«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնին ընդառաջ հրավիրված հերթական մամուլի ասուլիսը հաճելիորեն կանխատրամադրեց մասնակիցներին համաշխարհային կինոյի ծանրակշիռ դեմքերի հետ սպասվելիք հանդիպումներին: Կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում կլինեն ֆրանսիացի կինոդերասան Պատրիկ Շենեն, գերմանացի կինոդերասանուհի Նաստասյա Կինսկին, հանրաճանաչ իտալուհի Օռնելա Մուտին: Փառատոնը կներկայացնի «Ես սիրվելու համար չեմ այստեղ» (ռեժ.՝ Ստեֆան Բրիզե) ֆիլմը՝ Շենեի, «Սվանի սերը» (ռեժ.՝ Ֆոլքեր Շլյոնդորֆ) ֆիլմը՝ Մուտիի մասնակցությամբ: Օռնելա Մուտիին «Ոսկե ծիրանը» կշնորհի մրցանակ՝ համաշխարհային կինոարվեստում ունեցած վաստակի համար:
Հետահայաց ցուցադրությունները կնվիրվեն Նաստասյա Կինսկիին՝ ներառելով «Թես» (ռեժ.՝ Ռոման Պոլանսկի), «Փարիզ, Թեքսաս» (ռեժ.՝ Վիմ Վենդերս), «Մարիայի սիրեցյալները» (ռեժ.՝ Անդրեյ Կոնչալովսկի) ֆիլմերը: Հանրահայտ այս դեմքերի հանդիպումները լրատվադաշտի ներկայացուցիչների հետ կկայանան «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում:
Ասուլիսը ներկայացրեց նաև Հարություն Խաչատրյանի վերջին մրցանակները, որ նա իր հետ բերել էր Երևան Մոսկվայից՝ այնտեղ օրերս կայացած 37-րդ միջազգային կինոփառատոնից:
«Իլյուզիոն» կինոթատրոնում կայացել է ռեժիսորի 60-ամյակին նվիրված ստեղծագործական երեկոն, որի ընթացքում ցուցադրվել է 1989-ին նրա նկարահանած առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Քամին ունայնության»: Իր առաջին ցուցադրությունից հետո հայ կինոգետների և մամուլի սուր քննադատությանն արժանացած այս ֆիլմը մոսկովյան հանդիսատեսն արժանացրել է բացառիկ ուշադրության:
Հարություն Խաչատրյանին շնորհվել է երկու մրցանակ՝ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցանակը՝ կինոարվեստի և հայ-ռուսական մշակութային համագործակցության մեջ ունեցած մեծ ավանդի համար, և ռուս կինոգետների և կինոքննադատների գիլդիայի «Փիղ» մրցանակը՝ համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնադրելու համար:
«Քամին ունայնության» ֆիլմի համահեղինակը (այսպես բնորոշեց Հարություն Խաչատրյանը Միքայել Ստամբոլցյանին) հորդորեց արժանին մատուցել Ֆրունզե Դովլաթյանին, ում գործուն աջակցության արդյունքում է ստեղծվել «Քամին ունայնության» ֆիլմը:
Հարություն Խաչատրյանը, որ հատկապես վերջին տարիներին պատճառ չունի զարմանալու պատվավոր մրցանակների առատությունից, իրեն բնորոշ անմիջականությամբ խոստովանեց, որ ցանկացած ռեժիսորի համար էլ հաճելի է մրցանակի արժանանալը, և որ դրանց մասին քամահրանքով խոսողներն այն ռեժիսորներն են, որոնք չեն արժանանում մրցանակների և բախտ չեն ունենում ճանաչվելու հանդիսատեսի կողմից:
Նա տեղեկացրեց, որ այս տարի կինոփառատոնի շրջանակներում՝ հուլիսի 16-ին, հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու իր ֆիլմերից մեկը՝ «Ճերմակ քաղաքը», որը պատմում է իր բնօրրան Ջավախքի մասին:
«Շնորհակալ եմ ձեզ բարեհաճ վերաբերմունքի համար, բայց ես նաև հիշում եմ այն տարիները, երբ շատ դաժան էին իմ հանդեպ և կինոգետները, և լրագրողները, երբ գեղխորհրդի 12 անդամները միաբերան հայտարարում էին, որ «Քամին ունայնությանը» ստորություն և հիմարություն է, որ ֆիլմ չէ»: Այդ ժամանակ ես ու Միքայել Ստամբոլցյանը նստում էինք կողք կողքի ու, իմանալով հանդերձ, որ այդ կարծիքները ճիշտ չեն, լուռ, խայտառակ վիճակում լսում էինք բոլոր քննադատությունները»,- վերհիշեց Հարություն Խաչատրյանը: Իսկ Միքայել Ստամբոլցյանը սփոփեց. «Եթե ռեժիսորը սպիներ չունի, ուրեմն ռեժիսոր չէ»:
Հարություն Խաչատրյանը իրազեկեց, որ Մոսկվայի կինոփառատոնը մեկ օր է նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Այլևս երբեք» ծրագրին: Ցուցադրվել է ութ ֆիլմ: Իհարկե, Թուրքիայի դեսպանատունն իրեն բնորոշ վարքագծով փորձել է խոչընդոտել այդ ֆիլմերի ցուցադրությանը, սակայն ջանքերն ապարդյուն են եղել. մեր ազգային ցավի թեմայով կինոպատումները ճեղքել են թուրքական դիվանագիտության պատնեշը և ծառացել օտարազգի հանդիսատեսի աչքերի առջև հերթական անգամ: Հարություն Խաչատրյանի հավաստմամբ` ցուցադրության ընթացքում զբաղված են եղել ոչ միայն կինոդահլիճի նստատեղերը, այլև աստիճանները, և կինոցուցադրությունները առիթ են տվել բազմաթիվ լուրջ հարցադրումների ու քննարկումների մոսկովյան հանդիսատեսի շրջանում:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ