Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Եթե թշնամուն բերել-հասցրել եք շքամուտք, դեռ չի նշանակում, թե դարպասներ չպետք է լինեն

Եթե թշնամուն բերել-հասցրել եք շքամուտք, դեռ չի նշանակում, թե դարպասներ չպետք է լինեն
13.09.2023 | 18:09

Քանի օր է ձեռքս չի գալիս գրեմ՝ չտա Աստված, տեսնես հերթական «էսկալացիային» քանի՞ տան լույս է էլի մարելու, այս պահին երազող, Տիրոջ բարեգթությանը դիմող զինվորներից քանի՜սն են դատապարտված զոհվելուն...

Երեկ էր՝ ենթասպաների փոքրիկ խմբով եկել էին բանկոմատից փող ստանալու:

Նրանցից մեկին, սովորության համաձայն, հարցրի՝ որտե՞ղ է ծառայում, ինչպիսի՞ն են ծառայության պայմանները, դեռ վրանների ու փայտաշեն տնակների մե՞ջ են…

Անուղղելի մեծահոգի եմ, նույնիսկ հարցրի՝ հրամանատարի վիրավոր ձեռքը լավացե՞լ է, կարողանու՞մ է զորքի առաջ պատվի առնել:

Մտքիս մեջ էլ ակամա՝ էն ձեռքը, որով ազատմանս հրամանն է ստորագրել:

Տղան ուրախ պատասխանեց, որ արդեն նորակառույց զորամաս ունեն, ինքն էլ ծառայում է այսինչ գյուղի, այսինչ զորամասում:

Բարի ծառայություն մաղթեցի ու խնդրեցի՝ երբեք, ոչ ոքի չասի, թե որտեղ է ծառայում, չնշի տեղանքի ու զորամասի անունը:

Շփոթվեց, փորձեց արդարանալ, թե՝ թշնամին ամեն ինչի տեղը գիտի, բայց երևի հասկացավ, լռեց. ինձ էր զննում՝ արդյո՞ք ճիշտ արեց, որ ասաց:

Ծիծաղս եկավ, բայց իսկույն լրջացա. «Բա՞, տղա ջան, այդպես էլ է լինում: Ոչ ոքի մի ասեք տեղանքի ու զորամասի անունը, դա հույժ գաղտնի զորամաս է, նրանից է կախված շրջակա գյուղերի ու մեր քաղաքի երկնքի անվտանգությունը»:

Զորքի երբեմնի պաշտոնաթերթն իր օրում նման բացթողում չէր անի, գլխով էինք պատասխանատու:

Ենթասպան հարգալից ձգվեց, տղան տեղյակ էլ չէր, որ նույն այդ զորամասի անունը մենք հազար չափում՝ էլի չէինք տալիս:

Ափսոս այս տղերքը, որ ոչ թերթ տեսան, ոչ՝ իրենց կյանքն ու շահերը պաշտպանող և ուսուցանող լրատվական պրոֆեսիոնալ ծառայություն:

Երկար ժամանակ մտածում էի՝ ինչո՞վ է զբաղված Սյունյաց զորքի անձնակազմի հետ տարվող գաղափարական ու դաստիարակչական գծով հրամանատարի տեղակալ գնդապետը, այսպես ասած, զամպալիտը, որ իր ենթակայության սպաներն ու անձնակազմը տարրական գաղտնիության կարգն էլ չգիտեն: Թե՞ նրա գործը միայն աշխատասենյակում ամուր տեղակայվելն ու «հաղթանակա՜ծ» չինովնիկի հովերով փորձառու ծառայողների ոտքի տակ փորելը, տեսադաշտից չեզոքացնելն է:

Ինչպես չասես՝ եթե թշնամուն բերել ու հասցրել եք շքամուտք, նստեցրել մեր բարձունքներին, դեռ չի նշանակում, թե կորցնելու բան չունենք, թե այլևս գաղտնիություն ու դարպասներ չպետք է լինեն:

Ավելին, զգոնությունը պետք է հազարապատկեք, ոչ թե թուլանաք, տուն-տունիկ խաղաք՝ թշնամու հետ քուրսի նստած:

Լուսանկարում՝ 2016, սեպտեմբեր. ազատագրված Սանասարի զորամասում, ապրիլյանից հետո «Քաջաց բանակ» թերթի կազմակերպած նվիրատվության, ուրախ մրցույթների տոնահանդես էր, մասնակցում էին նաև Արցախի հերոսածին մայրերը:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 3130

Մեկնաբանություններ