ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի ՈՒկրաինայում պատերազմը կարգավորելու միջնորդական ջանքերից, եթե Մոսկվան և Կիևը չներկայացնեն կոնկրետ առաջարկներ։ «Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդի մեր դերից»,- շեշտել է Ռուբիոն։               
 

Արվեստի բուժիչ ուժը

Արվեստի բուժիչ ուժը
26.04.2025 | 18:07

Արվեստի բուժիչ ուժի մասին մարդկությունը գիտի վաղուց: Դարեր շարունակ նկարելով կամ երաժշտություն լսելով մարդիկ ազատվել են իրենց հոգու հիվանդություններից։ Հայտնի են դեպքեր, երբ մարդն առողջացել է Մոցարտի երաժշտությունը կամ The Beatles խմբի երգերը լսելով։

Արվեստի բուժիչ ուժի մասին գիտեն նաև հոգեբանները և այս մեթոդը լայնորեն կիրառում են իրենց աշխատանքում։

Զրուցակիցս` ԵՎԱ ՕՀԱՆՅԱՆԸ, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ է, որ տարիներ շարունակ պայքարում է դարի հիվանդության՝ նևրոզի, տագնապային խանգարման դեմ։

Նրան լավ հայտնի են հոգեբանական օգնության մեթոդները։

- Ի՞նչ դեր ունի արվեստը մարդու հոգեկան աշխարհի ձևավորման մեջ։

- Մենք ունենք հոգեբանական ուղղություն, որը կոչվում է արտ-թերապիա։ Երբ արվեստի միջոցով մենք բժշկում ենք մարդու հոգին։ Դա կարող է լինել նկարչություն, կավագործություն, գրել , երգել , պարել։ Այդ ամենի միջոցով մարդիկ արտահայտում են իրենց հույզերը։ Երբ մարդը սկսում է գրել, առարկայացնում է իր զգացմունքները թղթի վրա։ Եվ այսպես նա մենակ չի մնում իր հույզերի հետ։ Պարելու ընթացքում դուրս են գալիս բացասական հույզերը։ Նույնը տեղի է ունենում կավագործության ժամանակ։

Արվեստը հզոր գործիք է հոգեկանը կարգավորելու համար։

- Ի՞նչպես է արվեստը ազդում մարդու վրա, երբ նա նկարում է , դիտում է ներկայացում կամ լսում երաժշտություն։

-Նախ և առաջ դա օգնում է մարդուն ենթագիտակցությունից դուրս բերել իր թաքնված էմոցիաները։ Նույնիսկ գոյություն ունի նեյրոգրաֆիկա։ Երբ մարդուն տալիս են թուղթ և գրիչ, մատիտներ և նա սկսում է նկարել։ Այդ ժամանակ ենթագիտակցությունից ինչ-որ կապեր են դուրս գալիս, ստեղծվում են որոշակի պատկերներ։ Դրա միջոցով էլ մարդը բժշկվում է։ Իսկ երբ ինչ-որ մեկն ունկդրում է երաժշտություն՝ հատկապես դասական, դարձյալ կարգավորվում է հոգեկանը։ Կամ դու քեզ նույնականացնում ես ինչ-որ ֆիլմի հերոսի հետ։ Նայում ես լաց ես լինում, կամ ծիծաղում ես։ Այս ամենն էլ բժշկական և թերապևտիկ ազդեցություն ունի։ Մորենոն դրամա-թերապիան էր ստեղծել։ Երբ մեկը գալիս և պատմում է իր պատմությունը, մյուս երկուսը՝ խաղարկում են։ Ռուսաստանում կա այդպիսի Playback թատրոն։ Երբ երկու այլ մարդիկ քո պատմությունը խաղարկում են, իսկ դու դրան նայում ես կողքից։ Երբ կողքից ես նայում, քեզ մոտ գալիս են նաև իրավիճակի նոր լուծումներ։

- Ի՞նչ տարբերություն կա դասական հոգեթերապիայի և արվեստի թերապիայի՝ արտ-թերապիայի միջև։

-Հոգեթերապիան ունի շատ ուղղություններ։ Հոգեբաններն աշխատում են հիմնականում խոսքով։ Հոգեվերլուծության ժամանակ տանում ենք մանկություն։ Կոգնիտիվ-վարքաբանականի ժամանակ աշխատում ենք մարդու համոզմունքների, կարծրատիպերի հետ։ Իսկ արվեստի թերապիան ավելի կիրառական բնույթ ունի, երբ դու մի բան ստեղծում, նկարում ես։ Հետո ասում ես՝ ես սա արեցի։ ՈՒ այստեղ արդեն ինքնագնահատականն է լավ բարձրանում։

-Ինչպիսի՞ օրինակներ կան, երբ արվեստը օգնել է մարդուն հաղթահարել ծանր հոգեկան ապրումները։

-Շատ օրինակներ կան։ Օրինակ, պատերազմի մասնակցած զինվորները գրել են պատմվածքներ իրենց ապրումների մասին և դա շատ իրենց օգնել է։ Նաև իմ այցելուներից շատերն են այդպես անում։ Մեկը սկսում է մոմեր պատրաստել, մեկը՝ նկարել։

-Արդյոք ամեն մարդ կարո՞ղ է օգտվել արվեստի բուժիչ ուժից, թե՞ այն գործում է միայն որոշ տեսակի մարդկանց վրա։

-Կախված է նրանից, թե ում ինչ տեսակի թերապիա է օգնում։ Մեկին օգնում է պարաթերապիան, մյուսին՝ խոսքի ուժը։ Ամեն ինչ շատ անհատական է։

Նույնիսկ, երբ մենք լաց ենք լինում, խոսում ենք, մենք դուրս ենք հանում մեր միջից կուտակված էմոցիաները։ Երբ մենք ստեղծագործում ենք, մեզ մոտ դոֆամին է արտադրվում։ Եվ դա շատ է օգնում։ Աստված շատ է սիրում ստեղծագործ մարդկանց, որովհետեւ Աստված Ինքը Ստեղծագործ է, Արարիչ է։

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց , ովքեր ծանր շրջան են ապրում։ Ինչպե՞ս կարելի է օգտվել արվեստի բուժիչ ուժից։

-Մարդիկ պետք է հասկանան՝ իրենց ինչն է դուր գալիս և սկսեն անել։ Ամենակարևորը առաջին քայլն է։ Գործել, երգել, նկարել և ցանկացած այլ գործողություն, ինչն իրենց օգնում է։ Հատկապես արվեստագետները շատ զգայուն ներաշխարհ ունեցող մարդիկ են և հաճախ ունենում են հոգեբանորեն դժվար պահեր։ Նրանք սփոփանքը գտնում են իրենց աշխատանքում։ Եսենինը, Բլոկը, Էռնեստ Հեմինգուեյը իրականում շատ են ունեցել հոգեթերապևտի կարիք։ Բայց ստեղծել են գործեր, որոնք մնացել են մարդկության պատմության մեջ։

Զրույցը`

Վալենտինա ԱՂԱՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2243

Մեկնաբանություններ