Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սթափվեք, եթե չեք ուզում, որ ձեր ծնած հրեշը բոլորիս հոշոտի

Սթափվեք, եթե չեք ուզում, որ ձեր ծնած հրեշը բոլորիս հոշոտի
04.12.2015 | 01:26

Այո, հոշոտի, որովհետև նրանք նույնիսկ «սովորական սպանել» չգիտեն: Նրանք վիզ են կտրում, մարդուն տանկի տակ գցում, կենդանի-կենդանի այրում, կենդանի երեխային սպանված մոր հետ թաղում: Իրենց շուրջը վախ են սփռում, դրանով իսկ ազդում մարդկանց հոգեբանության վրա:
Միայն ԻՊ-ի հրեշներին իրենց որջում ոչնչացնելը կփրկի աշխարհը ժանտախտից: Այդ հրեշներին ոչնչացնելու համար նախ պետք է հստակ պարզել՝ ո՞վ ստեղծեց, զինեց Իսլամական պետություն կոչվող ահաբեկչական խմբավորումը: Ո՞վ է օգնում, ինչպե՞ս, ո՞վ է ֆինանսավորում նրանց: ԻՊ-ը նավթը վաճառում է Թուրքիային, նրանք էլ իրենց հերթին՝ այլ երկրների: Թուրքիան չտեսնելու է տալիս, թե ինչպես է ԻՊ-ը վաճառում արվեստի գործերը, գերիներին ազատելու համար փրկագին վերցնում: Նույնիսկ ահաբեկիչ չի անվանում նրանց: Ասում են, թե վիրավոր հրեշներին բուժում են Թուրքիայի հիվանդանոցներում, Թուրքիայի նախագահի որդին գրկախառնված լուսանկարվում է ԻՊ-ի պարագլուխների հետ: Միջազգային հանրությունը միլիարդավոր դոլարներ է խոստանում փախստականներին ապաստան տալու համար, իսկ փախստականների ճամբարներում ԶԼՄ-ներին թույլ չի տալիս նկարահանումներ անել։ Փախստականները ձգտում են մեկ օր շուտ դուրս գալ այդ ճամբարներից, գերադասում են խեղդվել Միջերկրական ծովում, միայն թե չմնան թուրքական ճամբարներում:
2015 թ. նոյեմբերի 13-ին, 15-ամսյա գերությունից հետո ազատագրվեց եզդիների բնօրրան Շանգալը: Հաղթեց կյանքը, հաղթեց բարին, հաղթեց քաղաքակիրթ աշխարհը, եզդին ապացուցեց, որ ինքն է իր կյանքի և ապահովության երաշխավորը:
Եզդիների պաշտպանության մարտիկները Շանգալ քաղաքի շրջակայքում հայտնաբերել են գերեզմանոցներ՝ հարյուրավոր մարդկանց մարմիններով: Բոլորին գնդակահարել և թաղել էին 2014 թ. օգոստոսին՝ Շանգալ քաղաքը գրավելու ժամանակ: Դա ահավոր ցավ է պատճառում, բայց մենք չենք թողնի, որ այդ ցավը սպանի մեզ: Մենք կոչնչացնենք բոլոր վայրագ հրեշներին և կազատագրենք մեր հայրենի ամեն մի թիզ հողը:
Բոլորս էլ դատապարտեցինք Փարիզի ահաբեկչությունը, մեր ցավակցությունն ու զորակցությունը հայտնեցինք բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին, բայց չէ՞ որ մենք՝ եզդիներս, այս էլ քանի տարի ապրում ենք այդ սարսափը: Տարիներ շարունակ մեր աչքերը մրմռացել են ցավից, ԻՊ-ի անդրօվկիանոսային «հայրիկները» նոր են միայն տեսնում, որովհետև մինչև իրենց հասնելն ընդամենը մեկ քայլ է մնացել: Բոլորը խոստանում են ոչնչացնել ԻՊ-ը, համատեղել դրանց ոչնչացման դեմ ուղղված ջանքերը: Մինչ օրս, սակայն, խոսում են միայն օրակարգի շրջանակներում, մինչդեռ վաղուց արդեն կտրուկ գործողությունների դիմելու ժամանակն է։ Ինչո՞ւ չեք վերացնում այդ չարիքը, թե՞ բաժանելու շատ բան կա դեռ: Երբ ասես, որտեղ ասես, ամենուր ահաբեկչություն է: Զգաստացե՛ք, մեր մոլորակը պատված է ահաբեկչական ցանցով:


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 1453

Մեկնաբանություններ