Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Եղիցի լույս» մրցանակ` Քշիշտոֆ Զանուսսիին (տեսանյութեր)

«Եղիցի լույս» մրցանակ` Քշիշտոֆ Զանուսսիին (տեսանյութեր)
19.07.2014 | 11:47

Հայ եկեղեցու «Եղիցի լույս» ամենամյա մրցանակն այս տարի գտավ իր երրորդ հասցեատիրոջը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը մրցանակը հանձնեց լեհ անվանի ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսիին:
Ռեժիսորի և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մասին իրենց գնահատանքի խոսքն ասացին Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Դավիթ Մուրադյանն ու կաթողիկոսը առանձնահատուկ շեշտեցին լեհ ռեժիսորի երկարամյա ջերմ բարեկամությունը հայ ժողովրդի և Հայաստանի հետ` մասնավորապես նշելով, որ 1960-ական թվականներին, գտնվելով Հայաստանում, Զանուսսին կարողացել է փրկել և իր նկարահանած ժապավենների հետ Լեհաստան հասցնել Խորհրդային Հայաստանի գրաքննիչների կողմից արգելված Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը: Այդուհետ կազմակերպել է ֆիլմի պրեմիերան Լեհաստանում և այն ճանաչելի դարձրել համաշխարհային հանդիսատեսին ու կինոքննադատներին: Երբ վերջիններս հիացել ու արժևորել են «Նռան գույնը», այն ստիպված են եղել ընդունել նաև հայրենիքում:
Քշիշտոֆ Զանուսսին իր խոսքում երախտագիտություն հայտնեց ստացած բարձրարժեք մրցանակի համար, հավաստիացրեց, որ իր վերաբերմունքը ջերմ է Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ, կարևորեց քրիստոնեության դերը մարդկության ողջ պատմության հոլովույթում և հավելեց, որ «Նռան գույնը» փրկելու հարցում իր առաքելությունը չափազանց համեստ է եղել: Ինքը փրկել է կինոժապավենի մի փոքր հատվածը միայն: Իրականում այն փրկելու և հետագա ճանաչումն ու հռչակն ապահովելու պատիվը, իր խոսքով, մեր հայրենակցինն է` Եժի Կավալերովիչինը:
Նույնը օրը` երեկոյան, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ լեհ ռեժիսորի «Հաստատուն գործոն» ֆիլմի պրեմիերան: Այն նախկին Խորհրդային Միության տարածքում ցուցադրվում էր առաջին անգամ: Թեև ֆիլմը Կաննի կինոփառատոնի մցանակակիր է, սակայն Խորհրդային Միությունում եղել է արգելված և երբեք չի ցուցադրվել նախկինում:
Ֆիլմը դիտելուց հետո միանգամայն հասկանալի դարձավ, թե ինչու խորհրդային գրաքննիչները չեն կարողացել հանդուրժել այդ ֆիլմը: Դա պատմություն է մարդկային ազնիվ հատկանիշների կրող, բարոյական բարձր չափանիշներ դավանող մի սովորական անձնավորության մասին, որը չի հարմարվում իր շուրջը տիրող անարդարությունների հետ ու միջավայրի կողմից մերժվելուց հետո նաև դառնում է դժբախտ պատահարի զոհ: Ֆիլմի ցուցադրությունից առաջ ռեժիսորն ասաց, որ իր ֆիլմն այն կեղտի մասին է, որում ապրում ենք բոլորս:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Տեսանյութ

«Եղիցի լույս» մրցանակ Քշիշտոֆ Զանուսսիին(2)
«Եղիցի լույս» մրցանակ Քշիշտոֆ Զանուսսիին(1)
Դիտվել է՝ 1996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ