Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Կառավարությունը և ԿԲ-ն պետք է պատրաստ լինեն մեղմելու արտաքին աշխարհից եկող բացասական միտումները»

«Կառավարությունը և ԿԲ-ն պետք է  պատրաստ լինեն  մեղմելու  արտաքին  աշխարհից եկող բացասական միտումները»
12.12.2014 | 11:33

Մի քանի օրից Հայաստանը գործելու է տնտեսական նոր դաշտում, սակայն արդեն այսօր Հայաստանի ֆինանսական շուկան խաղաղ չէ: Ինչպե՞ս կզարգանան գործընթացները։ Այս և ֆինանսական շուկայում առկա հրատապ խնդիրների շուրջ զրուցեցինք բանկերի միության նախագահ ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆԻ հետ:

-Իմ խորին համոզմամբ, նոյեմբերի 24-ից հետո Հայաստանի արժութային շուկայում տեղի ունեցող զարգացումները, բացի օբյեկտիվ բաղադրիչից՝ անբարենպաստ արտաքին ճնշումների տեսքով, ունեն նաև զգալի, զուտ սուբյեկտիվ ներքին դրդապատճառներ` բնակչության շրջանում տեղ գտած խուճապային տրամադրությունների տեսքով,- ասաց պարոն Ճզմաչյանը:- ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ տատանումները և, մասնավորապես, արժեզրկումը, որևէ կերպ չեն բխում բանկերի շահերից: Կտրուկ տատանումները բանկերի և բանկային համակարգի, ինչպես նաև նրանց հաճախորդների համար առաջացնում են ռիսկեր, որոնց կառավարումը բանկերի կարևորագույն խնդիրն է: Այս հիմնավորմամբ են պայմանավորված բանկերի այն գործողությունները, որոնք նպաստել են փոխարժեքի աստիճանական և դանդաղ փոփոխմանը, հնարավորություն ընձեռելով հաճախորդներին և բնակչությանը փոխարկելու իրենց անհրաժեշտ միջոցները առավել ընդունելի փոխարժեքով, հանդարտեցնելով առաջացող խուճապը, խոչընդոտելով այլ անձանց սպեկուլյատիվ գործողություններին: Այս ամենը հաճախ կատարվել է նաև բանկերի կողմից ֆինանսական վնասներ կրելու հաշվին: Դրա հետ մեկտեղ փաստեմ, որ ՀՀ բանկերը պահպանում են կապիտալիզացիայի բարձր աստիճան և մեծ լիկվիդայնություն, այլ խոսքով ասած, շատ կայուն են:
Պետք է նշել, որ բանկերի գործողությունների և ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության շնորհիվ շուկայում պահանջարկը հիմնականում բավարարվել է, և այժմ նկատվում է փոխարժեքի կայունացում: Ինչ վերաբերում է ընդհանրապես ԵԱՏՄ-ի ազդեցությանը Հայաստանի վրա, մենք բոլորս պետք է հասկանանք, որ տարիֆային և ոչ տարիֆային արգելանքների վերացումն ուրիշ երկրների հետ առևտրում ընդհանուր առմամբ դրականորեն կազդի մեր տնտեսավարող սուբյեկտների վրա: Բայց դրա հետ մեկտեղ պետք է պատրաստ լինենք և այն բացասական ալիքներին, որոնք կգան և արդեն գալիս են մեր գործընկեր երկրներից:
-Տնտեսական և ֆինանսական շուկաները խիստ փոխկապակցված են, և եթե սրան էլ գումարենք նավթի միջազգային գների անկման միտումը, ապա այդ ամենը ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ-ի ֆինանսական շուկայի վրա:
-Սկզբունքորեն ես արդեն պատասխանեցի Ձեր հարցին: Կարող եմ միայն ավելացնել, որ կառավարությունը և ԿԲ-ն պետք է պատրաստ լինեն իրենց գործիքակազմով մեղմելու կամ ընդհանրապես չեզոքացնելու արտաքին աշխարհից եկող բացասական միտումները: Եվ ԿԲ-ն, օրինակ, արդեն գործարկեց ամենօրյա սակարկությունների միջոցով դոլարի վաճառքի մեխանիզմը: Արդեն մի քանի օր է` գլխավոր դրամատունը սակարկությունների միջոցով վաճառում է օրական 6 մլն ԱՄՆ դոլար և այդ քանակությունը պահանջարկի նվազման հետ մեկտեղ կկրճատվի և կհասցվի զրոյի: Ի միջի այլոց, ՀՀ ԿԲ-ի այդ որոշումից ուղիղ մեկ օր անց նմանատիպ քայլի ստիպված եղավ դիմել Մեքսիկայի Կենտրոնական բանկը, աճուրդի հանելով օրական 200 մլն ԱՄՆ դոլար: Պատճառը նույնն էր՝ պեսոյի արժեզրկումը կանխելը: Նմանատիպ միջոցառումներ իրականացվում են մեր տարածաշրջանի և տարածաշրջանից դուրս գտնվող շատ երկրներում:
-Ըստ Ձեզ, դոլար-դրամ հարաբերակցության խաղերում քանի՞ տոկոսն է օբյեկտիվ և քանիսը՝ սպեկուլյացիայի արդյունք:
-Ակնհայտ է, որ նոյեմբերի 24-ին դրամի 4-տոկոսանոց արժեզրկումը կատարվեց օբյեկտիվ հիմքերի վրա, պայմանավորված Ձեր նշած և այլ հանգամանքներով (նավթի գների և ռուսական ռուբլու անկում, ընդհանուր առմամբ, ՌԴ-ի տնտեսական վիճակի վատթարացում, տրանսֆերտների կրճատում): Դրանից ավելի՝ սպեկուլյացիոն խաղերի և խուճապային տրամադրությունների արդյունք է: Այսինքն, վերջին երկու շաբաթում դրամի արժեզրկման հիմնական պատճառները օբյեկտիվ են, սակայն սուբյեկտիվ պատճառներն էլ քիչ չեն:
-Բանկերը և փոխանակման կետերը դոլար չեն վաճառում, իսկ ԿԲ-ն հայտարարում է, որ բավականաչափ արտարժույթ ունեն: Ինչպե՞ս հասկանալ։
-Ես ի պաշտոնե չեմ կարող գնահատել փոխանակման կետերի պահվածքը, իսկ ինչ վերաբերում է բանկերին, ասեմ, որ խուճապի և ռիսկերի ավելացման պայմաններում էլ նրանք շարունակում են դոլար վաճառել: Դրա վառ ապացույցն է այն փաստը, որ բանկերն այդ ժամանակաշրջանում գնեցին 70 մլն դոլար, իսկ վաճառեցին 145 մլն դոլար` այն դեպքում, երբ սովորական պայմաններում այդ գործարքների միջև տարբերությունը կազմում էր ընդամենը 5-7 մլն դոլար: Ի միջի այլոց, դրա հետևանքով որոշ բանկեր կորուստներ են ունեցել: ՈՒղղակի եղավ մի շրջան, երբ բանկերը, բնականաբար, նախապատվությունը տալիս էին առաջին հերթին իրենց հաճախորդներին, մնացածի նկատմամբ կիրառելով որոշ սահմանափակումներ: Խուճապի պայմաններում այդ քայլն արդարացված էր, քանի որ նպաստում էր սպեկուլյացիաների կրճատմանը:
-Ստեղծված իրավիճակում ինչպիսի՞ քաղաքականություն պետք է վարի ԿԲ-ն:
-ԿԲ-ն արդեն իսկ նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, որոնց կիրառմամբ հակազդում է սպեկուլյացիաներին, շուկա է հանում արտարժույթի լրացուցիչ զանգված, փորձում է մարել խուճապային տրամադրությունները: Սպեկուլյատիվ գործողություններ կատարած անձանց հանդեպ կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ:
-Ի՞նչ եք կարծում, ԿԲ-ն չպե՞տք է ներկայացնի իր դրամավարկային նոր ռազմավարությունը, ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանը նոր տնտեսական իրավիճակի մեջ է գործելու հունվարի 1-ից:
-Դուք ինձ բավականին շատ հարցեր եք տալիս` կապված ՀՀ ԿԲ-ի կողմից վարվող և վարվելիք քաղաքականության հետ, որով ինձ մի քիչ անհարմար վիճակի մեջ եք դնում, քանի որ ես ՀՀ ԿԲ աշխատակից չեմ: Դրա հետ մեկտեղ ես պատասխանել եմ Ձեր հարցերին և հիմա էլ կպատասխանեմ, որովհետև ՀՀ ԿԲ-ի կողմից իրականացվող գործողությունները ինձ բավականին հոգեհարազատ են, սակայն դա իմ անձնական կարծիքն է: ԿԲ-ն կներկայացնի իր նոր մոտեցումները ճիշտ պահին, քանի որ հունվարի 1-ից ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը ենթադրում է նաև աստիճանաբար միասնական ֆինանսական դաշտի ստեղծում (առանց միասնական արժույթի), կարգավորման նոր մեխանիզմների և մոտեցումների կիրառում: Այնպես որ, մի քիչ էլ սպասենք:


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ