբեր համույթների, օպերային թատրոնի երաժիշտներին, այդ թվում՝ Գոհար Գասպարյանին և Տիգրան Լևոնյանին: Տասն օր տևեցին այդ միջոցառումները, ունեցան մեծ արձագանք ողջ Միությունում: Հիշատակեմ ևս մի քանի նշանավոր անհատների հետ ունեցած մեր կապերի, հրավերների մասին: Մեր կոմիտեի ջանքերով է Հայաստան հրավիրվել Մուշեղ Իշխանը՝ որպես ուսուցիչ: Եվս մեկ կարևոր անուն՝ Կարո Դերձակյան: Մեծ ձեռքբերում էր հայ ժողովրդի և Հայաստանի համար այդ նշանավոր ուրոլոգին մեզ մոտ բերելը: Նա այնպիսի վիրահատություններ է այստեղ իրականացրել, որպիսիք Խորհրդային Միության մեջ կատարվում էին առաջին անգամ: Նույնիսկ Խորհրդային Միության այլ տարածքներից էին գալիս այստեղ՝ վիրահատվելու: Նա հազար հոգու կյանք է փրկել այստեղ կատարած վիրահատություններով. ես բոլոր այդ փրկվածների անունից շնորհակալություն եմ ուզում հայտնել նրան: Նա նաև բարեգործությամբ էր զբաղվում, հովանավորում մանկավարժներին: Մեկ այլ անուն հիշեմ՝ Պերճ Ժամկոչյան: Նա համաշխարհային ճանաչմամբ երգեհոնահար էր: Այսօր Հայաստանում գոյություն ունեցող բոլոր երգեհոնները նրա ջանքերով են հասել Հայաստան: Նրա բոլոր համերգներն անցնում էին լեփ-լեցուն դահլիճներում: Վերջին համերգի ժամանակ՝ 1986 թվականին, նա ծրագրից դուրս նվագեց մի երաժշտություն, որի մեջ կար ամերիկյան հիմնի մեղեդին: Կառավարական օթյակում նստածները ոտքի ելան ու լքեցին դահլիճը, որովհետև խորհրդային երկրում հնչել էր ամերիկյան հիմնը: Դրանից հետո Ժամկոչյանի ոտքը կտրեցին Հայաստանից: Խոստովանեմ՝ կոմիտեին վարկաբեկում էր այն, որ արտասահմանցի հայերից պատրաստում էր Խորհրդային Միության գործակալներ, խորհրդային գաղափարախոսության քարոզիչներ: Դրանով զբաղվում էին իմ հիշատակած ԿԳԲ-ական պաշտոնյաները, որոնք զբաղեցնում էին կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: Բայց դա ժամանակի պահանջն էր, այլ կերպ չէր կարող լինել:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ