«Չեմ կորցրել ֆիլմ նկարելու իմ ախորժակն ու ցանկությունը»
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում հարգանքի տուրք մատուցվեց հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանին՝ ծննդյան 60-ամյակի առիթով: Օրը մեկնարկեց Հարություն Խաչատրյանի մամլո ասուլիսով, որի ըթացքում նրան ներկայացրեց «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը: Վերջինս համառոտ պատմեց ռեժիսորի անցած ստեղծագործական և ոչ ստեղծագործական ուղու մասին: Հարություն Խաչատրյանը 1980-ականների կեսին կինո եկած ռեժիսորների սերնդից է, որոնց հայտնությունը եղել է շատ անսպասելի ու ունեցել նույնքան անսպասելի ընթացք հետագայում: Խաչատրյանը երկու ֆիլմ նկարելուց հետո առ ժամանակ հեռացել է կինոյից և զբաղվել վարչական աշխատանքով, ապա շինարարությամբ՝ ամայի տարածքում կառուցելով Վահագնի թաղամասը: Տասը տարի անց հաղթական վերադարձ է ունեցել կինո՝ նկարելով «Վավերագրողը» ֆիլմը, որն արժանացել է Կարլովի Վարիի կինոփառատոնի մրցանակին: «Սրան հաջորդեց մրցանակների մի այնպիսի շարան, որոնք այսօր դժվար է տեղավորել «Ոսկե ծիրանի» գրասենյակի իր աշխատասենյակում»,- ասաց Միքայել Ստամբոլցյանը:
Հարություն Խաչատրյանն իր խոսքն սկսեց խոստովանությամբ, որ ինքը նախորդ գիշերվա ընթացքում մտածել է բոլոր ձեռքբերումների և կորուստների մասին՝ գոհանալով, որ բարդ ու բեկումներով լի կյանքի ճանապարհին չի կորցրել իր ընտանիքը, ընկերներին: «Արվեստը շատ դաժան ու դառը բան է: Պետք է դավաճանես անընդհատ, որ կարողանաս առաջ գնալ: Շատ դժվար է չդավաճանել քո սկզբունքներին, քո ընտանիքին, քո ընկերներին և հասնել որևէ հաջողության: Արվեստը շատ հաճելի, բայց և շատ բարդ տարածք է, որի մեջ կարող ես կորցնել քո մարդկային հատկանիշները: Բայց փառք Աստծո, այսօր բոլոր ընկերներս ու ընտանիքս իմ կողքին են, և ես երջանիկ եմ դրանով»,- ասաց նա:
Հոբելյարը խոսեց Հայ առաքելական եկեղեցու շնորհած «Սբ. Սահակ - Սբ. Մեսրոպ» մեդալի պատճառած հաճելի ապրումների, իր ապագա կինոծրագրերի, փառատոնային գործունեության, աշխարհում տիրող մշակութային ցածր ճաշակի և այն փոխելու անհրաժեշտության մասին:
«Ամենակորևորն ինձ համար այն է, որ չեմ կորցրել ֆիլմ նկարելու իմ ախորժակն ու ցանկությունը: Չեմ կորցրել նաև երիտասարդներին օգնելու ցանկությունը»,- նշեց Խաչատրյանը:
Նա ավարտում է աշխատանքը «Անվերջ փախոիստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմի վրա, որը պատմում է ամերիկահայության կյանքի մասին:
Այն հայաստանյան հանդիսատեսին կներկայացվի աշնանը: «Ես ամեն անգամ վախով եմ ցուցադրում իմ ֆիլմերը Հայաստանում,- խոստովանեց ռեժիսորը:- Համարձակ դրանք տանում եմ արտասահման, ստանում տարբեր մրցանակներ, ներկայացվում բազմաթիվ հոդվածներում, հրապարակումներում: Բայց բերում եմ այդ ֆիլմերը Հայաստան և ներկայացնում վախով, ուզում եմ ասես համոզել, որ նկարածս այնքան էլ վատ ֆիլմ չէ: Իմ ֆիլմերի հետահայց ցուցադրությունները կազմակերպվել են տասնյակ երկրներում, բայց երբ մի անգամ փորձեցի դա անել Հայաստանում, մարդիկ զարմացան, չհասկացան, թե ինչու եմ դա անում»:
Եվ այդուհանդերձ, արվեստագետը նեղացած չէ, չի բողոքում, իրեն համարում է իսկապես երջանիկ մարդ ու երիտասարդներին էլ հորդորում է չընկճվել դժվարություններից ու մեծ համբերություն ունենալ ինչ-որ բանի հասնելու համար: Նա ինքն էլ ունի երիտասարդներին աջակցելու, նրանց մշակութային դաստիարակություն և կրթություն տալու մի ծրագիր, որով դիմել է Երևանի քաղաքապետարանին, բայց և վախենում է, որ իր առաջարկն ընդունվելուց հետո պիտի ստիպված լինի հաղթահարել ևս մեկ ծանր առաքելություն: Ի դեպ, այդ առաքելությունն իրագործելու հարցում նա նաև ապավինում է լրատվամիջոցների աջակցությանը:
Ռեժիսորն ունի չորս ֆիլմ նկարելու ծրագիր, որոնց շաքում կարևորում է Վահան Տերյանին նվիրվելիք ֆիլմը:
Միքայել Ստամբոլցյանը նկատեց. «Մենք շատ շահագրգռված ենք, որ Հարությունը ֆիլմեր նկարի, որովհետև այդ ֆիլմերն օգնում են փառատոնին, փառատոնը՝ ֆիլմերին»:
«Իրատեսը» հարցեց Հարություն Խաչատրյանին. «Ձեր «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարը պատմում է Հայաստանից հեռացած և ծանր ճակատագրի արժանացած, կործանված հայերի մասին: Բայց բազում են օրինակները, այդ թվում և «Ոսկե ծիրանին» հյուրընկալվող սփյուռքահայերի դեմքով, երբ հայերը դրսում կայանում են ու հասնում մեծ բարձունքների: Չկա՞ նպատակ այս մարդկանց կյանքը ևս դարձնել ֆիլմի նյութ հետագայում»:
Նա պատասխանեց. «Ես պատասխան չունեմ: Ես ունեմ միայն հարցեր: Բայց իմ լավ ընկերը՝ ամենահոջողված գործարարներից մեկը՝ Արսեն Աղաջանյանը, որն այսօր իմ հոբելյանի առթիվ ընդունելություն է կազմակերպել Սաղմոսավանքում, խոստովանում է, որ դրսում ամենահաջողվածները, ամենամեծ փողեր վաստակած մադրիկ ավելի դժբախ են, քան աղքատները: Օտարությունը մնում է օտարություն, որովհետև մենք չեն ծնվել դրսում, ծնվել ենք հայկական հողի վրա: Շատ դժվար է արմատներից պոկվելը և հեռանալը»:
Հարգանքի տուրքի արարողակարգը շարունակվեց «Մոսկվա» կինոթատրոնում: Այստեղ հոբելյարին շնորհավորցին և տարատեսակ պարգևների ու նվերների արժանացրին պետական գերատեսչությունները, ստեղծագործական կառույցներն ու անհատ անձինք: Հարություն Խաչատրյանը պարգևատրվեց ՀՀ Մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի», ՎիվաՍել.ՄՏՍ-ի հոբելյանական մեդալներով, Ազգային կինոակադեմիայի «Անահիտ աստվածուհի», Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Նուարդ թագուհի» արձանիկներով: Իրեն շնորհավորողներին նա նվիրեց իր ֆիլմերի նոր թողարկված հավաքածուն: «Սպիտակ քաղաքը» ֆիլմի ցուցադրությունը, որ ծրագրված էր նախօրոք, չկայացավ, որովհետև հոբելյարին տրամադրված ժամանակը սպառվել էր, և Կարմիր դահլիճում պիտի ցուցադրվեին հայ կինոյի մեկ այլ երախտավորի՝ Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը:
Ապա Սաղմոսավավքն էր, որից ճառագող ոգեղեն լիցքը, կարծում ենք, նոր ստեղծագործական մղումներ պիտի ծնի ֆիլմեր նկարելու և կինոփառատոն ղեկավարելու ևս տասնհինգ տարվա ծրագրեր կազմած Հարություն Խաչատրյանի համար:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ