Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Նիկոլ Փաշինյանը բացահայտում է Իշխան Զաքարյանի և Հովիկ Աբրահամյանի պլանը

Նիկոլ Փաշինյանը բացահայտում է Իշխան Զաքարյանի և Հովիկ Աբրահամյանի պլանը
18.12.2015 | 18:03

Խորհրդարանի արտահերթ նիստում երեկ սկսված և այսօր շարունակված Վերահսկիչ պալատի հաշվետվությունը բավականին ուշագրավ զարգացում ստացավ, երբ ամբիոնին մոտեցավ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորը նախապես նշեց, որ 3 տարվա խորհրդարանական հրապարակային քննարկումներից հետո, ի վերջո, հաջողվեց Իշխան Զաքարյանի հետ կապված մի կոռուպցիոն չնաշխարհիկ գործարք բացահայտել: Վերստին մեջտեղ բերվեց Իշխան Զաքարյանի առանձնատան հետ կապված պատմությունը: Սակայն Գալուստ Սահակյանը ընդհատեց պատգամավորին` հորդորելով խոսել ՎՊ հաշվետվությունից, ոչ թե Իշխան Զաքարյանից: Անմիջապես ստացավ հակադարձում. «ՈՒզում եք վերջին օրերի խորհրդարանի քննարկումների մակարդակի ելո՞ւյթ ունենամ, ասեք ի՞նչ անեմ, արտասանե՞մ: Ասեմ՝ նապաստակ, նապաստակ, ինչ ես նստել ծառի տա՞կ: Թողեք, ելույթ եմ ունենում»: Դահլիճում ներկա ՀՀԿ-ականներից մեկն էլ հեգնանքով նետեց` «Ծիտիկ-ծիտիկն» ասա: Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, «տակը» չմնաց. «Ծիտիկ- ծիտիկը ձեր խմբակցության պատասխան ելույթում, հուսով եմ, կհնչի»: Ասաց ու շարունակեց իր ելույթը:
«Այդ դղյակը կառուցելու ժամանակ Իշխան Զաքարյանը չէր կարող չգիտակցել, որ հարց է հնչելու՝ որտեղի՞ց իրեն այդքան փող նման դղյակ կառուցելու համար: Սրա համար Զաքարյանը մի մեխանիզմ էր մշակել, որ, այո՛, այդ տունը կառուցում է ինքը, բայց ոչ իր փողերով, այլ սփյուռքահայ գործարար Ալբերտ Բոյաջյանի համար՝ վերջինիս փողերով: Սա ի՞նչ հանելուկ է, լավ, ընկերական 5, 10, 20, լավ 30 հազար նվիրել, բայց 1-2 միլիոն փողը ո՞նց են նվիրում: Երեկ սառույցը շարժվեց ու Զաքարյանը խոստովանեց, որ Բոյաջյանը խոշոր սպորտ-օբյեկտների սեփականատեր է: Եվ սա ինչո՞վ է բացատրվում, որ երկար տարիներ Իշխան Զաքարյանը եղել է Հայաստանի սպորտի ոլորտի ղեկավարը, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը: Իշխան Զաքարյանը խոստովանեց Բոյաջյանի՝ մի օբյեկտի սեփականատեր լինելը, բայց օդում կախված հավաստի լուրեր կան, որ Բոյաջյանն այդպիսի բազմաթիվ օբյեկտների սեփականատեր է: Հիմա այս ողջ կոռուպցիոն գործարքը բացահայտելուց հետո հարց է առաջանում՝ ի՞նչ էր նշանակում, ի վերջո, Իշխան Զաքարյանի 2012-ի աղմկահարույց տարեկան հաշվետվությունը՝ հիշում եք՝ կաբելը, գաջը, պլինտուսի կտորները ձեռքին Իշխան Զաքարյանն ապացուցում էր, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը լափում է բյուջեի 70 տոկոսը: Եթե մի կոռումպացված մարմին դուրս է եկել ինչ-որ մի ուրիշ կոռումպացված մարմնի դեմ, այստեղ ուրիշ հարցեր կան»,- փաստեց պատգամավորը` հավելելով, որ այն ժամանակ Հովիկ Աբրահամյանն իր վերահսկողության տակ էր առել խորհրդարանի իշխանական և ընդդիմադիր մասի մեծ մասին, որոշել էր գրոհել իշխանությունը, տապալել Տիգրան Սարգսյանի կառավարությունը, իսկ ՎՊ այդ հայտնի հաշվետվությունը մտնում էր նրա պլանների մեջ: Փաշինյանի համոզմամբ, այդ պլանն իրագործվեց, որովհետև կարճ ժամանակ անց Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ արվեց և նշանակվեց Հովիկ Աբրահամյանը:
Հետո հիշեցրեց իր ամենաշատ բարձրաձայնած «բամփելու» խնդիրը: «Սերժ Սարգսյանը ինչպես ստիպել էր բամփել Տիգրան Սարգսյանին, այնպես էլ Հովիկ Աբրահամյանին կարողացավ ստիպել բամփել իր սիրելի խնամի Գագիկ Ծառուկյանին: Իշխանական այս ներքին կռիվը ամենևին ավարտված չէ: Սերժ Սարգսյանը վերադարձնում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԵԱՏՄ-ում: Իսկ սա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանի գործերը կարող են կտրուկ վատանալ: Մանավանդ որ Սերժ Սարգսյանին հաջողվել է սեպ խրել նրա և իր սիրելի խնամի Ծառուկյանի միջև»,- քաղաքական իրավիճակին իր այս գնահատականը տվեց ընդդիմադիր գործիչը:

Ի դեպ, վերջում Փաշինյանը ակնարկով խոսեց քաղաքական ուժերից մեկի մասին, որ ժամանակին «քերթում էր» նախորդ կառավարությանը, իսկ այսօր գործող գործադիր մարմնի մասին խոսում է «կա՛մ լավը, կա՛մ ոչինչ» սկզբունքով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1358

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ