Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է...» (Մատթ. 3:2)

«Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի  արքայությունը մոտեցել է...» (Մատթ. 3:2)
14.06.2013 | 11:13

Հետաքրքիր է` մենք կարո՞ղ ենք պատասխանել հետևյալ հարցին. «Աստծու համար ո՞րն է ամենից թանկագին բանը»։ Վստահ եմ, որ ամեն մեկն էլ իր կարծիքն ունի այս հարցի վերաբերյալ. ոմանք, օրինակ, կասեն` զոհողությունը, ուրիշները` սերը, հավատը, անձնազոհությունը, հայրենասիրությունը կամ եկեղեցասիրությունը և այլն:
Հիմա կարդացեք այս պատմությունը և կտեսնեք, թե Աստծու համար ո՞րն է աշխարհում ամենից թանկագին բանը, ու հուսով եմ` դուք էլ կունենաք ձեր կարծիքն այդ մասին:
«Մի օր Աստված հրեշտակին ուղարկում է աշխարհ` բերելու ամենաթանկագին բանը: Հրեշտակը շրջում է ամենուր, ուշադիր հետևում ամեն ինչի ու տեսնում է, որ պատերազմ է, և ազատամարտիկը, որը կռվում էր հայրենիքը պաշտպանելու և ազատագրելու համար, թշնամու արձակած գնդակից մահացու հարված է ստանում, և նրա սրտից արյունը շատրվանի պես դուրս է ցայտում: Տեսնելով ազատամարտիկի այս զոհողությունը իր հայրենիքի համար, հրեշտակը անմիջապես վերցնում է այդ առաջին արյունն ու տանում Աստծուն:
-Բերեցի՞ր,- հարցնում է Աստված հրեշտակին:
-Այո՛, աշխարհի ամենից թանկագին բանն այս արյունն է, քանի որ ազատամարտիկն իր կյանքը զոհեց և հայրենիքի համար իր արյունը թափեց:
-Ճիշտ ես,- ասում է Աստված,- դա էլ շատ կարևոր է, սակայն ամենից թանկագինը չէ:
Հրեշտակը գնում է և ուշադիր հետևում աշխարհի անցուդարձին։ Տեսնում է հիվանդանոցում մի հիվանդ բժշկի, որը տարիներ շարունակ անձնազոհ կերպով բուժել է հարյուրավոր հիվանդների, ջանք չի խնայել, որ նրանց փրկի, զանազան վարակիչ հիվանդություններով տառապող հիվանդներին էլ նույնիսկ բուժել է, սակայն, դժբախտաբար, այդ վարակիչ հիվանդություններից մեկով նա էլ է վարակվում և այդ պահին մահվան վիճակում է լինում: Հրեշտակը սպասում է ու, երբ բժիշկն իր վերջին շունչն է տալիս, նա վերցնում է այն ու տանում Աստծուն:
Աստված գնահատում է հրեշտակի բերածը, բժշկի անձնազոհությունը, սակայն ասում է, որ դա ամենից թանկագին բանը չէ:
Հրեշտակն իջնելով երկիր` տեսնում է մի երիտասարդ ոճրագործի, որը ատրճանակը ձեռքին վազքով մոտենում է մի փոքրիկ տան: Հետաքրքրությունից դրդված հետևում է նրան: Երիտասարդը մոտենում է տանը ու նայում պատուհանից: Տեսնում է` մայրը երեխայի հետ ծնկի եկած աղոթում է: Այդ պահին հանկարծ նա հիշում է իր անցյալը, իր մանկությունը, երբ իր մայրը ճիշտ այս մոր նման իր հետ ծնկի էր գալիս ու սովորեցնում միասին աղոթել: ՈՒ նրա աչքերից զղջման արցունքներ են գալիս: Հրեշտակն անմիջապես վերցնում է այդ արցունքն ու տանում Աստծուն:
-Եկա՞ր,- հարցնում է Աստված հրեշտակին,- բերեցի՞ր:
-Այո՛, Տեր Աստված, բերեցի մի ոճրագործ, ավազակ երիտասարդի զղջման արցունքը:- ՈՒ պատմում է, թե ոճրագործ երիտասարդն ինչպես զղջաց ու ապաշխարեց:
Եվ Աստված ընդունում է աշխարհի ամենից թանկագին բանը` մի մեղավորի զղջումն ու ապաշխարությունը, քանի որ Նա այնքան բարի է ու լի անսահման սիրով, որ մինչև վերջին րոպեն հնարավորություն է տալիս մեղավոր մարդուն զղջալու, ապաշխարելու ու ներում ստանալու, ինչպես եղավ ոճրագործ երիտասարդի պարագայում»:
ՈՒրեմն` Աստծու համար ամենից թանկագին բանը աշխարհում մեղավոր մարդու զղջումն ու ապաշխարումն է:
Հովհաննես Մկրտչի խոսքը. «Ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է… Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները. Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով…» (Մատթ. 3:2, 11):

Տեր Հովսեփ Ա. քահանա
ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2581

Մեկնաբանություններ