«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Մեծ բան չէ, կարծես թե, մեր ուզածը

Մեծ բան չէ, կարծես թե, մեր ուզածը
15.08.2025 | 10:25

Ի՞նչ ենք ուզում ես եւ իմ նման շարքային քաղաքացիները, որոնք իշխանության գալու ծրագիր չունեն, որեւէ կուսակցության անդամ չեն, մեծ ունեցվածք չունեն, որը պետք է պահպանել ու բազմապատկել եւ այլն: Շատ պարզ պահանջներ ունենք մենք.

Որ իսկապես պատերազմի վտանգ կախված չլինի մեր եւ մեր զավակների գլխին, բայց դրա համար մենք ստիպված չլինենք մեր երկրից, մեր արժանապատվությունից, մեր բարեկեցությունից, մեր պատմությունից, մեր արժեհամակարգից... զիջումների գնալ:

Ուզում ենք, որ երկրում քաղաքական հալածանքներ չլինեն, մանավանդ` խոսելու, քննադատելու, իշխանություններին ընդդիմանալու համար մարդիկ բանտում չհայտնվեն: Ընդ որում` եւ հայաստանյան բանտերում, եւ Բաքվի:

Ուզում ենք, որ տուն վերադառնան բոլոր պատանդներն ու գերիները եւ Հայաստանի դռները բաց լինեն բոլորի համար անխտիր, այդ թվում` իշխանություններին քննադատող, նրանց համար տհաճ յուրաքանչյուր անձի, որովհետեւ սա մեր բոլորիս տունն է, ոչ թե իշխանության գլխին կանգնած մի քանի նեղմիտների:

Ուզում ենք, որ երկրում աշխատելու, ստեղծագործելու, կարիերա անելու, կրթվելու, որեւէ գործունեություն ծավալելու հավասար պայմաններ լինեն բոլորի համար, այլ ոչ թե միայն իշխանության ներկայացուցիչների, նրանց մերձավորների, նրանց կամակատարների ու համակիրների:

Ուզում ենք հանրային միջոցների օգտագործումը լինի թափանցիկ եւ խնայողական, որ ինչ որ արտոնյալ խմբեր տզրուկների պես չօգտվեն պետական բյուջեից, միլիոնավոր դոլարներ չծախսվեն պետական պաշտոնյաների վրա, երբ անապահովները, Արցախից տեղահանվածները, թոշակառուները, հաշմանդամները գրոշներ են ստանում:

Ուզում ենք, որ մեր երկրում նորմալ առողջապահական ու կրթական համակարգ, լավ ճանապարհներ լինեն, օդն ու ջուրը չաղտոտվի, անվերահսկելի կառուցապատում չիրականացվի: Ուզում ենք նոր աշխատատեղեր բացվեն, գներն անվերահսկելիորեն չաճեն, պետական բոլոր ինստիտուտները գործեն Սահմանադրությանը համապատասխան եւ օրենքը գործի բոլորի նկատմամբ համաչափ:

Մեծ բան չէ, կարծես թե մեր ուզածը եւ նման ցանկություններ բոլոր երկրների քաղաքացիներն ունեն, բայց մեր այս պարզ ցանկություններն այդպես էլ անկատար կմնան, եթե իշխանության մնա 2018-ին իշխանության եկած այս խմբակը, որը վերը նշված բոլոր կետերով տապալել է երկրի կառավարումը եւ պետությունը մտցրել փակուղի:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ