Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Ցեղասպանության դատապարտումը հայասիրությա՞ն, թե՞ մարդկային գործոնի ցուցիչ է

Ցեղասպանության դատապարտումը հայասիրությա՞ն, թե՞ մարդկային գործոնի ցուցիչ է
30.01.2015 | 12:05

Մեզ համար «Եվրատեսիլը» երբեք չի եղել սոսկ միջազգային երաժշտական մրցույթ, մեր ազգի ներկայացուցչի վոկալ տվյալներն աշխարհին ի ցույց դնելու, նրա համար բեմական բեղուն կարիերա ապահովելու հարթակ: Եվրոպացիների համար, այո՛, «Եվրատեսիլը» պարզապես մի շոու է, իրենց երգը և երգչին ներկայացնելու մի շքեղ հնարավորություն, իսկ մեր երգիչները դուրս են գալիս բեմ՝ իրենց ուսերին առած ամբողջ հայության սիրո, սպասումների, հիասթափությունների, հաղթանակների չպարպված չափաբաժինը փոքր-ինչ կրճատելու ձգտումի ծանրությունը: Եվ իհարկե, այս պայմաններում դժվար է երգել, առավել ևս այս տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակային տիրույթում: Դեռ հայաստանյան մասնակցի անունն ու երգը չիմացող հայ հանրությունն արդեն մեծ իրադարձության է վերածել այն փաստը, որ «Եվրատեսիլ-2015»-ին Ֆրանսիան ներկայացնող երգչուհի Լիզա Անժելը կատարելու է «N՚oubliez pas» («Մի՛ մոռացեք») երգը՝ Հայոց ցեղասպանության թեման ակնարկող տեքստով: Արդեն կան հայության և հայասեր օտարազգիների ոգևորության և ադրբեջանական տափակաբանության փոխհրաձգությունների համացանցային աղաղակներ:

Չգիտեմ՝ ուղղակի կապ կա՞ ֆրանսուհու երգի՝ ակնհայտորեն Հայոց ցեղասպանության փաստին, այդ պատմական իրողության բովանդակությանն առնչվող տեքստի և մեր հարյուրամյա համազգային ողբերգության միջև, չգիտեմ՝ կարո՞ղ է դրանից որևէ բան կորցնել թուրք-ադրբեջանական ճիվաղը, բայց այն, որ երգն իսկապես գեղեցիկ է, հուզիչ, մեղեդային ու ճաշակով գործիքավորված, ակնհայտ է: Եվ եթե այն անգամ ուղղակի առնչություն չունի մեր հոգու նվիրական ապրումների հետ, միևնույն է, կարող է հուզել յուրաքանչյուր բանական արարածի, քանի որ վերջիններիս ու, նախ և առաջ հայերիս խնդիրը միայն մեր ցավի ու մեր կորուստների մասին աշխարհով մեկ շեփորահարելը չէ, այլև մեր օրինակն ի ցույց դնելու և դատապարտելու ճանապարհով ա՛յն համամարդկային ու համամոլորակային աղետի կանխումը, որից ապահովագրված չեն ոչ մի երկիր ու ազգություն երկրագնդի որևէ հատվածում: Իսկ այս նպատակի իրագործումն անհնար է, եթե ժամանակին ու հիմնավորապես չի կասեցվել մարդակերպ բարբարոսի մահակործան ընթացքը:

Եվ ուրեմն, ամեն տեսակի ցեղասպանություններն ու հոլոքոստները, ռամիլսաֆարովությունն ու պերմյակովությունը բացառելու համար բնավ էլ պարտադիր չէ, որ Լիզա Անժելը երգի հատկապես Հայոց ցեղասպանության մասին: Բավական է միայն երգել բարի, մարդատյացությունն ու ցավը մերժող, գեղեցիկ երգ՝ ի սեր մարդու և ի հակակշիռ մարդատյացության: Եվ այս դեպքում կշահեն ոչ միայն հայերը, քանզի Հայոց ցեղասպանության բարձրաձայնումն ու դատապարտումը, անկախ որևէ տարելիցից, որևէ բեմահարթակից, որևէ պարագայից, ոչ թե հայասիրության դրսևորման, այլ մարդկային գործոնի ցուցիչ են: Իսկ մարդ լինելու համար պարտադիր չէ հատկապես հայասեր լինել, բայց պարտադիր է ցեղասպանի ձեռքը բռնել ու նրան բարձրաձայն, ի լուր աշխարհի իր անունով կոչելու և դատապարտելու պարզ անհրաժեշտությունը գիտակցել. ոչ թե ի սեր հայ ազգի, այլ ի սեր սեփական ազգի, սեփական երկրի, սեփական ընտանիքի, սեփական եսի ապահով գոյության՝ տարաբնույթ աղետներով ու հակամարտություններով ծանրաբեռ այս բազմատանջ Երկիր մոլորակի վրա: Հայերս մեր բաժին կորուստը վաղուց ենք ապրել և նոր կորուստների այլևս պատրաստ չենք, մի բան, որ չի կարելի ասել այն հզոր տերությունների ու ազգերի մասին, որոնց ունեցածի վրա սևեռված է երեկվա ցեղասպանի մշտարթուն գիշատչային աչքը:

«Եվրատեսիլ-2015»-ի ժամանակ հայությունը կքվեարկի՞ ի նպաստ ֆրանսուհու, թուրք-ադրբեջանական տանդեմը կփորձի՞ այս կամ այն պատրվակով կեղծել ու սադրել ցեղասպանության պարագան, Լիզա Անժելի ու նրա երկիր Ֆրանսիայի համար այնքան էլ կարևոր չեն, քանի որ այսօր Ֆրանսիան, ինչպես և Գերմանիան, Նորվեգիան, Ամերիկան, Ռուսաստանն ու իրենց մասին ամենահաղթ տերության համարումն ունեցող այլ երկրներ զբաղված են սեփական շահերն ու կորուստները հանրագումարելու թնջուկով: Բայց թե ինչու չեն գիտակցում կամ ինչու չեն խոստովանում, թե ինչից է ծայր առել այդ թնջուկը, դժվար է հասկանալ: Նավթագազային աշխարհակործան կրքերը չեն խնայելու ոչ ոքի. պետք է գիտակցել սա ու «N՚oubliez pas» երգը լսել և արժևորել այս համատեքստում:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Լիզա Անժելի «N՚oubliez pas» երգը կարելի է լսել այս հղումով:

Դիտվել է՝ 1663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ